Կապանի փլուզված դպրոցի փոխարեն նորը կկառուցվի
Վերաբաշխում կատարելով 2011 թ. պետբյուջեում, լրացումներ և փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունը որոշել է վթարավտանգ վիճակում գտնվող Կապանի N 2 ավագ դպրոցի փոխարեն, որը ենթակա է քանդման, մեկ այլ ընտրված տարածքում կառուցել համանման` մոտավորապես 1350 քմ մակերեսով նոր դպրոց։ 1960-ական թթ. կառուցված շենքի մի մասը վերջերս փլուզվել է, շինությունը դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի։
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, լրացումներ և փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում և համապատասխան ֆինանսական միջոցներ տրամադրել Արարատի մարզի Վարդաշենի դպրոցի շինարարությանը։ Քանի որ դպրոցի ուսումնական մասնաշենքի տեխնիկական վիճակը գնահատվել է վթարային, անհրաժեշտություն է առաջացել մինչև առաջիկա ուսումնական տարվա սկիզբը շահագործման հանձնել նոր կառուցվող դպրոցի մի մասը` այն բավարար մակարդակի հասցնելու պայմանով։ Նույն ընթացակարգով ընդունված մեկ այլ որոշման համաձայն հիմնանորոգվելու է Երևանի Հովհ. Շիրազի անվան N 169 դպրոցը, կառուցվելու է կաթսայատուն։ Գործադիրը հաստատել է նաև Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի նոր դպրոցի կառուցման աշխատանքի ձեռքբերման մրցույթի արդյունքը` 1 մլրդ 980 մլն 492 հազար 175 դրամ պայմանագրային արժեքով մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրով «Ախուրյանի Կոոպշին», «Մ և ԱԱ», «Ռուսլան Համբարյան» ՍՊ, «Անդրեաս և ընկերներ» ՓԲ ընկերությունները։
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որով նախատեսվում է շինարարական (վերակառուցման, հիմնանորոգման, ուժեղացման) աշխատանքի կատարողական փաստաթղթերի կազմմանը մասնակից դարձնել նաև տվյալ օբյեկտը շահագործող կազմակերպության ներկայացուցչին։ Շահագրգիռ անձի ներկայությունը լրացուցիչ հնարավորություն է տալիս ապահովելու պատշաճ հսկողություն, ինչը կնպաստի կատարվելիք շիննորոգման աշխատանքի որակի բարձրացմանը։ Հաջորդ որոշմամբ շահագործող կազմակերպության ներկայացուցիչը հնարավորություն է ստանում մասնակցելու նախագծանախահաշվային ճարտարապետաշինարարական փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնման առարկայի բնութագրերի կազմմանը։ Որոշումը նաև նպատակ ունի մեծացնել գնահատող հանձնաժողովների պատասխանատվությունը, կարգավորել գնման հայտերի մերժմանը հաջորդող գործընթացը։
Կառավարության ընդունած մեկ այլ որոշում միտված է քաղաքաշինության ոլորտի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախկին որոշման պահանջների կատարմանը, այն է` տեխնիկական պայմանների տրամադրման ժամկետների տարբերակմանն ըստ նախատեսվող շինօբյեկտների ռիսկայնության աստիճանի։ Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և կառուցապատման ընթացակարգերի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվության ապահովման նպատակով 500-ական օրինակ տպաքանակով հրատարակվելու են «Կառուցապատողի ուղեցույցը» և միասնական ճարտարապետական լուծումներով միջավայրի ձևավորմանն ուղղված կատալոգը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել