HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հնաբերդի դպրոցում կրքերը չեն հանդարտվում. այս անգամ տնօրեն են ընտրում

Արարատի մարզի «Հնաբերդի  միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում երեկ տնօրենի մրցույթ էր հայտարարված, սակայն չկայացավ: Մրցույթի տապալման հարցում «ներդրում» ունի Արարատի մարզպետարանը: Հավակնորդները երկուսն են՝ նախկին տնօրեն Անժելա Մեջլումյանը եւ հարեւան Այգեստան համայնքի բնակիչ, դեկտեմբերի վերջից Հնաբերդի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարսիկ Եղիազարյանը:

Դեռեւս նախորդ տարվանից այս դպրոցի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում, ինչի պատճառը դպրոցի տնօրեն Անժելա Մեջլումյանին տնօրենի պաշտոնից հեռացնելն ու հարեւան գյուղի ուսուցչուհուն դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելն է: Ուսուցիչները նույնիսկ դիմել են ծայրահեղ քայլի՝ դեկտեմբերի վերջին գործադուլ են արել, սակայն ապարդյուն:

Դպրոցի կառավարման խորհուրդը երեկ տնօրեն ընտրելով՝ վերջապես պետք է հարցին լուծում տար, սակայն անդամներից եկել էին միայն խորհրդի նախագահը՝ Զավեն Մեջլումյանը, ով հավակնորդուհիներից Անժելա Մեջլումյանի ամուսինն է, եւ խորհրդի անդամներից դպրոցի ուսմասվար Լազեր Մկրտչյանը: Զավեն Մեջլումյանն ասաց, որ հանձնաժողովների անդամների հետ նախապես խոսել էր, մոտավոր պատկերն իրեն պարզ էր եւ գիտեր, որ նրանք չեն ներկայանալու, որպեսզի ընտրությունը տապալվի: Նա որպես օրինակ նշեց խորհրդի անդամ երկու ուսուցիչների, որոնք հանկարծակի հիվանդացել էին:

Հնաբերդի դպրոցի կառավարման խորհուրդն ունի 8 անդամ, որոնցից 2-ը մարզպետարանի ներկայացուցիչներն են, մեկական ներկայացուցիչ ԿԳՆ-ից եւ համայնքապետարանից, երկուսն էլ ուսուցիչներ են, որոնցից մեկը ներկայացնում է ծնողկոմիտեն:

Ընտրությունը պետք է կայանար ժամը 16-ին: Հավակնորդները, հանձնաժողովի երկու անդամները, ԿԳՆ ներկայացուցիչ Լիլիա Բալասանյանը եւ «Հետքի» լրագրողը մինչեւ նշված ժամը սպասում էին տնօրենի աշխատասենյակում, որպեսզի հավաքվեն հանձնաժողովի մյուս անդամները, սակայն այդպես էլ նրանք չեկան, եւ տնօրենի ընտրությունը հետաձգվեց հինգ օրով:

Տնօրենի պաշտոնի հավակնորդ Անժելա Մեջլումյանի համար եւս անակնկալ չէր ընտրության տապալումը: Նա պատմեց իրեն տնօրենի պաշտոնից ազատելու նպատակով Արարատի նախկին փոխմարզպետի կողմից դպրոցում ստեղծած լարվածության մասին:

Ըստ Անժելա Մեջլումյանի՝ ինքը 1994թ.-ից աշխատում է Հնաբերդի դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: 2006-ին ընտրվել է տնօրենի պաշտոնում եւ աշխատել է մինչեւ 2013թ. դեկտեմբերի 19-ը:

«Հին մասնաշենք ունենք, որը գտնվում է դպրոցից մոտ 400 մետր հեռավորության վրա: Այն դարձրել ենք նախակրթարան: Այնտեղ փոքր հողատարածքի վրա ծիրանի ծառեր կային: Կազմակերպված ձեւով անցյալ տարի այդ ծիրանի ծառերից 3 հատը աշխատանքային ժամից հետո կտրեցին: Հետո զանգեցին ինձ, թե նախակրթարանի բակում ծառ են կտրել: Այդ ժամանակ Երեւանում էի, հետ եմ եկել, տեսել եմ ծառերը կտրված են: Արդեն բողոքել էին: Եկել էր համայնքապետը, Արարատի փոխմարզպետ Սամվել Մինասյանը, որին օրեր առաջ նույնպես աշխատանքից ազատել են: Ստեղծվել է հանձնաժողով, ուսումնասիրել են եւ պարզել, որ վնասը 40.000 դրամից մի փոքր ավել է, ինչն ամբողջությամբ ծառ կտրողը փոխհատուցել է եւ գումարը փոխանցել դպրոցի հաշվին»,- ասում է Ա. Մեջլումյանը:

Ըստ նրա՝ ծառեր կտրողը իրենց համագյուղացի Մեսրոպ Ավագյանն է եղել: «Չգիտեմ, թե փոխմարզպետն ու գյուղապետը ինչ են ասել նրան, որ նա էլ եկել ծառը կտրել է: Նրանց ներկայությամբ եմ հարցրել՝ ես քեզ թույլ տվե՞լ եմ, որ ծառը կտրես, ասում է՝ ոչ, եթե ոչ, ինչո՞ւ ես կտրել, ասում է՝ գյուղը դրուժբա է եկել, որոշել եմ կտրել, տանել վառել, քանի որ գրեթե չորացել էին»:

Դեպքից 20 օր անց մարզպետարանի կողմից դպրոցում աուդիտորական ստուգում է իրականացվել: Անժելա Մեջլումյանն ասում է, որ ոչ մի խախտում չեն հայտնաբերել: Նա նկատել է, որ ստուգումներից մեկ շաբաթ անց աուդիտի պետը ուշ ժամի եկել է Հնաբերդի համայնքապետ Մարատ Պողոսյանի տուն եւ հարցազրույց է ունեցել գյուղապետի բարեկամ 5 ծնողների հետ: Հաջորդ օրն իրեն կանչել են մարզպետարան:

Անժելա Մեջլումյանն ասաց, որ դպրոցում անվճար սնունդ է տրվում նախակրթարանի եւ տարրական դասարանի երեխաներին, ծնողներից ամսական եւս 1000-ական դրամ է հավաքվում հավելյալ սննդի համար: Նրա խոսքերով՝ դպրոցում ժողով են արել եւ այդ հարցով զբաղվել են ծնողկոմիտեի նախագահը, խոհարարը, տնտեսվարը: Դպրոցի տնօրենն ընդամենը վերահսկել է եւ գումար հավաքելու, գումարը տնօրինելու հետ բացարձակ կապ չի ունեցել:

«Կա ժողովի արձանագրություն, եւ ծնողները դրանից քաջատեղյակ են: Աուդիտի պետն ինձ ցույց է տալիս 5 ծնողի ստորագրություն, որոնցից մեկը գյուղապետի կինն է, եղբոր աներձագը, քեռու հարսը եւ այլն, թե իբր Մեժլումյանը հայտարարել է, որ 1000 դրամ է հավաքում ծնողներից, բայց իրականում հավաքում է 500 դրամ ավել՝ 1500 դրամ: Ասել եմ, որ հարցաքննեն նաեւ սննդից օգտվող մյուս 32 երեխաների ծնողներին եւ գործը հանձնեն ոստիկանություն, որովհետեւ ես այդքան հիմար կնոջ տպավորություն չեմ թողնում, որ 37 ծնողից 500 դրամ հավաքեմ, այն դեպքում, երբ նրանց մեջ է նաեւ գյուղապետի կինը, որոնց հետ լարված հարաբերություններ ունենք, եւ այդ գումարը՝ մոտ 20 հազար դրամ, յուրացնեմ»,- ասում է Ա. Մեժլումյանը:

Նախկին տնօրենի խոսքերով՝ հետո խոհարարը բացատրել է, որ հավաքված 500 դրամներով ամանների լվացման հեղուկ են գնել եւ մնացած գումարով էլ խոհարարին են վարձատրել, քանի որ նա չի վարձատրվում: Անժելա Մեջլումյանն ասաց, որ հետո են իմացել՝ համայնքապետի կինն է ներքին կարգով կազմակերպել, ասել, որ այդ գումարով խոհարարին պիտի օգնեն, բայց Անժելա Մեջլումյանը պետք է այդ մասին չիմանա:

«Դեկտեմբերի 19-ին արդեն նախկին փոխմարզպետ Սամվել Մինասյանը, ներկայումս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ եկավ դպրոց: Նա հավաքեց ուսուցիչներին ուսուցչանոցում եւ հերթով կարդաց իմ խիստ նկատողությունները: Այդ ժամանակ եմ իմանում, որ 20 օր առաջ եւս մեկ խիստ նկատողության եմ արժանացել: Իսկ երկրորդ նկատողությունը, որը կայացվել է դեկտեմբերի 17-ին, գրված է՝ «աուդիտի հիմքերի վրա հայտարարվում է խիստ նկատողություն», բայց այդպես էլ գրված չէ, թե որ հիմքերի, որ խախտումների համար, քանի որ որեւէ խախտում չէին հայտնաբերել»,- նշում է Ա. Մեջլումյանը:

Հենց ուսուցիչների ներկայությամբ էլ փոխմարզպետը հայտարարել է, որ տնօրենն ազատված է աշխատանքից, եւ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել հարեւան գյուղի ուսուցչուհին՝ Վարսիկ Եղիազարյանը: Փոխմարզպետը անմիջապես պահանջել է ընդունում-հանձնում կատարել եւ որպես վկա հրավիրել է ուսուցիչներից մեկին: Սակայն այդ պահին որեւէ ուսուցիչ դպրոցում չի եղել: Լուրը լսելուց անմիջապես հետո նրանք հավաքվել եւ գնացել են մարզպետարան՝ բոլոքելու տնօրենին հեռացնելու որոշման դեմ: Դեկտեմբերի 19-ից մինչեւ 24-ը ուսուցիչները գործադուլ են արել, այդ իսկ պատճառով ընդունում-հանձնում չի կատարվել: Միայն դեկտեմբերի 24-ին է հաջողվել այն իրականացնել:

«Խորհրդի երկու ուսուցիչները, որ 8 տարվա տնօրեն եղած տարիներիս երբեք հիվանդության, անաշխատունակության թերթիկ չեն ներկայացրել, երեկ միանգամից հիվանդացել են, մարզպետարանի, համայնքապետարանի ներկայացուցիչները չեն կարողացել գալ տնօրենի ընտրությանը: Պարզ չի՞, թե ինչու են «հիվանդացել»: Երեւի նրանց այդպես է հանձնարարվել, որ պետք է «հիվանդանան»: Ես շատ վստահ եմ իմ գիտելիքների վրա, չգիտեմ՝ ինչու ինքը չի ուզում ինձ հետ մրցել, դա էլ դուք եզրակացրեք»,-ասում է Անժելա Մեջլումյանը:

Նա տեղեկացրեց, որ իր ամուսինը եղել է համայնքապետ եւ վերջին ընտրություններում ընտրվել է մրցակիցը՝ Մարատ Պողոսյանը: Ա. Մեջլումյանի ասելով՝ ընտրվելուց հետո նոր համայնքապետն իրեն ասել է, թե այնպես է անելու, որ տնօրենի պաշտոնում ինքը չաշխատի:

«Հենց մարզպետը փոխվեց, եկավ նորը, այն ժամանակվա փոխմարզպետ Սամվել Մինասյանի գլխավորությամբ, ղեկավարությամբ, գյուղապետի հետ համագործակցելով ու եւս մի քանիսը կարողացան այս ամենը սարքել»,- ասում է Ա. Մեջլումյանը եւ հավելում, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ նորմալ հարաբերությոններ ունի, նրա դեմ ոչինչ չունի:

«Ես էլ, ինքն էլ հավակնորդ ենք, թող խորհուրդը ինձ էլ լսի, իրեն էլ լսի, ով լավ պատասխանի հարցերին, քննության նման բան է, նրան էլ թող ընտրեն»,- ավելացրեց Ա. Մեջլումյանը:

Տեղեկացնենք, որ Արարատի մարզպետի կարգադրություններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ գանձելու պահանջով Անժելա Մեջլումյանը հայց է ներկայացրել դատարան:

Վարսիկ Եղիազարյանը հրաժարվեց խոսել մեզ հետ՝ պատճառաբանելով, թե «չի ցանկանում եթերում հայտնվել»: Իսկ Հնաբերդի համայնքապետ Մարատ Պողոսյանը հերքեց, թե ինքը կապ ունի նախակրթարանի տարածքում ծառ կտրելու կամ տնօրենին հեռացնելու գործերի հետ, ավելին՝ Անժելա Մեջլումյանի դեմ որեւէ բան չունի:

Համայնքապետն ասաց, որ տնօրենին հեռացնելու լիազորություն չունի, հետեւաբար ոչ մի իրավունքով դա չէր կարող անել: Ինչ վերաբերում է 3 կտրված ծիրանի ծառերի պատմությանը, Մ. Պողոսյանը նշեց, թե Անժելա Մեջլումյանն է խոստովանել, որ իր հանձնարարությամբ են ծառերը կտրել:

«Իմ ներկայությամբ փոխմարզպետը հարցրեց, թե ով է թույլ տվել, որ ծառերը կտրեք, Անժելա Մեջլումյանն էլ պատասխանեց՝ ես: Փոխմարզպետն էլ ասաց, որ դուք կտրելու իրավունք չունեք, տնօրենն էլ պատասխանեց, որ ես դրա իրավունքն ունեմ: Այնտեղ էր նաեւ տնօրենի ամուսինը»,- ասաց Մարատ Պողոսյանը եւ հավելեց, որ եթե տնօրենը տեղյակ չէր, ինչու պիտի փոխմարզպետի ներկայությամբ ասեր, որ ինքն է թույլատրել: Համայնքապետը նշեց, թե իրեն չեն հետաքրքրում դպրոցում կատարվող իրադարձությունները, իր միակ մտահոգությունն այն է, որ երեխաները ստանան որակյալ կրթություն:

Զավեն Մեջլումյանը նշեց, որ Անժելա Մեջլումյանը նույնիսկ գրավոր բացատրագիր է գրել եւ տեղեկացրել, որ ինքը տեղյակ չի եղել, ուստի համայնքապետի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նախկին տնօրենի ամուսնու՝ եթե Ա. Մեջլումյանի հանձնարարությամբ ծառերը կտրված լինեին, ապա պատասխան կտար ոչ թե ծառ կտրողը, այլ կարգադրողը:

Թե Հնաբերդի դպրոցի թնջուկը որքան կշարունակվի, պարզ կլինի 5 օր անց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter