
Հղիներին գնդակահարենք, որ կոռուպցիա չլինի՞
Այսօր հայտնի դարձավ, որ առողջապահության ոլորտում մարտի 1-ից մի շարք ծառայություններ, որոնք այժմ անվճար են, կդառնան վճարովի:
Այդ թվին են պատկանում պոլիկլինիկաներում այժմ իրականացվող անվճար բուժզննումները և հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումները:
Եվ եթե պոլիկլինիկաներում հետազոտություններն ու անալիզները կարժենան 500-ից 1000 դրամ, ինչն այդքան էլ մեծ գումար չէ, ապա հղիները հիվանդանոցային բուժման յուրաքանչյուր օրվա համար ստիպված կլինեն վճարել օրական 5000 դրամ:
Այսինքն, եթե Հայաստանում աղքատության շեմից ներքև գտնվող և ամսական, ասենք, 50-60 հազար դրամ եկամուտով ընտանիքից հղի կինը ունենում է բարդություններ, որոնց բուժման համար նա ստիպված կլինի 10 օր պառկել հիվանդանոցում, ապա այդ բուժման վրա ընտանիքը պիտի ծախսի ամբողջ ամսվա եկամուտը… Իսկ ընտանիքի անդամները, հղի կնոջ հետ միասին, այդ ամիս կսնվեն օդով:
Պետական իմպոտենցիա
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պնդում է, որ 5000 դրամանոց համավճարով մտադիր է պայքարել կոռուպցիայի դեմ` բերելով դրա դեմ պայքարում իր «անօգնական լինելու» մասին վկայող օրինակներ:
Դժվար է ասել, թե որքանով է Դերենիկ Դումանյանը ազնիվ իր այդ պնդման մեջ, սակայն եկեք համաձայնվենք, որ եթե նախարարը պնդում է, որ չի կարողանում պայքարել կոռուպցիայի դեմ, ապա նա պարտավոր է իր տեղը զիջել այնպիսի մեկին, ով կկարողանա անել դա:
Այդ ինչպե՞ս եղավ, որ աշխարհի բազմաթիվ երկրներ կարողացան առանց հիվանդներին վնաս տալու պայքարել առողջապահական կոռուպցիայի դեմ, իսկ Հայաստանում դա չի ստացվում:
Հայտնի անեկդոտն ասում է, որ սովածների ու գործազուրկների խնդրի լուծումը պարզ է՝ հարկավոր է, որ սովածները ուտեն գործազուրկներին: ՀՀ կառավարությունը, ըստ ամենայնի, այդ անեկդոտը լուրջ է ընդունել:
Սակայն պարոն Դումանյանը երևի չգիտի, որ բոլոր հղիներին գնդակահարելու դեպքում հղիների, նորածինների, ծննդատների և մի շարք այլ ոլորտների կոռուպցիան ի սպառ կվերանա: Կամ, ինչպես կասեր դասականը, “Нет человека, нет проблемы”.
Եվ սա առաջին դեպքը չէ: Այսպիսով, ճշգրիտ նույն պատճառաբանությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ իրականացնում է գործողություններ, որոնք առավել նման են ռեկետի: Որևէ կերպ չէր տարբերվում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի բացատրությունը 2010 թվականին մագիստրոսական և ասպիրանտական տեղերի կրճատման շուրջ քննարկումների ժամանակ: Նման օրինակները շատ են:
Ու որքան էլ այս տրագիկ կոմեդիան չթվա անիրական, այն արդեն դարձել է մեր պետական մարմինների աշխատանքի առօրյան:
Վերադառնալով հղիներին
Գաղտնիք չէ, որ մեր երկիրն ունի դեմոգրաֆիական խնդիրներ, որոնց հիմքերից մեկն էլ` ընտանիքների կողմից երեխա ծննդաբերելու և մեծացնելու թանկարժեք լինելն է :
Գործատուները չեն հարգում հղիների իրավունքները, նոր ծննդաբերածներին հաճախ չեն տրամադրում ֆիզարձակուրդ: Կառավարությունը տարիներ առաջ պակասեցրեց վերջիններիս աշխատավարձի փոխհատուցման չափը: Հետո գալիս են գերծանրաբեռնված մանկապարտեզները, դպրոցի հետ կապված ծախսերը… Եվ այս ամենը ժողովրդի ծանր սոցիալական վիճակի պայմաններում:
Սակայն այդ ամենով հանդերձ գոնե կային բժշկական որոշ ծառայություններ, որոնք անվճար էին հղիների համար: Ու թեև հիվանդանոցներում համարյա բոլորը «տակից» փող են ուզում, գոնե հիմնական ծախսերը պետությունը իր վրա էր վերցրել՝ դրանով իսկ հղիներին հնարավորություն տալով առողջ երեխա ծննդաբերել:
Մյուս կողմից, երիտասարդ ընտանիքները երեխա պլանավորելուց առաջ հաշվի էին առնում, որ մոր մոտ բարդություններ առաջանալու դեպքում բուժումն անվճար կլինի:
Սակայն նախարար Դումանյանը որոշեց «պայքարել կոռուպցիայի դեմ» և բարդություններով հղիներից «փող պոկել», ինչի հետևանքով ընտանիքներում երեխա պլանավորելու մոտիվացիան կպակասի, իսկ բարդություններով հղիների մի մասը բուժօգնության չի դիմի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել