Գյուղացուց թաքցնում են գյուղվարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքները
Հաշվի առնելով ՀՀ-ում գերակա ուղղություն հռչակված գյուղատնտեսության զարգացման ներկա մարտահրավերները,
«Գյուղատնտեսության վարկավորումը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ գյուղատնտեսության զարգացման գործում որքան կարևոր, նույնքան էլ խոցելի ոլորտներից մեկը: Խոցելիությունը ոչ միայն տոկոսադրույքների ընդհանուր առմամբ անհարկի բարձր լինելն է, որքան` շահառուների անտեղյակությունը տարեկան անվանական և փաստացի տոկոսադրույքների էական տարբերության մասին, անշուշտ` ի վնաս վարկառուի: Բանկերն ու վարկային կազմակերպությունները, ոչ թափանցիկ աշխատաոճով, վարկավորման բարդացված գործիքների միջոցով, ըստ էության, խաբում են գյուղացուն: Վարկառուն իրականում չի պատկերացնում, թե ինչ է արժենում որպես վարկ վերցվող գումարը:
Գյուղատնտեսական դաշինքի անդամ կազմակերպություններից մեկի` Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE)` 6 մարզերի ավելի քան 50 համայնքներում բնակվող 1000 ֆերմերների շրջանում անցկացրած ֆինանսական գրագիտության թեմայով սեմինարների արդյունքները ցույց տվեցին, որ ֆինանսական գրագիտության առումով իրավիճակը գյուղական համայնքներում անհուսալիորեն մտահոգիչ է:
«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով պարտադրվում է վարկային պայմանագրում նշել ոչ միայն անվանական, այլև տարեկան փաստացի տոկոսադրույքը, մինչդեռ գյուղատնտեսական վարկավորման պարագայում նման պարտադրանք չկա: Օգտվելով այս հանգամանքից` բանկերն ու վարկային կազմակերպությունները, կարելի է ասել, մոլորեցնում են ֆերմերներին, քանզի ֆերմերները չեն պատկերացնում թե, օրինակ, տոկոսագումարների վճարման հաճախականությունը, վարկի տրամադրման և սպասարկման համար գանձվող աստղաբաշխական գումարները իրականում ինչ ազդեցություն են ունենում տարեկան փաստացի տոկոսադրույքի վրա:
«Հաշվի առնելով ՀՀ-ում գերակա ուղղություն հռչակված գյուղատնտեսության զարգացման ներկա մարտահրավերները, առաջարկում ենք, օրենսդրական համապատասխան փոփոխության միջոցով, գյուղատնտեսական վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքները պարտադիր կերպով արտացոլել ֆերմերների հետ կնքվող վարկային պայմանագրերում: Օրենքի նման պարտադրանքը ենթադրում է բանկերի և վարկային կազմակերպությունների ավելի թափանցիկ և պատասխանատու աշխատաոճ գյուղատնտեսական վարկավորման ոլորտում: Դա ֆերմերին թույլ կտա, իր համար կարևորագույն որոշում ընդունելիս, «աչքաչափի» փոխարեն հիմնվել պայմանագրում նշված կոնկրետ թվերի վրա և մինչև որոշումն ընդունելը համեմատել առաջարկվող վարկային պրոդուկտների տարեկան փաստացի տոկոսադրույքները:
Մենք ողջունում ենք գյուղատնտեսության վարկավորմամբ զբաղվող այն ֆինանսական կազմակերպություններին, որոնք որդեգրել են պատասխանատու ֆինանսների սկզբունքները և թափանցիկ գործելակերպը: Սակայն, ցավոք սրտի, դրանց թիվը առայժմ շատ փոքր է:
Գյուղատնտեսության թափանցիկ և պատասխանատու վարկավորումը ոլորտի զարգացման հրամայականներից մեկն է: Ուստի կոչ ենք անում բոլոր այն բանկերին և վարկային կազմակերպություններին, որոնք վարկավորում են գյուղատնտեսությունը, չօգտվել ֆերմերների ֆինանսական գիտելիքների ցածր մակարդակից և պայմանագրերում արտացոլել գյուղատնտեսական վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքները»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել