Սոցապ. «Պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթների գործողությունը չի կասեցվել»
2014թ. հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները: Որոշումից հետո` հունվարի 29-ին, «Հետքը» հարցում ուղարկեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Հարցումից մեկ ամիս հետո` այսօր, ստացել ենք մեր հարցերի պատասխանները: Ստորեւ ներկայացնում եքն հարցերը եւ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչությունից ստացած պատասխանները:
Հարցեր
1) ՍԴ որոշումը հրապարակելուց հետո, թե քաղաքացիական նախաձեռնության, թե բազմաթիվ քաղաքացիների ու մասնագետների մոտ այդ որոշումը տարաբնույթ ընկալման տեղիք տվեց, յուրաքանչյուրը փորձում է սեփական նախաձեռնությամբ ու ընկալմամբ մեկնաբանել այն խնդրում ենք ասել, թե որտեղ է այդ անորոշությունը ՍԴ որոշման մեջ կամ կա արդյոք անորոշություն, թե ոչ
2) Արդյոք գործատուները, որպես հարկային գործակալներ ՍԴ որոշման հրապարակումից հետո կարող են, առանց աշխատողի համաձայնության և գիտության, կատարել կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումներ, թե ոչ
3) Եթե ընդունենք, որ Սահմանադրական դատարանը պարտադիր բաղադրիչը սահմանադրական ճանաչի, ապա օրենքի տվյալ հոդվածների կիրառումը կասեցումից հանելուց հետո, արդյոք ս. թ. հունվարի 1-ին հաշվարկված պետք է գանձվեն 5 տոկոսները:
4) Եթե այդ օրենքով սահմանված հաշվապահական հաշվետվությունները տրամադրելու պարտավորության մասը չի կասեցվել, ապա գործատուները պարտավորված են կատարել պահումներ (աշխատավարձից կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարներ կատարել) և այդ մասին հայտնել հարկային մարմին, իսկ եթե պահում չկատարեն և այդ մասին նշում չկատարեն իրենց հաշվետվություններում, ապա հարկային մարմինը նրանցից չի ընդունի հաշվետվությունները: Կարծեք թե գործատուին ու հարկային մարմնին հայեցողական լիազորություններ են տրվել, ինչը կարող է էլ ավելի լարել առանց այդ էլ լարված սոցիալական ընդվզումը:
5) Իսկ պատասխանատվության մասով, եթե կասեցումից հանվեն այդ հոդվածների գործողությունները, ապա արդյոք դրանք հետադարձ ուժ ունենալու են, թե՝ ոչ (այսինքն տույժ ու տուգանքի մասով՝ ս. թ հունվարից):
6) Եթե այս ժամանակահատվածում աշխատողներն ինչ-ինչ նպատակներով գործատուներից պահանջեն իրենց աշխատավարձի վերաբերյալ տեղեկանքներ, հավելվածներ, արդյոք գործատուն իրավունք ունի հարկային պարտավորությունների մասով նշել նաև կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարման 5%-ի մասին:
Պատասխան
Էլեկտրոնային դիմումի կապակցությամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասությունների շրջանակներում, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ի ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշմամբ, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածով նախատեսված դրույթները վերաբերում են պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվության միջոցներ կիրառելուն, իսկ 86-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը հիշյալ օրենքով նախատեսված կարգով կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրությանը:
Հետևաբար, վերը նշված աշխատակարգային որոշման համաձայն՝ պարտադիր կուտակային վճարները օրենքով սահմանված ժամկետներում չհաշվարկելու և չփոխանցելու դեպքում, հարկային գործակալների (մասնակիցների) նկատմամբ հարկային մարմինների կողմից, մինչև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից դատաքննության ավարտը, պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի:
Իսկ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված` պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթների գործողությունը չի կասեցվել և վերջիններս ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարի 1-ից՝ ի կատարումն նույն օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի:
Միաժամանակ, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար, այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ, բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ պետք է նշվեն նաև կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ: Հետևաբար, հիշյալ օրենքի սահմանված պահանջն ենթակա է կատարման:
Ըստ այդմ, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժով. 1) պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, 2) պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները կատարում են կուտակային վճարներ (այդ թվում՝ պայմանագրային եկամուտներից)՝ օրենքով սահմանված դրույքաչափերով, 3) աշխատողների համար (անունից) պարտադիր կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ: Միաժամանակ հայտնում ենք, որ գրությամբ բարձրացված մյուս հարցերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասության շրջանակներից դուրս են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել