HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Ազգը» լույս կտեսնի որպես շաբաթաթերթ

2013 թ. տարեվերջյան՝ դեկտեմբերի 27-ի համարում հրապարակված ամանորյա շնորհավորանքի ուղերձում «Ազգ» օրաթերթի խմբագրությունը խոստացավ ընթերցողների հետ հանդիպել տոներից հետո` հունվարի 9-ին: Խմբագրակազմն այն ժամանակ չգիտեր, որ դեկտեմբերի 27-ի համարը պատմական է լինելու՝ թողարկվում է օրաթերթի վերջին համարը: Երկամսյա ընդմիջումից հետո՝ փետրվարի 28-ին, «Ազգն» ընթերցողին կներկայանա որպես 16-էջանոց վերլուծական շաբաթաթերթ: Մեր զրույցը «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ թերթի ընդհատված կենսագրության եւ լրատվադաշտում տեղի ունեցող վայրիվերումների մասին է:

-Պրն Ավետիքյան, հանրապետության երբեմնի ամենահեղինակավոր օրաթերթը 23 տարի հրատարակվելուց հետո արդեն երկու ամիս է՝ դադարեցրել է գործունեությունը: Ի՞նչ հանգամանքների արդյունքում ընդհատվեց սիրված օրաթերթերից մեկի հրատարակությունը:

-Խնդիրները ֆինանսական էին, մի իրավիճակ ստեղծվեց, երբ մեզ անհրաժեշտ էին ներդրումներ, բայց այն չունեցանք, նաեւ պարտքեր կուտակվեցին: Սա մի գործ է, որտեղ անընդհատ պիտի ներդրումներ լինեն, կապ չունի` դու 23 տարեկա՞ն ես, թե՞ 230 տարեկան: Մենք չկարողացանք պահպանել նաեւ «Ազգի» էլեկտրոնային կայքը, որ թողարկվում էր 5-6 լեզվով եւ մեծ հետաքրքրություն ուներ ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում, ահավոր մեծ գումարներ էր պահանջվում թարգմանական խումբը պահելու համար: Մյուս կողմից` աշխարհում տեղի ունեցող այն երեւույթը, որ տպագիր մամուլը հետզհետե ընթերցողներ է կորցում, չէր կարող շրջանցել Հայաստանը, եւ դա հարվածեց նաեւ մեզ: Եթե չես զարգանում, կնշանակի տեղքայլի մեջ ես:

Մյուս կողմից` շատ հուսահատական վիճակ է ստեղծվել շատերի ասելով` լրատվադաշտում, ես ասում եմ` լրատվաձորում. այստեղ անիշխանություն է տիրում, անկարգապահություն, արժեքների վերափոխումներ եւ այլն: Համացանցային հսկայական դաշտ է ստեղծվել, որտեղ նույն անիշխանությունն է, անկարգապահությունը, նաեւ` գողությունը: Մենք` խմբագիրներս ու լրագրողներս, նույնպես մեծ պատասխանատվություն ենք կրում այս ամենի համար եւ հանցավոր ենք, որ չկարողացանք այս ամբողջը նկատել, դրա դեմ ժամանակին աշխատել: Այսօր էլ ոչինչ չենք անում, բարձիթողի ենք մատնել: Ո'չ ընթերցող ենք պատրաստում, ո'չ ընթերցողներին ենք դաստիարակում, մինչդեռ ընթերցանությունը նույնպես դաստիարակվելու կարիք ունի: Մարդիկ կան, հատկապես նոր սերունդը, ովքեր անտեղյակ են այդ արժեքներին, եւ ո՞վ պետք է սովորեցնի այդ ամբողջը, եթե ոչ մենք: Այս բոլորը կուտակվեց եւ մեզ լռության մատնեց շուրջ երկու ամիս: Որպեսզի ինքնաքննադատությունը կատարյալ լինի, ասեմ, որ անձամբ ես եւ իմ գործընկերները մի բանի վրա չաշխատեցինք` ընթերցող չդաստիարակեցինք: Մեր լատվիացի գործընկերները` լրագրողները, խմբագիրները, գնում են դպրոցները եւ աշակերտներին սովորեցնում, թե ի՞նչ է մամուլը, ի՞նչ է խմբագրականը: Նպատակն այն է, որ պատրաստեն ապագա ընթերցողին, թերթը սպառողին:

Ինչ վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք այսքան տարի կոչված են այսպիսի աշխատանք տանելու եւ դրա դիմաց հսկայական դրամներ են ստանում միջազգային դոնորներից, իրականում զբաղված են տեխնիկական աշխատանք իրականացնելով` մոնիտորինգ կոչվածը, որն այսօր չափազանց հեշտ բան է: Կարող ես նստել եւ նայել, թե ով քանի անգամ ցուցադրեց այսինչ բանը, իսկ երբ կարեւոր պահ է գալիս, նրանք խոսում են, թելադրում են, կարծիք են արտահայտում, դատում են: Նրանց դոնորները չեն տեսնու՞մ դա, անշուշտ, տեսնում են: Ըստ երեւույթին, այն լուրերը, որ փողերի լվացում է կատարվում եւ այլն, ճշմարտության մաս ունեն:

-Հայտարարել եք «Ազգ» շաբաթաթերթի հրատարակության մասին, ինչո՞ւ որոշեցիք անցնել շաբաթաթերթի:

-Օրաթերթն առաջին հերթին ձեռնտու չէ գնային առումով` թերթը 100 դրամով է վաճառվում, որից 30 դրամն է մնում թերթին: 8500 օրինակից պակաս իրացումը որեւէ թերթի համար արդարացված չէ: «Ազգը» դիմանում էր, որովհետեւ ծանուցումները շատ էին, մրցույթների էինք մասնակցում եւ քանի որ լավ համարում ունեինք տարբեր գերատեսչություններում, մրցույթներում հաղթում էինք, եւ մեր եկամուտների 70%-ը եւ ավելին կազմում էին ծանուցումներից ստացված միջոցները: Հեռուստատեսությունը խլում է հիմնական գովազդները, եթե, իհարկե, կան: Թերթերից ավելի էժան է նրանց մոտ գովազդը: Շաբաթաթերթը նվազ ծախսեր է պահանջում, թերթը կհրատարակվի 16 էջով, լույս կտեսնի ամեն ուրբաթ: Շաբաթական 4-էջանոց մշակութային ներդիր կհրապարակենք, որը փնտրված էր հավելյալ 300 ընթերցողի կողմից:  

-Ինտելեկտուալ աշխատանքի արժեքը 30 դրա՞մ է:

-Այո, եւ եթե նկատի ունենանք, որ Հայաստանում այսօր մոտավոր հաշվարկներով 10 հազար ընթերցող է մնացել, իսկ միայն մայրաքաղաքում 12 օրաթերթ է հրատարակվում, արդեն պարզ կդառնա, թե յուրաքանչյուր թերթին քանի ընթերցող է բաժին ընկնում, որոնք նաեւ, եթե հնարավորություն եւ ընթերցելու սեր ունեն, էլեկտրոնայինն են ընթերցում: Մյուսը` Հայաստանում ինֆորմացիան անվճար է, մարդիկ չեն հասկանում, որ դրա վրա աշխատանք է կատարվում` լուրը հավաքելը, ստուգելը, վերստուգելը, այդ բոլորը ժամանակ եւ հմտություններ է պահանջում, որը գնահատված չէ: Տպագիր մամուլը ձեռքի աշխատանք է եւ ավելի բարձր արժեք ունի, այն ավելի խորն է թափանցում խնդիրների մեջ: Մի բան է, որ նյութը հրապարակվել է էլեկտրոնային մամուլում, մեկ այլ բան է, որ այն տպագիր մամուլում է հրապարակվում, տպագիրը չի թողնում, որ ամեն աղբ թափանցի այնտեղ:

Մինչեւ տնտեսական ճգնաժամը մեզ մոտ մոտ 30 անուն ամսագիր էր հրատարակվում, դրանցից ոմանք դեռեւս մնում են եւ հրատարակվում են էքստրալյուքս թղթով, որը, սակայն, փոստ չի գնում: Նույնիսկ միջազգային ամսագրեր կան, որոնց հայերեն տարբերակներն են հրատարակվում այստեղ 1000 օրինակով, սակայն հազիվ 200 օրինակն են վերցնում տպարանից, մնացյալը մնում է պահեստում, որովհետեւ իրենց պետք չի: Դա ներկայացնում են գովազդատուներին, սա կոմերցիա է, խաբեություն, որը ոչ մի կերպ արդարացված չէ: Սրանց չես կարող կոչել լրատվամիջոց, մեր շրջապատում գոյության իրավունք չունեն դրանք: Ահա այսպիսի իրավիճակ է ստեղծվել, որ շուկա կոչվածը հարվածում է ամեն կողմից: Միայն մի փաստ նշեմ. մինչեւ 2014թ. սկիզբը մեր թերթերը պահպանում են 1994թ. հաստատված 100 դրամ արժեքը, այսինքն՝ բոլոր ապրանքների արժեքը տասնյակներով ավելացել է, մինչդեռ թերթի արժեքը 20 տարվա ընթացքում չի փոխվել: Շուկա չկա, եթե շուկա լիներ, ուրեմն բոլորս պետք է սնանկանայինք կամ մեկ ուրիշը, որ հզոր է, պետք է կուլ տար մյուսին: Ոչ մի նման բան տեղի չունեցավ մեր երկրում, եւ այս առումով մենք դժվարության մատնվեցինք:

-Առհասարակ բաժանորդ հասկացությունը կա՞ հիմա, «Ազգը» վերջին տարիներին ունե՞ր բաժանորդ:

-Բաժանորդները մեծ թիվ չեն, բայց շատեւշատ կարեւոր են, դրանք մեծամասամբ գրասենյակներ են, որը կնշանակի 6-7 մարդ է կարդում յուրաքանչյուր համարը: Կան ընտանիքներ, որոնք ընթերցասեր են: Բաժանորդագրվում են այն մարդիկ, որոնք շատ հավատարիմ են: Այն մարդիկ, որոնք փող են տալիս ինֆորմացիա ստանալու համար, որակյալ ընթերցող են եւ իրենց հետեւից տանում են ուրիշներին: Ընթերցողների այս պարագայում Հայաստանում 3-4 օրաթերթը լիուլի բավարար է:

-Ինձ բախտ է վիճակվել աշխատել «Ազգում» այն շրջանում, որը ես անվանում եմ մամուլի ոսկե շրջան, եւ այս շրջանում «Ազգն» ուներ ընթերցողների բավականին լայն շրջանակ, ովքեր քաղաքի մի ծայրից խմբագրություն էին գալիս եւ խնդրում թերթի օրինակը, որը չէին կարողացել ձեռք բերել կրպակներից: Նոր սերնդի լրագրողներին հաճախակի եմ պատմում այդ մասին, որպեսզի պատկերացնեն, թե որն է իսկական լրատվամիջոցը, որն այսօրվա տերմինաբանությամբ «like»-ով են գնահատում: Վերջին տարիներին եղե՞լ է նման բան, որ մեկը  խմբագրություն գար եւ օրվա համարը խնդրեր:

-Քո ասածն, իսկապես, մեր ոսկե դարն էր, շատ հաճելի ստեղծագործական պրոցեսի մեջ գտնվել ամեն օր եւ ամեն ժամ եւ եթե հաջողվում էր ճշմարտությունը բացահայտել, քեզ ինքնավստահ էիր զգում: Ոմանք գնահատում էին մեր աշխատանքը, ուրիշները վախենում էին դրանից: Հիմա ոչ ոք մամուլից չի վախենում:

-Մե՞նք ենք կորցրել լծակը:

-Այո, մենք ենք կորցրել, իրենք ոչինչ չեն կորցրել: Գոյատեւում ես` գոյատեւիր.. Հիմա, իհարկե, մենք այդ չափով ցավողներ չունենք, բայց այս օրերին ինձ համար հայտնաբերեցի մարդկանց, ովքեր ընտանիքով եկան, ափսոսանք հայտնեցին, զանգեցին, փողոցում հանդիպեցին, հետաքրքրվեցին: Դա նաեւ խթան եղավ, որ համենայնդեպս տպագիր «Ազգը» պահենք, ոչ միայն էլեկտրոնայինը շարունակենք: Ինչքան կտեւի սա` չգիտեմ:

-«Ազգի» փակվելու հիմքում նյութական խնդիրներն են եղել, եւ թերթի բաժնետերերը քննադատվեցին թերթին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելու համար: Նյութական ինչպիսի՞ իրավիճակում եք սկսում շաբաթաթերթի հրատարակումը:

-Բաժնետերերի նիստ գումարեցինք, եւ չնայած բաժնետերերից ոմանք համաձայն չեն շաբաթաթերթի անցնելուն եւ ցանկանում են «Ազգը» օրաթերթ տեսնել, բայց ես կարծում եմ, որ այն իրատեսական չէ: Բաժնետերերը, որոնց մեջ նաեւ ես եմ, պետք է ներդրումներ կատարեն, իսկ մեր գլխավոր բաժնետերը (եթե կարելի է այդպես ասել)` Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, խոստացել է կանոնավոր ներդրումներ կատարել: Նաեւ երկու գովազդային պայմանագիր եմ կնքել Մոսկվայի հայ գործարարների հետ` բավականին մեծ գումարների շուրջ: Մեր հույսը նրանք են եւ պիտի աշխատենք ներդրումների շրջանակն ընդարձակել, որպեսզի գոյատեւենք:

-Ինձ նույնպես շատերն ափսոսանքով հարցրել են, թե ինչո՞ւ այդպես եղավ, «Ազգը» մշակութային արժեք էր մեզ համար: Ի՞նչ եք կարծում, այն նպատակը, որ դրել եք ձեր առջեւ` «Ազգը» շարունակել իբրեւ շաբաթաթերթ, հնարավոր համարո՞ւմ եք առկա պոտենցիալով, որովհետեւ «Ազգի» համար «ոսկե շրջանը» կերտել էին նաեւ այն լրագրողները, որոնց ստորագրությանը սպասում էր ընթերցողը: «Ազգը» մյուս թերթերի նկատմամբ ուներ եւս մեկ առավելություն` թերթի շուրջ որպես հեղինակ համախմբված էր մտավորականների մի լավագույն սերունդ, որն, ըստ էության, հետո ես չտեսա որեւէ թերթում:

-Անշուշտ, թիմ էր հավաքվել, եւ այդ թիմը կարողանում էր տանել թերթը: Ես մեր հիմնական ուժը տեսնում եմ վերլուծական բնույթի նյութերում` մեր հեղինակները ավելի շատ վերլուծելու են հակված, այդ իմաստով ես տկարություն չեմ զգում: Անիմաստ է ինֆորմացիայի հետեւից գնալ, երբ ունես մի դանդաղաշարժ մեքենա, որը թերթ է կոչվում: Լրագրողներիս պարտականություններից մեկն էլ հենց այդ է` նշանակալիցը դարձնել հետաքրքրական: Մենք այսօր էլ ունենք վերլուծաբաններ եւ՛ Հայաստանից, եւ՛ Ստեփանակերտից, եւ՛ Սփյուռքից: Մեր առավելությունը մյուս լրատվամիջոցների նկատմամբ Սփյուռքն է, այնտեղ նույնպես հայկական կյանք կա, մտահոգություններ կան, որով լրջորեն չենք զբաղվում: Սփյուռքում լավ մտավորականություն կա, որոնց հայաստանցի ընթերցողն էլ պետք է ծանոթանա, սփյուռքահայ կյանքի արտացոլումը մեր մամուլում, նաեւ մեր թերթում շատ կազմակերպված չէ, բայց դրսում ապրող լրագրողներ կան, որոնք ապրում են այս ամենով եւ պատրաստակամ են մատուցելու իրենց տեսանկյունից կարեւորը: Ես կուզենայի Ռուսաստանի մեծ համայնքներ ունեցող քաղաքներից թղթակցություն ունենալ, որտեղ հավաքական կյանք կա, ներկայացնել մեր եկեղեցական կյանքը արտասահմանում, բայց միայն Վրաստանի հայոց թեմն է կանոնավոր թղթակցություն ուղարկում, մնացյալ թեմերն իրենց քարոզչությամբ են զբաղված:

-Ինտերնետի ներխուժումն, իհարկե, հարվածեց ամբողջ աշխարհի տպագիր մամուլին, ամենահեղինակավոր թերթերի ծավալներն անգամ նվազեցին, եւ այդ հարցը մտահոգեց այդ երկրների իշխանություններին: Նրանք սկսեցին ներդրումներ անել, որպեսզի տպագիր մամուլը միանգամից չոչնչանա՝ այն գնահատելով որպես իրենց երկրի մշակութային բաղադրչիներից մեկը եւ որոշ քայլեր ձեռնարկեցին այդ արժեքը պահպանելու ուղղությամբ` սուբսիդավորումից բացի նաեւ բնակչությանը կոչ արեցին գնել թերթերը: Այս երկու ամիսներին, երբ «Ազգը» չտպագրվեց, կառավարական շրջանակներից որեւէ անհանգստություն կամ աջակցություն դրսեւորվե՞ց, ափսոսանք գոնե հայտնեցի՞ն, որ լավագույն պատմություն կերտած լրատվամիջոցն են կորցնում:

-Ցավոտ տեղին մատդ դրեցիր: Ոչ մի հետաքրքրություն, բացառություն էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով հրավիրեց իր մոտ եւ հետաքրքրվեց, թե որն է խնդիրը: Մենք մեկ ժամից ավելի զրուցեցինք ոչ միայն մեր թերթի, այլ ընդհանրապես մամուլի վիճակի, շուկա կոչվածի մասին, այս ասպարեզում համաշխարհային դրսեւորումների եւ այլնի մասին: Ես զգացված եմ, որ մեկը եղավ     հանձինս` Վ. Սարգսյանի, ով հետաքրքրվեց մեր թերթով: Եվրոպական երկրները մամուլի լավ ավանդույթներ ունեն` Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան: Հիշեցնեմ, որ օլիմպիական խաղերի բացման ժամանակ 10 րոպե Լոնդոնը ցույց տվեցին, որտեղ ամեն ինչը թերթով էր ներկայացվում: Ինչի՞ համար էր դա, որպեսզի ցույց տան, որ քաղաքակիրթ, թերթային քաղաք է, որտեղ առանց մամուլի քաղաքային կյանք չես կարող պատկերացնել: Քաղաքացիական հասարակություն ստեղծելուն է ձգտում մամուլը, իսկ մենք բավականին հեռու ենք այդ ամենից: Այսօր յուրաքանչյուր ոք՝ մի քիչ կիսագրագետ կամ անգրագետ, իրեն համարում է ժուռնալիստ, ընթերցողը, ոչ ընթերցողը դարձել են լրագրող, նույնիսկ խմբագիր՝ չունենալով մի կարեւոր բան` պատասխանատվություն: Ես գործընկերներ ունեմ, որոնք կարող են ծիծաղել իմ այս արտահայտության վրա, բայց շեշտում եմ` պատասխանատվություն քաղաքացու հանդեպ: Միայն այդ պայմաններում է, որ քաղաքացիական հասարակությունը կարող է ձեւավորվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter