
Ուկրաինա-Ռուսաստան լարվածությունը խորանում է. հայտարարված է մոբիլիզացիա
Երեկ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատը միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի` Ուկրաինա զորք մտցնելու առաջարկությանը:
Ինչպես արդեն հայտնել էինք, ռուսական զորքերն արդեն իսկ ներխուժել են Ղրիմում գտնվող մի շարք ռազմավարական օբյեկտների տարածք: Ղրիմ է տեղափոխվել ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ:
Երեկ ռուսական նավատորմը փորձել է պաշարման մեջ վերցնել Բաակլավայում գտնվող ուկրաինական սահմանապահ զորքերի նավերը, սակայն վերջիններիս հաջողվել է ծով դուրս գալ:
Նշված դեպքերից և ՌԴ Դումայի որոշումից հետո Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը բոլոր զորքերը մարտական պատրաստության բերելու մասին հրաման է արձակել: Երկրում սկսվել է համընդհանուր մոբիլիզացիա (զորակոչ):
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքում գրել է, որ Ղրիմում գտնվող ներքին զորքերի զորամասեր են ժամանել ռուս «էմիսարներ», ովքեր անձնակազմերին առաջարկում են դառնալ ՌԴ քաղաքացի և անցնել իրենց կողմը: Ավակովի խոսքերով` բոլոր նման դեպքերում «էմիսարներին ուղարկել են ուր որ պետք է»:
Իսկ ահա Թեոդոսիայում գտնվող Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի զորամասն այժմ պաշարված է ռուսական ստորաբաժանումների կողմից: Վերջիններս ներկայացրել են վերջնագիր, համաձայն որի` Երևանի ժամանակով ժամը 12:00-ին ուկրաինացիների կողմից չզինաթափվելու դեպքում կսկսեն գրոհել:
Միջազգային դրությունը
Արևմտյան երկրները բավականին սուր են արձագանքել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության ոտնահարմանը:
Այսպիսով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պետք է քննարկվի ՌԴ անդամակցությունը մեծ ութնյակի գագաթնաժողովին, քանի որ «սա մեծ ութնյակի անդամ պետությանը վայել պահվածք չէ»:
Միաժամանակ, Ուկրաինայի ԱԳՆ-ն ռազմական և քաղաքական աջակցություն է հայցել ԵՄ-ից, ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից: Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ-Ռասմունսենը հայտարարել է, որ ՌԴ-ն պարտավոր է հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Ֆոգ-Ռասմունսենը նաև տեղեկացրել է, որ խնդրի շուրջ այժմ քննարկումներ են ընթանում:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինայում էր մնացել միության ատոմային ռազմագլխիկների մի մասը, և ատոմային զինաթափման դիմաց ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը երաշխավորել էին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել