
Գյումրեցիները ստիպված ռեզինե ճտքակոշիկներ են ձեռք բերել փողոցների ցեխը հաղթահարելու համար
Մարիամ Խալաթյան
Արսեն Վարդանյան
Այսօր Գյումրու քաղաքապետարանում հրավիրվել էր խորհրդակցություն ջրմուղի ներկայացուցիչների, փրկարարների եւ ճանապարհաշինարարների մասնակցությամբ: Սամվել Բալասանյանն անկեղծացավ եւ նշեց, որ հրատապ խորհրդակցություն հրավիրելը կապված է հանգստյան օրերին համացանցում ծավալված բուռն քննարկումների հետ: Ձյունն հալվել է՝ բացելով Գյումրու փողոցները «զարդարող» բոլոր հնարավոր ու անհնար փոսերը՝ տարբեր լայնության, երկարության ու խորության: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ստեղծված իրավիճակը որակեց «արտակարգ»:
«Քաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրմուղի պատճառով: Հարգելի պատվիրատուներ, այսինքն՝ ջրմուղի ներկայացուցիչներ և հարգելի կատարողներ, ովքեր մրցույթը շահել են, ի՞նչն է պատճառը,-ներկաներին դիմեց քաղաքապետը,-տեսնու՞մ եք՝ համացանցում ինչ է կատարվում, ես լրատվությունից շատ գոհ եմ նման աշխատանքի համար, որ արձագանքում են: Մեր այն փողոցները, որտեղ ասֆալտապատում չկա, ջրի խողովակների անցկացումից հետո չի արվել համապատասխան աշխատանք: Հիմա ի՞նչ պետք է անենք այս իրավիճակից դուրս գալու համար: Մարդիկ չեն կարող երեխաներին դպրոց ուղարկել... Կա նաև ցանկը, թե որ փողոցներն ինչպիսի վիճակում են: Ես, որպես քաղաքապետ, շատ անհանգստացած եմ այս վիճակով»:
Խորհրդակցությանը ներկա «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Վարդան Մարտիրոսյանը համաձայն չէր այն մտքի հետ, որ բոլոր, այսպես կոչված, «փոսային» դժբախտությունների պատճառն իրենց կառույցն է: Ջրմուղը հանդես է գալիս, որպես պատվիրատու եւ իրավասու չէ ուղիղ կերպով հանձնարարություն տալու շինարարին:
«Այստեղ է նաև ծրագրի խորհրդատուն, որն իրականացնում է նաև վերահսկողական ֆունկցիա՝ շինարարական աշխատանքների, այդ թվում՝ փողոցները նախկին տեսքի բերելու աշխատանքները,-նշեց Վարդան Մարտիրոսյանը,-չգիտեմ ինչու, ջրմուղի անունը շատ է շահարկվում. ջրմուղը քանդեց, ջրմուղն՝ ավերեց: Ջրմուղը, բնականաբար, չի քանդել, չի ավերել, ընդամենը պատվիրատուն է, և դրանով ավարտվում է ջրմուղի ֆունկցիան: Ես ուզում եմ ոչ թե պատասխանատվությունը մեզանից հեռացնել, այլ կոնկրետ հասցեատերերին նշել, ովքեր մեղավոր են այս կոլապսային վիճակի համար»:
Սամվել Բալասանյանն էլ իր հերթին նկատեց, որ քաղաքի ջրամատակարարման ցանցը նորացնելու նպատակով 70մլն եվրո է հատկացվել, ու աշխատանքները պատշաճ իրականացնելու իրենց պահանջն արդարացի է նաեւ մարդկանց հարմարավետության տեսանկյունից:
«Գիտեկ» խորհրդատվական կազմակերպության գլխավոր ինժեների մշտական ներկայացուցիչ Դենի Հազեբրուքն, ով մասնակցում էր խորհրդակցությանը, արդարացավ, որ նման մեծածավալ աշխատանքներ իրականացնելիս բնական է, որ ծագեն դժվարություններ: «Մենք ցանկանում ենք նվազագույնի հասցնել խրամուղիների փորման աշխատանքներից հետո մինչև բարեկարգում ընկած ինտերվալը, բայց միշտ չէ, որ հաջողվում է»,-ասաց Դենի Հազեբրուքը: Սամվել Բալասանյանը հետաքրքրվեց Դ. Հազեբրուքից, թե ինչպե՞ս կարձագանքեր եվրոպացին նման իրավիճակներում, արդյո՞ք կհանդուրժեին: «Իհարկե, եթե այսպիսի խնդիրներ առաջանում են, բնակիչները, բնականաբար, արձագանքում են, այս դեպքում մենք պետք է կապալառուներին մոբիլիզացնենք հարցը հնարավորինս արագ լուծելու համար»,-խոստացավ պատասխանատուն:
Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանն էլ նշեց, որ մարդիկ հատուկ ռեզինե սապոգներ են գնել, մի մասն էլ՝ «կալոշ», որ կարողանան ցեխոտ փողոցներով քայլել: «Տնից դուրս ելնողը չի կարող տուն գնալ, դպրոցականը չի կարող դպրոց գնալ, մանկապարտեզ չեն կարող գնալ, մեքենա չի գնում, շտապօգնություն՝ չի գնում, տաքսի՝ չի գնում, հասարակական տրանսպորտ՝ չի աշխատում, մինչև ե՞րբ»,- հարց հնչեցրեց Կնյազ Մանասյանը:
Շիրակի մարզային փրկարարկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանն էլ իր հերթին փաստեց, որ երկրորդական և երրորդական փողոցներում անանցանելի իրավիճակ է: «Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում՝ սկսած ջրափոսերում հայտնված մարդկանցից, տրանսպորտային միջոցներից, մարդիկ ձեռք ու ոտք են կոտրում, այդ փողոցներն անցնելն անհնարին է, ձկնորսական սապոգներն էլ չեն օգնում: Մենք տեխնիկապես այնքան էլ հագեցած չենք, որ քարշակ մեքենա ունենանք, հրշեջ մեքենաներով ենք քաշում: Միայն Գյումրիում 2 օր առաջ ստացել ենք ցեխի մեջ արգելափակված մեքենաների երեք կանչ»,-հայտնեց Մարատ Սարիբեկյանը:
Ըստ շինարարական աշխատանքներ իրականացնող «Դորոժնիկ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գագիկ Կարապետյանի՝ հիմնական պատճառը Գյումրի քաղաքում ջրահեռացման համակարգի բացակայությունն է, որի հետևանքով հալոցքից, գազոններից սառած գրունտի կավահողը լվացվում ու լցվում է ասֆալտի վրա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել