HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում ամենախնդրահարույցը հողի հարկի հավաքագրումն է եղել

Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը փետրվարի 25-ին  հանրային քննարկման ներկայացրեց համայնքի 2013թ.-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Բյուջեի վերահսկողությունն իրականացնող մարմնի` համայնքի ավագանու անդամներից ոչ մեկը գնահատական չտվեց համայնքային բյուջեի եկամուտների հավաքագրմանը, կատարված ծախսերի արդյունավետությանն ու որակին: Ավագանին իրավազոր լինելով բյուջետային ցանկացած գործողություն ստուգելուն` հաշվետվության հանրային քննարկմանը չէր ներկայացրել 2013թ.-ի բյուջեի աուդիտ ստուգումների  արդյունքները: Ուղիղ մեկ ժամ ներկայացրած բյուջեի տարեկան հաշվետվության վերաբերյալ դահլիճում նստածները որեւէ հարց չուղղեցին քաղաքապետին: Այդուհանդերձ, քաղաքապետի հաշվետվությունը ծափահարություններով բավարար գնահատվեց:   

Արտավազդ Վարոսյանի հաշվետվության առաջաբանից պարզվեց, որ  ավագանու նիստով հաստատված 2013թ.-ի գործունեության հաշվետվությունը հանրությանը ներկայացվում է ոչ թե «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջով, այլ ձեւավորված ավանդույթի համաձայն` իրենց   հաջողությունները ներկայացնելու եւ քաղաքապետարանի աշխատանքների շուրջ մտքերի փոխանակման համար:  Ցավոք, հաշվետվության շուրջ այդպես էլ մտքերի փոխանակում տեղի չունեցավ, թեեւ աշխատակարգով ելույթների համար 5 րոպե էր սահմանվել:

Արտավազդ Վարոսյանը 2013թ.-ը բյուջետային տեսակետից բարդ տարի համարեց:  Ասաց, որ տարին սկսել են 407 մլն 900 հազար դրամ հաստատված բյուջեով, ավարտել են 436,3 մլն դրամ բյուջեով: Նշեց, որ նախապես հաստատված եւ տարեվերջին արձանագրված բյուջեի շեղումները  պայմանավորված են տարվա կեսին նվազագույն աշխատավարձի  բարձրացման խնդիրներով եւ էներգակիրների թանկացման համար նախատեսված փոխհատուցումներով: Հաշվետվությունից պարզվեց, որ  Ալավերդու բյուջեի հիմնական եկամտի աղբյուրներ են հանդիսանում   պետբյուջեից հատկացվող դոտացիան, բնապահպանական սուբվենցիաները, տեղական հարկերը եւ տուրքերը, ինչպես նաեւ դրամաշնորհներն ու փոխհատուցումները: Քաղաքապետը հայտնեց, որ բյուջեի սեփական հարկային եկամուտների մուտքերը կատարվել է 95,3%-ով:

Հարկավաքության գործում ամենախնդրահարույցը քաղաքապետը համարեց հողի հարկը, այն հավաքագրվել է 72,3%-ով: «Իհարկե, մենք կարող ենք բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ թվարկել, որոնցից մեկն այն է, որ դեկտեմբերի 28-ին, վերջին աշխատանքային օրը, նախորդ տարվա  վճարած 1,7 մլն դրամ հարկային հավաքագրած գումարները մուտքագրվել են հունվար ամսին  եւ չեն արտացոլվել 2013թ.-ի կատարողականում»,- ասաց նա:  Բանախոսը հարկավաքության թերացումների պատճառները փնտրեց հարկային վարչարարության մեջ: Թեեւ kառավարության որոշումով` մինչեւ 2008թ.-ը կուտակված հողի հարկի 60 մլն դրամի զիջումներին, այդուհանդերձ 2014թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Սանահին եւ Ակներ գյուղական թաղամասերում հողի հարկի 770 հազար դրամի ապառք է արձանագրվել:

Ըստ Ա. Վարոսյանի` 2013թ.-ը նշանավոր էր նաեւ նրանով, որ շնորհիվ Լոռու մարզպետի աջակցության, կառավարության որոշումով համայնքն ազատվել է 70 մլն դրամ վարկից: Ինչպես ներկայացրեց քաղաքապետը, 2013թ.-ին   քաղաքապետարանի որեւէ ծախսային ծրագիր չի ձախողվել, հակառակը` ծախսային ծրագրերով արձանագրվել են տնտեսումներ: «Հաշվետու տարում հայտարարվել են նախահաշվային արժեքով ընդհանուր առմամբ 205 մլն 745 հազար դրամի գնումների մրցույթներ: Կնքված պայմանագրերի գումարը կազմում է 192 մլն 188 հազար  դրամ,  նախատեսված նախահաշվային գումարներից եղել է 12 մլն 869 հազար դրամ տնտեսում»,- հայտնեց Արտավազդ Վարոսյանը: Վերջինս  անդրադարձավ նաեւ 2013թ.-ի ընթացքում Ալավերդի քաղաքում կատարված կապիտալ աշխատանքներին,  որոնք իրականացվել են համայնքային բյուջեի միջոցներով, պետական սուբվենցիաներով եւ պետբյուջեից հատկացված լրացուցիչ գումարներով:

Նշեց, որ համայնքի բյուջեի ֆինանսավորմամբ 2013թ.-ին նորոգվել է քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի 128 շենքի հարակից տարածքի հենապատը, քաղաքի փողոցներում կառուցվել են կանգառներ, նորոգվել է Թումանյան փողոցի անձրեւաջրերի համակարգը, կատարվել է փողոցների գծանշում, ճանապարհների ընթացիկ նորոգում, Ակներ թաղամասի ակումբի նորոգում:  Նշված ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է 15,3 մլն դրամ: Անդրադառնալով բնապահպանական սուբվենցիաներով իրականացված ծրագրերին, Ա. Վարոսյանն անդրադարձավ Ս. Սարահարթ թաղամասում Գայի փողոցի կանաչապատմանը: Ասաց, որ ֆինանսական նույն աղբյուներով ձեռք են բերվել մեկ աղբատար մեքենա եւ բազմաֆունկցիոնալ ջրցան մեքենա,  պլաստմասե աղբամաններ եւ այլն:

Ալավերդու քաղաքապետը կարեւորեց քաղաքապետարանի կոմունալ տնտեությունը գույքով համալրելու հարցը: Ասաց, որ ընթացիկ տարում նախատեսում են ձեռք բերել կոշտ կենցաղային թափոնների համար մեծ աղբամաններ: Այսուհանդերձ, քաղաքապետը չանրադարձավ այն խնդրին, որ թեեւ համայնքի բյուջեից աղբահանությանը արված մեծ հատկացումներին, քաղաքի թաղամասերի լանջերին ու Դեբեդ գետի ափերին մշտապես կենցաղային աղբ է լինում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter