HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Գեւորգյան. «Կառավարությունը մտադիր չէ իրականացնել որեւէ ծրագիր, որը կարող է վնասել գյուղատնտեսության զարգացմանը»

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարտի երեկ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Արագածոտնի մարզի Օհանավան եւ Կարբի գյուղերի խնձորի այգիների ոռոգման  խնդիրը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը,  Բնապահպանության նախարարության,  ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, Օհանավան եւ Կարբի համայնքների ղեկավարները, տարածքն սպասարկող «Քասախ» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) գործադիր տնօրենը:

Ինչպես նշված է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ, պատասխանատուները փոխվարչապետին զեկուցել են, որ Արզնի-Շամիրամ մայր  ջրանցքի դոտացիոն ջրատարի վրա նախատեսվող էներգետիկ ծրագրի իրականացման համար ջրօգտագործման թույլտվություն է տրվել  միայն այն պայմանով, որ բոլոր ծրագրերն իրականացվեն բացառապես ոռոգման ռեժիմով:

Նշվել է,  որ էներգետիկ ծրագրի իրականացման նախապայմաններից մեկն էլ այն է, որ  իրականացնող ընկերությունն իր միջոցների հաշվին վերակառուցի դոտացիոն  ջրատարի արագահոս համակարգը`  ներկայիս քայքայված  համակարգը փոխարինելով  ստորգետնյա համակարգով, ինչը կնվազեցնի ջրի կորուստներն ու կբարձրացնի կառավարման արդյունավետությունը:

Տեղեկացվել է, որ «Քասախ» ՋՕԸ-ի կողմից այգիների ոռոգման համար տարեկան մոտ 17-18 մլն խմ ջուր է օգտագործվում, Ապարանի ջրամբարում կուտակված ջրի մնացած մասն արագահոս համակարգով ուղղվում է Արարատյան դաշտավայրի եւ Արագածոտնի մարզի այլ տարածքների ոռոգմանը: Ապարանի ջրամբարի նախագծային հզորությունը 90 մլն խմ է, եւ ջրամբարում հիմնականում  միշտ կուտակվում է ջրի ավելի մեծ ծավալ, քան անհրաժեշտ է  միայն այգիների ոռոգման համար: Ըստ ոլորտի պատասխանատուների` անգամ  էներգետիկ ծրագրի իրականացման դեպքում անհանգստությունը, որ կուտակված ջուրը կարող է սպառվել կարճ ժամանակահատվածում, տեղին չէ, քանի որ ջրառ ընկերությունը ջրօգտագործումը պլանավորում է ոռոգման ողջ շրջանի համար`  ապրիլից մինչեւ սեպտեմբեր ներառյալ: 

Ինչ վերաբերում է բնակիչների մտահոգությունը հարուցած խողովակների տրամաչափին, ապա արձանագրվեց, որ անկախ դրանց չափից`  արագահոս համակարգ է ուղղվում միայն դոտացիոն, ոչ թե «Քասախ» ՋՕԸ-ի համար հատկացվող ջուրը:

Փոխվարչապետը լսելով պարզաբանումները` արձանագրեց, որ կառավարությունը մտադիր չէ իրականացնել որեւէ ծրագիր, որը կարող է անգամ նվազագույն չափով  վնաս հասցնել  նշված համայնքներում գյուղատնտեսության զարգացմանը: Նա մեկ անգամ եւս հիշեցրեց, որ Օհանավանի, Կարբիի եւ Ուջանի տարածքում նախատեսվում է տեղադրել  յոթ լրացուցիչ հակակարկտային կայանք` բերքը կարկտահարությունից պաշտպանելու համար,  իսկ առաջիկա տարիներին ոռոգման համակարգում իրականացվելիք ծրագրերով, մասնավորապես, Եղվարդի ջրամբարի կառուցումով,  նախատեսվում է այդ տարածքում զարգացնել գյուղատնտեսությունն  ու այգեգործությունը:

Նախատեսվող  էներգետիկ ծրագիրը նա կարեւոր համարեց  ոռոգման արագահոս համակարգի վերակառուցման,  համայնքներում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման, կառուցող ընկերության կողմից համայնքներում ծրագրերի իրականացման  տեսանկյունից, սակայն ընդգծեց, որ  ջուրն առաջնահերթ  պետք է ուղղվի  ոռոգմանը, եւ այգիները պետք է ստանան ջրի այն նույն ծավալը, որն ստացել են մինչ օրս: Արձանագրվեց , որ  խնձորի այգիների ոռոգման համար  անհրաժեշտ ջրաքանակը պետք է ապահովվի առաջնահերթ կարգով:

Նա նաեւ առաջարկեց  ստեղծել  աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն այգիները սպասարկող «Քասախ»  ՋՕԸ-ի, ջրառ ընկերության, Օհանավան եւ Կարբի համայնքների եւ էներգետիկ ծրագիրն իրականացնող ընկերության ներկայացուցիչներ`  ծրագրի  քննարկման եւ իրականացման գործընթացը վերահսկելու  նպատակով: Փոխվարչապետը կարեւորեց նաեւ ծրագիրն իրականացնող ընկերության կողմից անհրաժեշտ բոլոր նախագծերի պատրաստումը եւ լիարժեք հանրային իրազեկման ապահովումը: Նա մարզպետին եւ համայնքների ղեկավարներին առաջարկեց անհրաժեշտ բացատրական աշխատանքներ իրականացնել  եւ պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում  քննարկել առաջացող խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter