
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությանը
Սիրելի գործընկերնե´ր,
Երկու տարի է՝ ես ապրում և աշխատում եմ Արցախում: Այստեղ եմ եկել սեփական նախաձեռնությամբ' իմ գիտելիքները և կարողությունները մեր հայրենիքի այս հատվածին ծառայեցնելու համար: Միշտ եղել եմ նախաձեռնող, ամեն մի խոչընդոտի պատասխանել եմ նոր նախաձեռնություններով, որոնք հիմնականում տեղավորվել են կրթական ծրագրերի շրջանակներում: Նշեմ, որ նախաձեռնողականությունը, հատկապես երիտասարդների հետ աշխատանքն Արցախում իշխանությունների կողմից ընդունվում է թշնամաբար, ամեն մի թեթև շարժ նրանք ընդունում են որպես մարտահրավեր:
Երկու տարի շարունակ եղել էին տարբեր ճնշումներ և խոչընդոտներ, որոնք ես վերջերս հրապարակել էի: Վերջին շրջանի իմ մի շարք քննադատական հոդվածները Արցախի իշխանություններին լուրջ քայլերի դիմելու առիթ էին տվել:
Զանգվածային ճնշումներ էին սկսվել իմ մտերիմների և նրանց հարազատների վրա, որոնք տարբեր ձևով էին ընթանում, Արցախի իշխանություններն իրենց քայլերին սկսել էին մասնակից դարձնել նաև հայաստանյան պաշտոնյաներին, մասնավորապես ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
Վերջինս հունիսի 15-ին իր մոտ է հրավիրել հորս, այդ ժամանակ ՀՀ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Ռուբեն Խանումյանին, և խորհուրդ տվել «դաստիարակել» իր որդուն, մասնավորապես ստիպել Ստեփանակերտից վերադառնալ Երևան:
Ոստիկանապետին խիստ վրդովեցրել է նաև իմ դիքորոշումը մադրիդյան սկզբունքների և կազանյան հանդիպման դեմ: Նա նաև հորս մի շարք աշխատանքներ է առաջարկել ինձ համար, մասնավորապես իմանալով իմ' Ֆրանսիայում սովորած լինելու հանգամանքը, առաջարկել է աշխատանք Ինտերպոլի ազգային գրասենյակում:
Միայն թե ես Արցախից տեղափոխվեմ Երևան: Սակայն իմ կողմից ստանալով բացասական պատասխան, ինչպես նաև իմ գործունեություն շարունակելու պատրաստակամություն, ոստիկանապետը դիմել է ստորագույն քայլի: Հայրս հրավիրվել է Երևան և նրանից պահանջվել է դիմում գրել' թոշակի անցնելու կապակցությամբ: Նշեմ, որ դեռևս 10 տարի հայրս կարող էր աշխատել համակարգում:
Հորս աշխատանքից զրկելը մեծ լծակ է ինձ վրա ճնշում գործադրելու առումով, քանզի զրկվելով Արցախում աշխատելու բոլոր հնարավորություններից, ես հիմնականում հորիցս էի գումար ստանում գոյատևելու համար: Հայրս հրաժարվել է դիմում գրել, սակայն հուլիսի 23-ին նրան ստիպողաբար ուղարկել են թոշակի:
Արցախից հայերին քշելու, Արցախը հայերից մաքրելու քաղաքականություն վարում էր Ադրբեջանը, ԽՍՀՄ վերջին տարիներին նաև խորհրդային ՊԱԿ-ը: Դրա ապացույցը «Օղակ» օպերացիան էր' գեներալ Սաֆոնովի գլխավորությամբ: Պարզվում է, այսօրվա Հայաստանում կան Սաֆոնովի հոգեզավակները' ի դեմս Ալիկ Սարգսյանի և նրան դիմած արցախյան պաշտոնյաների:
Սիրելի´ գործընկերներ,
Խնդրում եմ ձեզնից ամեն կերպ պահանջել և հասնել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականին: Ոստիկանապետի ստորագույն քայլը «լավ նախադեպ» կարող է դառնալ Արցախը հայաթափել ձգտող ուժերի համար:
Միևնույն ժամանակ խնդրում եմ ակտիվ քայլեր ձեռնարկել Արցախում բազմաբնույթ ծրագրերի իրականացման համար' այլընտրանքային կրթությունից մինչև քաղաքացիական ակտիվություն:
Արցախում ազատ մամուլի բացակայությունը, ընդդիմության չգոյությունը և քաղաքացիական հասարակության ծայրահեղ թույլ լինելը վերացրել է իշխանության բոլոր հակակշիռները, ինչի հետևանքով տեղի է ունեցել քաղաքական ռեժիմի դեգրեդացիա' երկիրը գլորվել է տոտալիտար համակարգի տրամաբանության մեջ: Այս քաղաքականության պատճառով Արցախը միջազգային իրավապաշտպան և վերլուծական կենտրոնների զեկույցներում 7 տարվա մեջ առաջին անգամ դասվել է ոչ ազատ երկրների շարքը' տեղ գտնելով Ադրբեջանի կողքին:
Հայկ Խանումյան
«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել