
Ինչով Հայաստանը կհատուցի Մայդանում Ռուսաստանի պարտության դիմաց
Այն պահին, երբ Վիկտոր Յանուկովիչը փախավ անհայտ ուղղությամբ և ԵՄ-ն հայտարարեց Ուկրաինայի նոր իշխանությունը ճանաչելու և այդ երկիրը սնանկացումից փրկելու համար 20մլրդ դոլար հատկացնելու պատրաստակամության մասին, Ռուսաստանը կորցրեց Ուկրաինան: Դա կարող է լինել ժամանակավոր կորուստ, որովհետև դժվար է հավատալ, որ Մոսկվան կբավարարվի միայն եղունգները նյարդային ձևով կրծոտելով, այն դեպքում, երբ իրական է դառնում նաև Ղրիմի նավատորմային հենակետը և Դնեպրից արևելք ընկած շրջանններում հզոր արդյունաբերական ռեսուրսը կորցնելու վտանգը: Այս անգամ Ռուսաստանին վիրավորել են չափազանց խորը և չափազանց ցավոտ: Իսկ ինչպես հայտնի է` վիրավոր առյուծը վտանգավոր է կրկնակի:
Առաջին հերթին՝ վիրավոր Ռուսաստանը վտանգավոր է նույնիսկ ոչ թե Ուկրաինայի համար, այլ բոլոր այն երկրների, որոնք գտնվում են նրա ավանդական ազդեցության ավազանում: Մոսկվայի առաջին քայլը կլինի այդ տարածքներում նոր ուկրաինաներ և նոր մայդաններ թույլ չտալը, իր ավարը վերջնականապես վերցնելը և, այսպես ասած, սեփականացնելը: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի վերքերը պետք է բուժվեն նաև ու գուցե առաջին հերթին այդ երկրների ինքնիշխանության ամբողջական կամ մասնակի կորուստների գնով:
Հետևաբար, պետք է սպասել, որ այն կարագացնի Եվրասիական միության ստեղծումը` Մաքսային միության բազայի հենքի վրա: Եվ Հայաստանը ստիպված կլինի ոչ թե կրկնապատկել, այլ եռապատկել ջանքերը դրան միանալու ուղղությամբ: Նրան շունչ քաշելու և այդ միությանը միանալու տնտեսական, քաղաքական շահավետության հարցը քննարկելու ժամանակ չեն տա: Արդյունքում Հայաստանը կբավարարի խոցված Կրեմլի քմահաճույքը` ընդամենը հույս փայփայելով, որ Մոսկվան չի հրաժարվի իրեն էժան գներով զենք և գազ վաճառել և անհրաժեշտ պահին կարգելի Ադրբեջանին հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա:
Մյուս կողմից, այն կարող է Հայաստանը վերջնականապես խեղդելու և Արևմուտքից կտրելու համար վերցնել այն ամենը, ինչ դեռ չեն հասցրել վերցնել ռուսական ընկերությունները Հայաստանի տնտեսության և ենթակառուցվածքային համակարգերում: Այս պահին Երևանն արդեն բանակցում է ռուսական «Ռոսնևթ»-ի հետ` Հայաստանում նավթի վերամշակման և, այսպես կոչված, նոր «Նաիրիտ» գործարան կառուցելու շուրջ, որի մասին նախագահ Սերժ Սարգսյանն ակնարկեց ԵԿՄ համագումարում ունեցած ելույթում: Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ այդ նախագծերը մոտ 500մլն դոլարի ներդրումներ են պահանջում ռուսական կողմից, և Կառավարությունը պետք է դիտարկի այն հարցը, թե ինչ պայմաններ պետք է ապահովվեն այդ ներդրումներն իրականացնելու համար:
Ինչ խոսք, լավ է, որ այս դեպքում խոսքը ներդրումների մասին է: Բայց նման խոստումներ Մոսկվան տասը տարի առաջ տալիս էր նաև «գույք պարտքի դիմաց» գործարքով իրեն հանձնվող 5 ստրատեգիական ձեռնարկությունների վերաբերյալ, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա: Մյուս կողմից, թե սովորաբար ինչ պայմաններ են պահանջում ռուսները Հայաստանից նման դեպքերում, արդեն գիտենք ռուս-հայկական գազային համաձայնագրերի օրինակով, որոնք վավերացվեցին ԱԺ-ում անցած տարեվերջին. դրանց դիմաց Հայաստանը պարզապես ռուսներին է հանձնում իր ինքնիշխանության մի մասը:
Գազային համաձայնագրերի պարագայում դա ուենցավ երկու առարկայական դրսևորում. նախ` Հայաստանը «Գազպրոմի»-ի առջև պարտավորություն ստանձնեց առաջիկա 30 տարվա ընթացքում չընդունել ընկերության շահերից չբխող որևէ օրենք, իրավական ակտ և նրա գործողությունները չվիճարկել դատական կարգով: Արդյունքում «Գազպրոմ»-ը արգելք դրեց էներգետիկ, մասնավորապես՝ գազային ոլորտում Հայաստանի խորհրդարանի` օրենսդրական սահմանադրական իրավունքի իրացման վրա կամ ուղղակի վերցրեց այդ իրավունքը: Երկրորդ` Հայաստանը «Գազպրոմ»-ին պարտքի դիմաց հանձնեց «Հայռուսգազարդ»-ի՝ Կառավարության ձեռքին մնացած 20 տոկոս բաժնետոմսերը: Արդյունքում այդ ընկերությունն այլևս հայկական չէ: Ու քանի որ այն դարձավ «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկություն, ստացվում է, որ մոնոպոլ իրավունքներ ունի գազամատակարարման ոլորտում և դրանով Հայաստանը սահմանափակեց այլ երկրներից առանց «Գազպրոմ»-ի համաձայնության այլընտրանքային գազ գնելու իր իրավունքը` միաժամանակ զրկվելով առհասարակ այդ մոնոպոլ ընկերությունում աուդիտ անցկացնելու, նրա որոշումների վրա թեկուզ նվազագույն չափով ազդելու բոլոր լծակներից, որոնք տալիս էին այդ 20 տոկոս բաժնեմասերը:
ԵԿՄ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանն այս կապակցությամբ շատ պարզ հայտարարեց. «Ինչ վերաբերում է 20 տոկոսին: Ինչո՞ւ են վաճառել, էժան են վաճառել և այլն: Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ էր տալիս այդ 20 տոկոսը: Եթե մենք՝ որպես պետություն, տարիների ընթացքում վաճառել ենք 80 տոկոսը, այսինքն՝ 80 տոկոսը կարելի էր վաճառել, 20-ը չէր կարելի՞ վաճառել»: Այսինքն՝ 20 տոկոս բաժնեմասը վաճառվել է, որովհետև վաճառված է եղել 80 տոկոսը: Հետևությունը շատ պարզ է, այն «ապրանքը», որի կեսից ավելին տրվել կամ վաճառվել է, կարելի է ու պետք է վաճառել ամբողջությամբ: Եթե շարժվում ենք այս տրամաբանությամբ, ապա պետք է պարզել` Հայաստանը Ռուսաստանի հետ նախորդ նմանատիպ գործարքների արդյունքում արդյոք իր անկախության կեսից պակա՞սն է հանձնել, թե՞ կեսից ավելին: Որովհետև եթե գործ ունենք երկրորդի հետ, ապա չի բացառվում, որ բարկացած, վիրավոր Ռուսաստանի նոր քմահաճույքները բավարարելու համար Հայաստանը որոշի «նաղդով» հանձնել ինքնիշխանության մնացած այդ մի փոքր մասի «բաժնետոմսերը»: Ինչ է` դրա մեծ մասը կարելի է կորցնել, մնացած փոքր մասը` ո՞չ...
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել