HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կկառուցվեն սպանդանոցներ. բակային մորթից աստիճանաբար պետք է հրաժարվել

«Սպանդանոցներ, եթե չկառուցենք` Ռուսաստանը եւ եվրոպական երկրները մեզանից միս չեն գնի»,- այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ գյուղնախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզպետարանում այսօր տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ: Այս տարի հանրապետությունում կկառուցվի հինգ նոր սպանդանոց, թե կոնկրետ որ մարզերում՝ նախարարը չմանրամասնեց, միայն շեշտեց, որ բակային մորթից աստիճանաբար ձերբազատվելու ծրագիր են մշակում:

«Մենք չենք կարող միանգամից այդ գործելակերպին վերջ տալ, հակառակ դեպքում մսի գինը շուկայում անմիջապես կբարձրանա,- բացատրեց նախարարը: Վերջինս տեղեկացրեց, որ գյուղացու եւ մսավաճառի միջեւ միջնորդ հանդես եկողը չի հարկվում, դրանով էլ պայմանավորված, մսի գինն այդքան էլ բարձր չէ վաճառքի կետերում: Սակայն սա չի նշանակում, որ սպանդանոցներ չեն կառուցվելու:

Սերգո Կարապետյանը համայնքների ղեկավարներին հայտնեց, որ 2014թ.-ի համար հանրապետություն է ներկրվել ֆոսֆորական եւ կալումիական պարարտանյութ: 1995թ.-ից հետո հայ գյուղացին հիմնականում հողը պարարտացրել է ազոտական պարարտանյութով, որը մասնագետների պնդմամբ, վնասակար նիտրատներով հողի հարստացման հիմնական աղբյուրն է: «Ֆոսֆորական եւ կալումիական պարարտանյութը գյուղացուն կհասնի պարկը 7 հազար դրամով, շուկայականից ցածր գնով»,- շեշտեց Սերգո Կարապետյանը:

Այս տարի եւս գյուղացիներին կտրվեն պետությունից սուբսիդավորվող վարկեր: Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը խնդրեց նախարարին վերանայել ապրիլ ամսին տրվող վարկերի գրաֆիկը: «Չգիտես ինչու, այնքան անհրաժեշտ այդ վարկը գյուղացին ստանում է ապրիլ ամսին, երբ իրականում արդեն կարիքը չի ունենում եւ հիմնականում ծախսում է ոչ գյուղատնտեսական նպատակներով,- բացատրեց Ազատանի համայնքապետը,- եթե հնարավոր է, այդ վարկերը տրամադրեք ավելի շուտ, որ գյուղացին էլ իր հոգսերը կարողանա ժամանակին հոգալ»:

Գյուղատնտեսության նախարարը խոսեց նաեւ անցած տարիներին ստեղծված կոոպերատիվների գրանցած դրական արդյունքներից՝ նշելով, որ գյուղատնտեսության վաղվա ապագան այդ միավորումներին է: «Անցած տարի 9 միավորում է ստեղծվել, այս տարի եւս 9-ը կստեղծենք: Պիտի աշխատենք լինել բոլոր համայնքներում եւ մարդկանց բացատրել կոոպերատիվների առավելությունը»,-հայտարարեց գյուղնախարարը:

Խոսելով անասնապահության զարգացման ընթացքից, նախարարը դժգոհեց, որ հայկական կովերը շատ քիչ կաթ են տալիս եւ արհեստական բեղմնավորման ծրագիրը, որ պատրաստվում է նախարարությունն իրականացնել այս տարի, միտված է լինելու կաթնատու եւ մսատու նոր ցեղատեսակների ստացմանը:

Գյուղապետերից որեւէ մեկը դեմ կամ կողմ չարտահայտվեց նախարարի այն հայտարարությանը, թե «այս տարի կովերի համատարած սերմնավորում են սկսելու», միայն Նոր Կյանքի համայնքապետ Արա Սուքիասյանը դիմելով Սերգո Կարապետյանին, հետաքրքրվեց, թե պետական կարիքների համար միսը ինչո՞ւ  ֆերմերներից չեն գնում, այլ` ներկրում են: Սերգո Կարապետյանը խոստացավ կարգավորել խնդիրը, որպեսզի, օրինակ, բանակի կարիքների համար միսը գնվի հիմնականում տեղական արտադրողից:

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը մարզխորհրդի նիստում անդրադարձավ մարզում նախատեսվող առաջիկա գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին եւ նախորդ տարի բաշխված սերմնացուի դիմաց մի շարք համայնքներում գումարների բաշխման ցածր ցուցանիշներից:

«2012թ.-ի աշնանը Շիրակի մարզին հատկացվել է 687 տոննա առաջին վերարտադրության ցորենի սերմնացու, որի ընդհանուր գումարը կազմում է 109,9 մլն դրամ: Այդ գումարից հավաքագրվել է 76,3 մլն դրամը,- ասաց Մովսես Մանուկյանը,-մարզի 17 համայնքներում գումարի ամբողջական հավաքագրում չի կատարվել: Նրանց թվում Այգաբաց, Մարմաշեն, Իսահակյան, Սպանդարյան, Զույգաղբյուր, Վարդաքար, Սարակապ, Հայկաձոր, Ձիթհանքով, Ողջի համայնքներում պարտքը տատանվում է 1-ից 3 մլն դրամի սահմաններում»: Մովսես Մանուկյանը համայնքապետերին զգուշացրեց, որ գյուղատնտեսության նախարարի 06.02.2014թ.-ի գրության համաձայն` մարզին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց վճարումներ չկատարած համայնքներին գարնանացան ցորենի սերմնացու չի տրամադրվի:

Մարզխորհրդի նիստում գյուղատնտեսության նախարարը Շիրակի մարզի 12 համայնքապետերի եւ ֆերմերների պարգեւատրեց շնորհակալագրերով: «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգեւատրվեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը եւ Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter