
Ռուսական զորքերը ներխուժել են Սիմֆերոպոլի օդակայան
Անցած գիշեր ինքնաձիգներով և գնդացիրներով զինված շուրջ 120 հոգի ներխուժել է Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլի միջազգային օդակայան և դիրքավորվել վերջինիս մասնաշենքերում: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ վերջիններս չեն թաքցնում իրենց՝ ՌԴ զինվորական լինելը:
Ու թեև օդակայանը դեռևս շարունակում է գործել, սակայն հարկ է նկատել, որ դա արդեն Սիմֆերոպոլում ռազմավարական նշանակություն ունեցող 2-րդ օբեկտն է, որ օկուպացվել է ռուս զինվորականների կողմից (առաջինը Ղրիմի կառավարության շենքն էր):
Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը րոպեներ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ տեղի ունեցողը գնահատում է որպես «բոլոր միջազգային նորմերի խախտում, զինված ներխուժում և օկուպացիա»:
Նախարարը պնդում է, որ այդ անձինք ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչներ են, և ոստիկանությունը ի վիճակի չէ պայքարելու իրենց դեմ: Նա կարծում է, որ հարցն այլևս Զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների և դիվանագետների լիազորությունների շրջանակներում է:
Նշենք, որ Ղրիմի կառավարության շենքը և ապա Սիմֆերոպոլի օդակայանը գրավելիս զոհեր չեն եղել:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել