HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելացվում է զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը

Իր նախկին որոշումներից երկուսում կատարելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ՀՀ կառավարությունը բարձրացրել է զոհված զինծառայողների շուրջ 5 հազար 300 ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը` 10 հազար դրամի փոխարեն սահմանելով 30 հազար դրամ, որին լրացուցիչ կավելացվի յուրաքանչյուր երեխայի (շուրջ 1300 երեխա) համար 20 հազար դրամ։ Միաժամանակ 2011թ. սեպտեմբեր ամսից Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած շուրջ 4000 անձի տրվող դրամական պարգևի չափը կբարձրացվի 5000 դրամով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել այս որոշումը հանգամանորեն ներկայացնել զանգվածային լրատվական միջոցներին։ «Այս որոշմամբ մենք մեր սոցիալական քաղաքականությունը դարձնում ենք ավելի նպատակային և ավելացնում ենք այն վճարները, որոնք իրականացնելու ենք պետական բյուջեից, - հավելել է վարչապետը։ - Նաև պետք է հավաստիացնենք զոհված ազատամարտիկների ընտանիքներին, որ այս որոշման արդյունքում նրանք պետություն կողմից ստանալու են ավելի մեծ ֆինանսական օժանդակություն, ինչպես նաև պատերազմի մասնակիցները 5000 դրամով ավելի կստանան և պատերազմական գործողություններում հաշմանդամ դարձած անձինք նույնպես ֆինանսական օժանդակություն են ստանալու»։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ շենքերի (տարածքների), այդ թվում միասնական ընդունարանների տեղակայման առաջարկվող վայրերին։ Որոշմամբ առաջարկվում է սոցիալական ծառայություն տրամադրող կառույցները, ինչպես նաև նոր ստեղծվող միասնական ընդունարանները տեղակայել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում և շինություններում, ինչը կնպաստի ծառայությունների որակի բարելավմանը և արդյունավետության մեծացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ սա մեր սոցիալական բարեփոխումների կարևորագույն տարրերից է։ «Ներդնելով ինտեգրված սոցիալական ծառայության մատուցման ինստիտուտը, մենք էապես հեշտացնելու ենք մեր քաղաքացիների կյանքը, քանի որ նրանք պետությունից սոցիալական օժանդակություն ստանալու համար ստիպված չեն լինելու տարբեր գերատեսչություններ այցելել, - ասել է վարչապետը։ - Ավելին, ամբողջ տեղեկատվությունը կկուտակվի այդ կենտրոններում, և մենք ամբողջական պատկերացում կունենանք սոցիալապես անապահով ընտանիքների մասին, կկարողանանք տեղում որակյալ ծառայություն մատուցել նրանց։

Այլևս բյուրոկրատական քաշքշուկ չի լինի, կոռուպցիոն ռիսկերն էապես կնվազեն, և կունենանք միասնական տվյալների բազա նախարարությունում, որն էլ կլինի տվյալների բազայի ճշգրտումների իրականացման միակ իրավասու մարմինը, որպեսզի տարբեր չարաշահումներ չլինեն։ Սա բավական լուրջ բարեփոխման սկիզբ է»։ Երկու այլ որոշումներից մեկով գործադիրը սահմանել է «Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակական և արժութային սահմանափակումները», որոնց նպատակն է ակտիվների ներդրումների արդյունավետ դիվերսիֆիկացումը և ռիսկերի նվազեցումը, մյուսով` «ՀՀ կենսաթոշակային բարեփոխման ծրագրի» չափանիշները համապատասխանեցրել միջազգային լավագույն փորձին։

Կառավարության որոշմամբ հիմնվել է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ, որն զբաղվելու է բնակչության շրջանում կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման և հանրային կրթության մեծածավալ ծրագրի իրականացմամբ։ Դրա նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածության մակարդակը, ինչն իրականացվող բարեփոխման հաջողության գրավականն է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter