HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի ավագանին` մարզպետին առընթեր խորհրդի եւ վարչապետի պարապ լինելու մասին

Հասմիկ Կարապետյան

Վանաձորի ավագանու երեկվա արտահերթ նիստում քննարկվեց Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ոչ պետական հատվածի  ներկայացուցիչների  մրցույթ անցկացնելու մասին հարցը: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը ավագանուն  հայտնեց, որ ՀՀ վարչապետի 2014թ. փետրվարի 10-ի 85-Ա որոշումով մարզպետներին կից ստեղծվելու են երիտասարդական խորհուրդներ, որոնք պետք է ձեւավորվեն մինչեւ ապրիլի 1-ը: «Լոռու մարզպետից հանձնարարական ենք ստացել ավագանու նիստում հարցը քննարկելու եւ մրցույթ անցկացնելու որոշում կայացնելու համար: Մարզպետը նաեւ քաղաքապետարանին առաջարկել է մինչեւ մարտի 20-ը խորհրդի կազմում, մրցութային կարգով, թեկնածու առաջադրել ոչ պետական սեկտորից»,- հայտնեց Գագիկ Սիմոնյանը:

Առաջարկի հետ մարզպետը համայնքապետարանին ուղարկել էր նաեւ մրցույթի անցկացման կարգը: Համաձայն կանոնադրության` 3500-ից ավելի բնակչություն ունեցող յուրաքանչյուր համայնքից խորհրդում կընդգրկվեն երկուական ներկայացուցիչ, մեկը ի պաշտոնե կլինի համայնքի ղեկավարի տեղակալը կամ աշխատակազմի քարտուղարը: Երկրորդ թեկնածուին` 16-30 տարեկան երիտասարդներից, համայնքի ավագանին կընտրի  մրցութային կարգով:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը տեղեկացրեց, որ խորհրդի նպատակը հանրապետության մարզերում եւ համայնքերում երիտասարդական քաղաքականության իրականացմանն աջակցելն է: «Կանոնադրությունում նաեւ նախատեսվում է տարբեր տեսակի պարգեւներ, մրցանակաբաշխություններ, գրանտներ եւ այլն, եւ այլն»,- ավագանուն տեղեկացրեց  զեկուցողը:  Նա ավագանուն առաջարկեց մրցույթն անցկացնելու համար 4-5 հոգանոց կազմով հանձնաժողով ստեղծել:  

«Քանի որ մեր ավագանին բավականին բարձր իմիջ ունի, դուք պետք է աշխատեք, որ ձեր ընտրյալը շատ ավելի բարձր մակարդակ ունենա»,- ասաց  քաղաքապետ Դարբինյանը: «Ընդամենն առաջարկվում է որոշում կայացնել, որ հայտարարություն տաք»,- բացատրեց Գագիկ Սիմոնյանը: Նիստին ներկա  ավագանու 13 անդամներից առաջարկին կողմ քվեարկեցին 12-ը: 

Դեմ քվեարկեց միայն ավագանու անդամ Արամ Խաչատրյանը:«Իմաստ չեմ եսնում:  Երեւում է վարչապետը պարապ ա մնացել»,- հայտնեց  ավագանու անդամը:

«Վարչապետը երբեք պարապ չի մնում, եւ վարչապետն էնքան խնդիրներ ունի լուծելու , բայց նա նաեւ շատ մեծ ցանկություն ունի, որ երիտասարդները երկրի կառավարմանը, մարզի կառավարմանը իրազեկված լինեն: Եվ ոչ մեկը, ոչ մեկին թույլ չի տվել, որ երկրի վարչապետի նկատմամբ նման արտահայտություն անի: Պարապ է մնացել, բա էդ ո՞վ ա էս երկիրը կառավարում»,- ավագանուն դասեր տվեց քաղաքապետ Դարբինյանը:

«Վանաձորից 20 հազար արտագաղթող է եղել, թող վարչապետը էդ գործով զբաղվի»,- իր հերթին քաղաքապետին պատասխանեց Արամ Խաչատրյանը:

Լուսանկարում` ավագանու անդամ Արամ Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter