HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Իսկ հեղափոխության սահմանադրականը լինու՞մ է

Ուկրաինայում հեղափոխության հանգեցրած գործողությունները, սկսած փետրվարի 21-ի գիշերից, ամբողջությամբ հակասահմանադրական էին և հակաիրավական: Եթե իրավիճակը մեկնաբանենք զուտ իրավասահմանադրական տեսանկյունից, ապա տեղի ունեցածը Մայդանի կողմից իշխանության ուղղակի բռնազավթում էր:

Նախ` գործող, լեգիտիմ ընտրված նախագահը` ի դեմս Վիկտոր Յանուկովիչի, անկախ նրա բռնակալ, օլիգարխ, թույլ կամ ուժեղ, բարոյական կամ անբարոյական լինելուց, նախագահի պարտականություններից չի հրաժարվել: Որևէ իրավական հիմք չկար, որպեսզի Պառլամենտի մեծամասնությունը նախագահական լիազորություններով, թեկուզ ժամանակավորապես, օժտեր Ալեքսանդր Տուրչինովին: Երկրորդ` նույն Եվրամիությունը և Մայդանը փետրվարի 21-ին իրենք էին լեգիտիմացրել Վիկտոր Յանուկովիչի իշխանությունը: Մայդանը դա արեց ընդդիմադիր երեք կուսակցությունների ղեկավարներ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի եւ Օլեգ Տյագնիբոկի միջոցով, որոնք ուղղակի բանակցություններ վարեցին նախագահի հետ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու և, ամենակարևորը, համաձայնագիր ստորագրելու համար: Իսկ ԵՄ-ն և Արևմուտքը դա արեց` նախագահ-Մայդան բանակցություններին մասնակցելով և համաձայնագիրը ստորագրելով որպես վկա, ինչպես նաև նախագահ Յանուկովիչին տալով անվտանգության երաշխիքներ:

Երրորդ՝ փաստաթուղթը, որ ստորագրել էին այս երեք կողմերը, բնույթով լինելով Յանուկովիչի ռեժիմի համար կապիտուլյացիոն, այնուամենայնիվ, պետք է լուծեր մի շատ կարևոր խնդիր. իշխանափոխությունն իրականացներ Սահմանադրության շրջանակում` չվտանգելով իշխանափոխության իրավական հիմքերը:

Չորրորդ` Խարկովից փախուստի դիմաց Յանուկովիչը հայտարարեց, որ միջազգային հանրությունն իրեն անվտանգության երաշխիքներ է տվել, և ինքը սպասում է նրանց համապատասխան քայլերին ստեղծված իրավիճակում: Բայց Եվրոպան նույնը օրը հայտարարեց, որ Ուկրաինայի միակ իշխանություն է ճանաչում Գերագույն Ռադային, լեգիտիմ է համարում վերջինիս կայացրած որոշումները և ճանաչում է Տուրչինովին այն դեպքում, երբ Յանուկովիչը դեռևս Ուկրաինայի տարածքում էր գտնվում: Այսինքն՝ փոխանակ պնդելու` առաջնորդվել տվյալ պահին իրավիճակի խաղաղ հաղթահարման համակողմանի ընդունված համաձայնագրով, Եվրոպան ինքը առաջինը հրաժարվեց դրանից և այդպիսով օրինականացրեց Ուկրաինայում իշխանության բռնազավթումը:

Որևէ երկրի պետականության համար սա ամենավտանգավոր և ամենավատ սցենարն է, որ կարող է լինել առհասարակ: Որովհետև չի կարելի բացառել, որ դա կարող է բերել կամ բացարձակ անիշխանության, անարխիայի և քաղաքացիական պատերազմի, կամ էլ իշխանության կարող է գալ լրիվ մարգինալ կամ խամաճիկ որևէ ուժ և պետությունը դարձնել դրսի համար սովորական խաղալիք: Նման պետություններում սովորաբար հեղափոխությունները սկսում են պերմանենտ բնույթ կրել և դադարում են միայն այն ժամանակ, երբ որևէ ուժի կողմից հաստատվում է դիկտատուրա` թեկուզ ժողովրդավարական:

Այս ընթացքը ակնհայտորեն չէր լինի, եթե Մայդանին առաջնորդեր քաղաքական շրջահայեցությունը, այլ ոչ թե տարերքը, ազատության մասին ռոմանտիկ ընկալումները և էմոցիաները, որոնք այդ պահին այլևս, միանգամայն օբյեկտիվորեն, անզսպելի էին:

Բայց այստեղ ի հայտ է գալիս չափազանց կարևոր, բայց արդեն զուտ ուկրաինականից դուրս գտնվող մի հարց. եթե հասարակությունը գնար սահմանադրական ճանապարհով, հնարավո՞ր էր լինելու ազատվել Յանուկովիչի ռեժիմից: Այդ վստահությունը հասարակությունը չուներ: Եվ առհասարակ` ինչո՞ւ պետք է հասարակությունն իր գործողությունները պարտադրված համաձայնեցնի սահմանադրական կարգին, իսկ իշխանությունը՝ ոչ: Ի վերջո, համատարած կոռուպցիան, անարդարությունը, հասարակության և նրա պահանջների նկատմամբ իշխանության կատարյալ անտարբերությունը, որոշ դեպքերում նույնիսկ ատելությունն ու զզվանքը, իշխանությունը չկորցնելու մոլուցքը և այդ նպատակով մարդկանց` սահմանադրությամբ երաշխավորվող ընտրական իրավունքին բռնանալը որևէ եզր չունեն նույն սահմանադրական կարգի պահպանման հետ: Ինչո՞ւ այն պարտադիր չէ իշխանության համար, բայց պետք է պարտադիր լինի նույն այդ իշխանության տակ ճզմվող, կեղեքվող հասարակության համար, ո՞րն է այստեղ հասարակությանը նման պահանջ ներկայացնելու բարոյական չափանիշը:

Դժվար է սոված, անարդարություններից հոգեմաշ եղած, նվաստացումներից կատաղության հասած մարդուց, առավելևս խելագարված ամբոխների վերածված հասարակությունից քաղաքական կամ քաղաքացիական զսպվածություն ու շրջահայեցություն պահանջել, նրանցից սահմանադրական կարգի պահպանում ակնկալել: Հեղեղը հեղեղ է` անկախ նրանից` մարդկայի՞ն է, թե՞ բնական տարերային: Եվ հեղեղը միայն մեկ խնդիր ունի. ամեն ինչ սրբել տանել:

Այս իմաստով ցանկացած իշխանության և ոչ թե հասարակության խնդիրն է` միշտ իրավիճակը, խնդիրները և պարտականությունները քննարկել իրավական և բարոյական կշռաքարերով միաժամանակ` թե՛ իշխանության և թե՛ հասարակության նժարներին: Ուժը միշտ ծնում է հակաուժ, ընդ որում՝ միևնույն դաշտում ու միջավայրում: Եվ թե՛ ուժը, թե՛ հակաուժը կարող են կործանարար լինել միաժամանակ արդեն ոչ միայն սոսկ դրանց աղբյուրների համար, այլև արդեն միջավայրի, որը տվյալ դեպքում պետությունն է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter