HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու քաղաքապետը` մանկապարտեզների տնօրեններին. «Բան ունեք ասելու՝ եկեք ինձ ասեք»

Յուլիա Գրիգորյան

Գյումրու 24 մանկապարտեզների տնօրենները փետրվարի 26-ին քաղաքապետի հետ միասին սահմանեցին գնվող սննդամթերքի նախահաշվային գները մինչեւ մանկապարտեզներին սննդամթերքի մատակարարման նոր մրցույթի կայանալը: Նախորդ տարի սննդամթերքի սպասարկան իրավունք ստացած կազմակերպության մատակարարած ապրանքների գներից մանկապարտեզների տնօրենները դժգոհ էին, քանի որ շատ ապրանքներ ստանում էին շուկայականից բավական բարձր գնով: 

Մինչ կքննարկեին մատակարարվող սննդամթերքի համար միջին գները, քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ իր գործունեության ընթացքում սահմանել է աշխատավարձերի վճարման կոնկրետ օր եւ ուշացումներ չեն եղել: Բացի այդ, մանկապարտեզների խնդիրների համար տրամադրել են հավելյալ գումարներ, ինչը նրա գնահատմամբ, մանկապարտեզների պատմության մեջ աննախադեպ է:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ նախակրթարաններին սննդամթերք մատակարարող կազմակերպությունը պատկանում է իր որդուն, եւ վերջինս արտոնյալ պայմաններով փորձում է գերշահույթ ստանալ` Ս. Բալասանյանը հանդես եկավ մի ելույթով, որն ավելի շատ վերջնագիր էր հիշեցնում: «Փորձեցինք գնումների հետ կապված ամեն ինչ անել, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն: Լրատվամիջոցներին տված ձեր ավելորդ ինֆորմացիաներն ուղղակի պետք է արվեին օբյեկտիվորեն: Պիտի ասեիք այն, ինչն օբյեկտիվ ու ճիշտ էր, որովհետեւ կառավարության որոշման համաձայն` մենք ամեն ինչը պիտի անենք գնումներով: Ժամանակին թե ինչ եք արել, ինչպես, ես չգիտեմ: Ինձ համար զարմանալի է այն, որ նախակրթարանի տնօրենի համար ինձ չգիտեմ քանի մարդ է զանգում: Դա քաղաքի ամենաբարձր պաշտոնների՞ց է: Աշխատավարձն ընդամենը 68 հազար դրամ է: Փոխանակ ասեք` պրն քաղաքապետ, մեր աշխատավարձը բարձրացրեք, ամեն մեկը շահագրգռված է, որ տնօրեն աշխատի, ինձ համար դա զավեշտ է: Ինչքա՞ն պետք է ձեզ օգնեմ, ինչքա՞ն պետք է սնունդ ուղարկեմ, բայց ավելորդ բաներ մի’ խոսեք, խնդրում եմ ձեզ: Մեր երեխաներն են հաճախում մանկապարտեզներ, բերեք բարեփոխումներ իրականացնենք: Բարեփոխելու ենք, կհասնենք նրան, որ քաղաքը գումար ունենա եւ սննդի գումար այլեւս ծնողներից չվերցնենք: Հնարավորություն տվեք, պետք չի ավելորդ խոսել, բան ունեք ասելու, բողոքելու կամ քննարկելու, եկեք ինձ ասեք: Որեւէ մեկը, որ եկել Բալասանյանի անունից ձեզ ասել է, թե 2 կիլոգրամ նարինջ տվեք, եկեք բողոքեք, թե անհարմար չե՞ս զգում, քաղաքապետ ես, 2 կիլոգրամ նարինջ ես ուզում: Նման բան եթե կլինի` արե’ք, քննադատեք, լրատվությանը կանչե՛ք, ասե՛ք …»,- ասաց քաղաքապետը:

Անդրադառնալով մատակարարվող մսի թանկ լինելու մասին իրեն հասած դժգոհություններին՝ քաղաքապետն ասաց. «Ոսկրահան մսի գինը 3300 դրամ է, ինչու՞ եք ասում՝ 3500 դրամ, որտեղի՞ց այդ թվերը, որ հիմա գնում են համացանցով, հասել են դատախազություն, մյուսին, մյուսին ...: Արդեն փաստաթղթեր են պահանջել: Սիրուն չէ, որ մեզնից նման խոսքեր են դուրս գալիս: Կա նման բան, եկեք-ասեք՝ ո՞վ է այդ գինը դրել, ավելն ու պակասը կքննարկենք: Ես իմ սիստեմով եմ աշխատում: Ճիշտն ասած, չեմ ուզում անուններ տալ, թե ինչ գներով եք նախկինում գնել, եւ ինչ գին է եղել շուկայում, նախքան մեր կողմից մրցույթ հայտարարելը: Եթե որեւէ մեկը կասի, թե Լաչինի միջանցքում կա հազար դրամանոց միս, բերեք դա առնենք, տանք երեխային, ես կասեմ՝ համաձայն չեմ: Դուք համաձա՞յն եք, որ ձեր երեխան թունավորվի: Լավ չէ՞ մի կազմակերպություն լինի, որ նման բան լինելու դեպքում պատասխանատվությունն ընկնի նրա վրա: Հասկացեք, մենք երեխային ենք կերակրում, քաղաքապետարանում չկա՜ կոռուպցիա, կոռուպցիան պիտի վերանա ընդհանրապես: Չկա նման բան, որ երեխայի սնունդն ուտեն: Նախակրթարաններին անհրաժեշտ ամեն ինչ պիտի անենք: Ինչպես քաղաքը սարքեցի, այնպես էլ նախակրթարաններն եմ սարքելու: Ես այսքան ժամանակ քանի՞ նախակրթարանի տնօրեն եմ իմ մոտ կանչել: Որեւէ մեկիդ ճանաչո՞ւմ եմ: Ուրեմն ձեզ համար էն առաջվա դրած սիստեմը հաճելի՞ է եղել: Եթե հաճելի է, ես էդ սիստեմի մարդ չեմ: Էս ամեն ինչը դնելու ենք հստակ ռելսերի վրա եւ առաջ ենք գնալու: Վերջում բոլորդ ինձ օրհնելու եք»,- զայրալից խոսքն ավարտեց քաղաքապետը: Նա ներողություն խնդրեց մանկապարտեզների՝ համրորեն իրեն լսող տնօրեններից բարձր տոնայնության եւ էմոցիոնալ դրսեւորումների համար:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ մրցույթի անցկացման օրը կհայտարարվի հաջորդ շաբաթ, մրցույթն ազատ է լինելու, ցանկացողները կարող են մասնակցել, լրագրողները` նույնպես:  Նա իր խորհրդական Արարատ Բալաբեկյանին հանձնարարեց մանկապարտեզներին անհրաժեշտ 90 ապրանքատեսակների գները հատ-հատ քննարկել տնօրենների հետ, սահմանել միջինացված գներ եւ այն հաստատել քվեարկությամբ, ապա արագ հեռացավ:

Քննարկվեց կարմիր պղպեղի ռեկորդային գինը. 1 կգ-ը՝ 6000 դրամ: Մի քանի տնօրեններ նշեցին, որ շուկայում կարմիր տաքդեղ կարելի է գնել անգամ 3500 դրամով: Բալաբեկյանը նշեց, որ կարմիր տաքդեղի 25 գրամը խանութներում արժե 150 դրամ: Այսինքն՝ կիլոգրամը կարժենա 6000 դրամ: Տնօրեններն առարկեցին՝ ասելով, որ փաթեթավորված եւ գրամներով վաճառվող յուրաքանչյուր ապրանք թանկ արժե, սակայն իրենց հարկավոր է կիլոգրամով, ինչն ավելի մատչելի է: Ա. Բալաբեկյանը պատասխանեց, որ փաթեթավորված եւ մակնշված ապրանքն ունի որակի երաշխիք, դրա համար էլ շուկայում վաճառվող անհայտ ծագման մթերքներից թանկ է: Վերջում որոշվեց կարմիր պղպեղի համար նախահաշվային գին ընդունել 4000 դրամը: Վիճահարույց էր նաեւ սեւ թեյի մատակարարման գինը: Շատերը համաձայն չէին 1 կիլոգրամի համար 6.000 դրամ վճարել: Երկար տարակարծություններից հետո որոշվեց թեյի նորմալ գին ընդունել 5.000 դրամը: Կարտոֆիլի եւ կաղամբի միջինացված գին սահմանվեց 180 դրամը եւ այլն:

Նշենք, որ մրցույթը կհաղթի հաստատված նախահաշվային գներից ցածր գին առաջարկող կազմակերպությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter