HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Ջհանգիրյանը պատրաստ է մարտի 1-ի գործով Եվրադատարանից հետ վերցնել իր բողոքը, եթե...

Պատգամավորները շարունակում են քննարկել «2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացրել են ՀԱԿ խմբակցության պատգամավորները:

Հիմնական զեկուցող ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, դիմելով պատգամավորներին, ասաց, որ  6 տարի է անցել դեպքերից, եւ որեւէ բան չի արվել այս գործով, մինչդեռ զոհվածների ծնողները, ազգականները սպասում են, թե երբ են պատասխանատվության ենթարկվելու մարդասպանները:

Հեղինե Բիշարյանը նշեց, որ, երբ տուժողներին եւ նրանց իրավահաջորդներին փոխհատուցում տալու հարց էր շրջանառվում, ինքը որպես մայր միացել է նախաձեռնությանը, սակայն հարցը հետաձգվել է, որպեսզի խորքային աշխատանք տարվի:

«Ես որպես մայր, պատգամավոր, ՀՀ քաղաքացի ուզում եմ, որ բացահահայտվեն, որովհետեւ ուզում եմ, որ իմ երեխաներն ապրեն օրինաց երկրում: Սա իմ առաջին կարգախոսն է»,- ասաց Հեղինե Բիշարյանը եւ ընդդիմադիր պատգամավորից հետաքրքրվեց, մինչեւ այս հարցով փաստաթուղթ կազմելը իրենք դիմե՞լ են գլխավոր դատախազություն:

Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ լավ է, որ պատգամավորը մտահոգված է զոհվածների ընտանիքներով եւ նշեց, որ օրինակ՝ Սարգիս Քլոյանը 63 տարեկան է, դրսում բեռնատար է վարում, որ բերի երկու փոքրիկ որբ երեխաների խնդիրները հոգա, կամ՝ զոհվածներից մեկի հարազատները մինչ օրս չեն կարողանում գերեզմանի բարեկարգման հարցերով զբաղվել եւ այլն:

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազությանը դիմելուն, Գ. Ջհանգիրյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Դիմենք՝ ի՞նչ անենք, ասենք՝ դատախազություն, դու վերանայի քո կայացրած որոշումնե՞րը: Ես մի անգամ այստեղից դիմել եմ, ասել եմ, որ 30-40 եվրոպական գործեր են գնացել մարտի 1-ի գործերով: Եթե դուք ասում եք՝ հայրենասեր ենք, այս ենք, այն ենք, մեկն էլ իմ գործով է բողոք գնացել: Դատավարական, նյութական նորմերի, Կոնվենցիայի կոպտագույն խախտումներն ուղղեք մեր դատական համակարգում, եւ անձամբ ես պատրաստ եմ իմ բողոքը հետ վերցնել Եվրոպական դատարանից»:

Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ապագայում՝ 30, 100 տարի, Հայաստանի անունը շրջանառվելու է այս գործերով, որովհետեւ Եվրադատարանի որոշումները որպես նախադեպ օգտագործվելու են նաեւ այլ գործերով, անկախ նրանից՝ դիմողները ՀՀ քաղաքացի են լինելու, թե այլ երկրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter