HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԿԲԱ-ի համար վարչապետի ասածն էլ «օրենք» չէ

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում, դատավոր Հովհաննես Մելքոնյանի նախագահությամբ 15-ական րոպե ընդմիջումներով լսվեց «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն» ընդդեմ վարկառուների՝ գումարի պահանջի մասին 3 հայց:

Երկու նիստերի ընդմիջումները կարելի էր 2 րոպեանոց էլ անել, քանի որ դատարանի դահլիճում նստած էին միայն դատավորը, նիստերի քարտուղարն ու տողերիս հեղինակը: Ոչ բանկի ներկայացուցիչը, ոչ էլ վարկառու գյուղացիները չէին ժամանել դատարան, թեեւ պատշաճ ծանուցված էին:

Մինչ դատաքննությունն սկսվելը դատարան ժամանեց «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» Էջմիածնի մասնաճյուղի ներկայացուցիչ Գեւորգ Հակոբյանը: Նա նիստերի քարտուղարին մի քանի գրություններ փոխանցեց ու վերջինից մի տրցակ վճիռ էլ վերցնելով հեռացավ: Երբ նիստը սկսվեց` քարտուղարը զեկուցեց, որ բանկի ներկայացուցիչը գրավոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ գործը լսել առանց իր մասնակցության: Դատավոր Հ. Մելքոնյանն էլ բանկի ներկայացուցչի բացակայության մասին ասաց, թե պարզապես «իմ բախտը չի բերել», որ ներկայացուցիչը չի ներկայացել նիստին, քանի որ սովորաբար ներկա է լինում:

Առաջին դատական նիստը նշանակված էր ժամը 11:15-ին: ԱԿԲԱ-ն Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ Արամիկ Նազարեթյանից պահանջում էր պարտավորության կատարում՝ 896 ԱՄՆ դոլարի չափով: Նիստը տեւեց ընդամենը 2 րոպե, քանի որ պատասխանողը գործի քննությունը հետաձգելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: Նման միջնորդությունը քննարկվում է կողմերի ներկայությոամբ, ուստի դատավորը նիստը հետաձգեց:

Հաջորդ գործով պատասխանողը ներկայացել էր նիստին, հետն էլ մի ծավալուն միջնորդություն էր բերել, սակայն չկար հայցվոր կողմը: Խորունք գյուղի բնակիչ Ռոբերտ Շահբազյանը դատարանում հայտնեց, որ ինքը երկու վարկ է ունեցել ԱԿԲԱ-ում, ինչ-ինչ պատճառներով չի կարողացել առաջինը ժամանակին մարել եւ հայտնվել է բանկի «սեւ ցուցակում»: Թեեւ առաջին վարկի մայր գումարն ու տոկոսներն արդեն մարել է, իսկ երկրորդ վարկի մարման համար էլ դեռ մեկ տարի ժամանակ ունի, այնուամենայնիվ  «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը Ռոբերտ Շահբազյանին դիտում է որպես անվստահելի վարկառու եւ դատարան ներկայացրած հայցադիմումով պահանջում է լուծել վարկային պայմանագիրը եւ ամբողջությամբ կատարել վարկային պարտավորությունները՝ 12.872 ԱՄՆ դոլարի չափով:

«Ես անձամբ եմ հանդիպել բանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարչի հետ եւ խնդրել, որ զիջումներ անեն, սակայն նա ասաց, որ անհնար է, քանի որ ժամկետները բաց եմ թողել: Նրան ասացի, որ նույնիսկ Երեւանի գլխամասի տնօրենին կհանդիպեմ, բայց կառավարիչը պնդեց, որ անհնարին բան եմ պահանջում: Հարգելի դատարան, կառավարիչն ասաց, որ եթե վարչապետին էլ դիմեմ ոչիչ չի փոխվի»,-դատարանում հայտարարեց Ռոբերտ Շահբազյանը:

Նա հրապարակեց իր միջնորդությունը, ըստ որի՝  պարտավորվում է մինչեւ վարկային պայմանագրի ժամկետի ավարտը, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում, ըստ նախապես կազմված ժամանակացույցի կատարել բոլոր վճարումները եւ խնդրում է բանկին պայմանագիրը չլուծել եւ գումարը միանգամից չպահանջել:

Հենց այստեղ էր, որ պետք էր բանկի ներկայացուցիչ Գեւորգ Հակոբյանի ներկայությունը, մինչդեռ նա նպատակահարմար չէր գտել մասնակցել նիստին: Քանի որ պատասխանողի միջնորդությանը հայցվոր կողմը չէր ծանոթացել, նիստը հետաձգվեց:

Հաջորդ գործը նույնպես լսվեց եւ ավարտվեց դատարկ դահլիճում: Այգեշատ գյուղի բնակիչ Սարգիս Գրիգորյանը «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ում ունի 287 օրով ժամկետանց պարտավորություն: Չվճարված գումարը կազմում է 9.593 ԱՄՆ դոլար, որից 7.900 դոլարը վարկի չվճարված գումարն է, 812-ը՝ կուտակված տոկոսագումարը, իսկ 881 դոլարը՝ տույժերը:

Եթե բանկի հայցը բավարարվի, ինչը կասկածի տեղիք չի տալիս, ապա վարկառուն պետք է վճարի նաեւ դատարանի պետական տուրքը՝ 71.027 դրամ:

Պարզ է, որ այս վարկառու գյուղացին արդեն կործանման եզրին է, քանի որ եթե կամովին վճարումները չկատարի, ապա բանկը նրա ձեռքից վերցնելու եւ աճուրդով վաճառելու է գրավադրված գյուղատնտեսական մի քանի տեխնիկաները, որոնք հենց գյուղացու ապրուստի միջոցն են: Սարգիս Գրիգորյանը գրավ է դրել ՄՏԶ-80 մակնիշի անիվավոր տրակտորը, ԿՍԿՈւ-6 մակնիշի եգիպտացորենի կոմբայնը, ԷՕ-2621 մակնիշի էքսկավատորը եւ Տ-70Վ մակնիշի տրակտորը:

Նշենք, որ գրավադրված շարժական գույքը գնահատվել է ոչ թե անկախ փորձագետի կողմից, այլ՝ կողմերի համաձայնությամբ: Այսինքն՝ չի բացառվում, որ այն իրական արժեքից մի քանի անգամ պակաս գնահատված լինի:

Իբր դա քիչ է, բանկը դատարանից նաեւ խնդրել է Սարգիս Գրիգորյանի կողմից չվճարված օրերի պատճառով բանկի կրած վնասները փոխհատուցելու նպատակով, սկսած պետտուրքի փոխանցման օրվանից (05.04.2011թ.) մինչեւ վճարման օրը, չվճարված գումարի վրա հաշվարկել նաեւ վարկային պայմանագրով նախատեսված 0.1 տոկոս տույժը:

Ստացվում է, որ բանկն ամեն գնով փորձում է օգտվել վարկառու գյուղացիների ոչ շահեկան վիճակից եւ նրանց ավելի նեղ ֆինանսական դրության մեջ գցել: Ճիշտ է, այդ ամենը նախատեսված է վարկային պայմանագրով եւ գյուղացին էլ ստորագրել է դրա տակ, այնուամենայնիվ մի քանի անգամ ականատես եմ եղել, որ վարկառու գյուղացուն բանկում չի պարզաբանվում իր իրավունքների ու պարտականությունների մասին: Այդ պահին կարիքի մեջ ընկած եւ գումարի կարիքից դրդված, վարկառուն պատրաստ է ստորագրել նույնիսկ նախատեսվածից կրկնակի ավելի բարձր տոկոսադրույքով պայմանագիր միայն թե բանկն իրեն գումարը տա: Վարկ վերցնող գյուղացուն առաջին հերթին հետաքրքրում է, թե ամեն ամիս որքան գումար է տալու, այլ բան նրան չի էլ հետաքրքրում:

Պարզ է, որ տույժերի պահանջ բանկը ներկայացնում է դատարանում պատասխանողի կարգավիճակում հայտնված այլ վարկառուների եւս: Արդյոք դատարանը հաշվի կառնի՞, որ բանկի ներկայացուցչի դատարան չներկայանալը թանկ է նստում վարկառուի վրա, քանի որ հայցվորի պատճառով գործի քննության հետաձգման յուրաքանչյուր օրվա համար գյուղացին վճարելու է չկատարած պարտավորության գումարի 0.1 տոկոսի չափով տույժ:

Նման բաների վրա դատարանը ուշադրություն չի էլ դարձնում: Մեծամասամբ բավարարվում են բանկերի ներկայացրած պահանջները, քանի որ վարկառուներն իրենց մեղավոր զգալով դատարան չեն գալիս եւ իրենց իրավունքները պատշաճ չեն պաշտպանում, ուստի ինչ ողջամիտ պահանջ էլ, որ բանկը դատարանի առջեւ դնի, պիտի այն բավարարվի:

Քանի որ Սարգիս Գրիգորյանի գործով կողմերը ներկա չէին, դատավոր Մելքոնյանը ընթերցեց հայցադիմումը, որի պատասխանը վարկառուն չէր ներկայացրել, ինչպես նաեւ մի քանի անձնական տվյալներ, որից հետո դատաքննությունը համարեց ավարտված եւ նշանակեց վճռի հրապարակման օր:

Մեկնաբանություններ (4)

Սվետլանա Կարապետյան
Հարգելի Գրիշա Բալասանյան, Ինչու է այնպես ստացվում,որ այդ նույն գյուղացիները վարկեր ստանալու ժամանակ մեծ գոհունակություն են հայտնում, բազմիցս շնորհակալություն են հայտնում: Բանկը`դա շահույթ հետապնդող կազմակերպություն է, այլ ոչ թե հասարակական կազմակերպություն և վերջինս նպատակը բարեգործությունը չէ: Սա փոխշահավետ գործարք է թե գյուղացու և թե Բանկի համար: Ինչում է կայանում Ձեր զարմանքը: Չնայած դուք լրագրողներդ սիրում եք մի թեմա գտնել և փնովել: Բանկը գործում է օրենքի սահմաններում, չի խախտել ոչ մի օրենքի տառ: Եվ ամոթ է առաջին հերթին Ձեզ, որ հոդվածի անվանել եք : Բանկը գործում է ոչ թե ասածների հիման վրա, այլ ՕՐԵՆՔԻ: Եթե դա Ձեզ դժվար է հասկանալ, ասեմ, որ մեզ համար դա է գործելակերպի հիմքը:
Karen
Հեղինակություն ??? Անգամ ծիծաղելի է:)))
Գրիշա Բալասանյան
Հարգելի Գեւորգ Հակոբյան, ինձ Ձեր իրավաբանական «գիտելիքները» եւ անվճար խորհրդատվությունները շատ պետք կգային, եթե բարեհաճեիք ներկա գտնվել նիստերին եւ միայն դատարան չգայիք գյուղացիների դեմ կայացրած վճիռները տանելու համար: Ինչ վերաբերում է բանկի եւ նրա աշխատակիցների հեղինակության հետ խաղալուն, ապա, նախ նման հեղինակություն ձեռք են բերում հետո միայն փորձեր անում դրանք պաշտպանելու ուղղությամբ: Ես որեւէ նպատակ չեմ ունեցել վիրավորել բանկի կամ աշխատակիցների հեղինակությունը: Ձեզ էլ մեկ խորհուրդ ես տամ: Ձեր բանկի ու աշխատակիցների հեղինակության մասին լավ կլինի հարցում անեք վարկառու գյուղացիներից: Նրանք ճիշտ կբնութագրեն: Շնորհակալություն:
Գևորգ Հակոբյան
Պարոն Գրիշա Բալասանյան, հոդված խմբագրելուց առաջ խնդրում եմ ծանոթացեք ՀՀ-ու գործող օրենքներին (քաղ.օր, քաղ.դատ): Պարտադիր չէ հայցվորի ներկայացուցչի ներկայությունը նիստին, եթե նա միջնորդել է գործը լսել իր բացակայությամբ, հայցադիմումի հիման վրա: Նշեմ նաև, որ Ձեր նշած վարկառուների դատական նիստերը արդեն 2 անգամ հետաձգվել են պայմանով, որ այդ ընթացքում մարում կատարեն, և Բանկը չի առարկել նրանց հետաձգման պահանջը: Մինչ հայցադիմումը դատարան ներկայացնելը բազմաթիվ հիշեցումներ է ուղարկվել վարկառուներին, թե գրավոր առձեռն, թե այցելության միջոցով: Այնպես որ Ես Ձեզ խորհուրդ կտայի չփորձել խաղալ Բանկի և նրա աշխատակիցների հեղինակության հետ, նյութ հրապարակելուց առաջ լավ ծանոթանալ գործին, իսկ եթե Ձեր գիտելիքները չեն բավարարում օգտվեք անվճար իրավաբանական խորհրդատվությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter