Պարը՝ հայ եւ թուրք երիտասարդների համերաշխության խորհրդանիշ
Յուլիա Գրիգորյան
Փետրվարի 25-ին Գյումրու սոցիալ-կրթական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ միջազգային հարաբերությունների զարգացմանը միտված «Ապրենք եւ պարենք միասին» ծրագրի շնորհանդեսը:
Այն իրականացվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հովանավորությամբ: Ծրագրի նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդների միջեւ երկխոսությունը խրախուսելն է: Երկու երկրների երիտասարդության շփումն աշխուժացնելու գաղափարը, ծրագրի համակարգող, ազգությամբ թուրք Զաքարիա Դունդարի խոսքով, ծագել է երկու տարի առաջ, երբ «Երիտասարդական խաղաղության դեսպան» ծրագրի շրջանակներում ծանոթացել եւ աշխատել է հայ աղջկա հետ:
«Պատմության բերումով երկու երկրներն ունեն հակասություններ, հայ եւ թուրք ազգի ներկայացուցիչներն ունեն միմյանց հետ չշփվելու կարծրատիպեր: Շփման եզրեր գտնելու ենք ազգային պարերի միջոցով, որովհետեւ մեր եւ ձեր պարերն իրար շատ նման են: Հետո պարի ընտրությունը կարեւոր էր նրանով, որ պարելու ընթացքում իրար ձեռք ենք բռնելու, ուս-ուսի ենք տալու, դա համերաշխության խորհրդանիշը կլինի»,- մեկնաբանում է Զ. Դունդարը:
Ծրագրին մասնակցելու համար Հայաստանից եւ Թուրքիայից կընտրվեն 18-30 տարեկան յոթական երիտասարդ: Ծրագրի անդամ Վարդուհի Բալյանի փոխանցմամբ՝ պարտադիր չէ, որ մասնակցության հայտ ներկայացնողները պրոֆեսիոնալ պարողներ լինեն, նրանք պիտի հետաքրքրված լինեն պարերով եւ այն հեշտ սովորելու կարողություն ունենան: 14 հոգանոց խմբին երկու երկրների պարուսույցները 6 օրվա ընթացքում կսովորեցնեն հայկական եւ թուրքական պարերի համադրական տարբերակները:
Ծրագիրը կմեկնարկի հունիսի սկզբին: Տասը օրվա ընթացքում մասնակիցներն ընդհանրական պարերով հանդես կգան Արեւմտյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի տարբեր քաղաքներում: Մշակութային երկխոսությունը կսկսվի Դիարբեքիրից, կհասնեն Մուշ, Կարս, Տիգրանակերտ, Վան, Բայազետ, ապա պարային ներկայացումները կցուցադրվեն Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Սեւանում, Դիլիջանում, Սիսիանում եւ Ստեփանակերտում:
Թուրք երիտասարդ Զաքարի Դունդարը «Հետքին» փոխանցեց, որ Հայաստանից շատ ընկերներ ունի, նրանց շնորհիվ ծանոթ է հայկական խմիչքներին եւ ճաշատեսակներին: Գիտի նաեւ հայ ազգի պատմությունը, գիտի 1915 թ.-ի Ցեղասպանության մասին: «Եղեռնի մասին գիտեմ, դրա համար եմ այստեղ: Ես՝ որպես անհատ, ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը, հակառակ դեպքում իմ արածն արժեք չի ունենա: Կարծում եմ, որ այս հարցը վերջնականապես պիտի լուծենք եւ փակ սահմաները բացենք, մանավանդ հաջորդ տարի լրանում է Եռեղնի 100-րդ տարելիցը: Մի քանի անգամ Անիում եմ եղել եւ, տեսնելով այդ ամենը, մեծ ցավ եմ ապրել: Նաեւ ցավ ես ապրում, որ սահմանն ես տեսնում եւ չես կարողանում անցնել»,- ասում է Զաքարիա Դունդարը:
Նա ասաց, որ հավատում է, թե աշխարհը մի օր կճանաչի հայոց ցեղասպանությունը: «Ցեղասպանությունը չընդունելը քաղաքական խաղ է եւ միայն Հայաստանի ու Թուրքիայի միջեւ չէ, այլ ավելի մեծ քաղաքական խաղ է, որին ես լավագույն եռանկյունի եմ կոչում՝ «Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան» Ռուսաստանի շրջանակներում եւ նրա անմիջական մասնակցությամբ: Երկու ազգերի միջեւ թշնամությունը հենց մենք պետք է լուծենք»,- վստահեցրեց Զաքարիա Դունդարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել