HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտրություններ են. Զորակում հիշել են խնդիրների մասին՝ կանգառներից մինչեւ մանկապարտեզ

Արմեն Սարդարյան

Արարատի մարզի Զորակ գյուղում թվացյալ խաղաղություն է, սակայն վարչական լծակն արդեն գործի է դրվել 20 տարի շարունակ համայնքապետ աշխատած հանրապետական թեկնածուին կրկին այդ պաշտոնում թողնելու համար: Մարտի 9-ին այս գյուղում տեղական ինքնակառավարման ընտրություններ են: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 2 թեկնածու՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Մանուկ Մալոյանը եւ ԲՀԿ անդամ Էդուարդ Հարությունյանը: Նույն օրը զորակցիներն ընտրելու են նաեւ ավագանի: Ավագանու 7 տեղի համար մրցելու է 11 թեկնածու, որից 8-ը ՀՀԿ անդամ են, 3-ը՝ ԲՀԿ:

Գործող համայնքապետ Մանուկ Մալոյանը նախընտրական շտաբ չունի: Մեր այցելության պահին նա համայնքապետարանի իր աշխատասենյակում էր եւ «մինի ժողով» էր անցկացնում, որին ներկա էր նաեւ զորակցի, ՕԵԿ Մասիսի գրասենյակի նախկին ղեկավար Մհեր Համբարձումյանը: Մանուկ Մալոյանն ասաց, որ ինքն արձակուրդի մեջ է: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է իր աշխատասենյակում նստած հյուրեր ընդունում, պատասխանեց. «Կանչել են, եկել եմ տեսնեմ՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա»:

Նա չէր ցանկանում զրուցել մեզ հետ` պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: Այնուամենայնիվ, համաձայնեց ներկայացնել իր անելիքները եւ անցած 20 տարիներին կատարված աշխատանքը: Հանրապետական թեկնածուն ասաց, որ նախընտրական ծրագիր ունի, սակայն տպագրված չէ, մինչեւ ընտրությունները կհասցնի տպագրել: Մեր հարցին, թե ընտրություններին հաշված օրեր են մնացել, ե՞րբ է հասցնելու տպագրել, մի քանի վայրկյան մտածելուց հետո ասաց. «Ինչքան քիչ մնա, այնքան լավ, որ ժողովուրդը տեսնի՝ որն ա լավը»: Նա ընտրողների հետ հանդիպումներ չի ունեցել, փոխարենը նշում է, որ մրցակիցը ազգականների հետ տնետուն ընկած քարոզչություն է իրականացնում: «Տներն այցելեմ, ի՞նչ անեմ: Եթե բնակչությունը գտնում է, որ իրեն պետք եմ, ուրեմն պետք եմ»,- ասաց Մանուկ Մալոյանը:

Նրա խոսքերից հասկացվում էր, որ մրցակից ԲՀԿ-ական թեկնածուի հետ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն: «Հիմա հարաբերությունների մեջ չենք, դե որ չի գալիս խոսենք, հո՞ չեմ խնդրելու: Մի 3 ամիս առաջ էր, եկավ ասաց, որ թեկնածությունս չեմ դնելու, պարզվեց, որ ձեւական է, հետո դրեց: Դե ինքը գիտի, որ համայնքում այդքան հարգանք, պատիվ չունի: Գլուխ գովելու բան չի, բայց իր համեմատ իմ շանսերը բարձր են»,- ավելացրեց Մանուկ Մալոյանը եւ ներկայացրեց իր «չգրված» ծրագիրը: Նա թվարկեց առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրները:

Համայնքապետի թեկնածուի գլխավոր նպատակը գյուղի մանկապարտեզի գործարկումն է: Նրա խոսքերով՝ շենք ունեն, գույք ունեն, իրականացվել է մասնակի վերանորոգում, սակայն ամբողջական վերանորոգման համար գումար է անհրաժեշտ, որն այս պահին չունեն: Գործող համայնքապետի ասելով՝ իր ծրագրով երկրորդ առաջնահերթությունը դպրոցի հին պատուհանների փոխարինումն է եվրոպատուհաններով, ինչպես նաեւ՝ լոկալ ջեռուցում անցկացնելը: Այժմ դասասենյակները ջեռուցվում են էլեկտրական սալիկներով: Այս ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքապետի թեկնածուի հույսը կառավարության աջակցությունն է: Գյուղը գազիֆիկացված է, սակայն նոր թաղամասեր կապույտ վառելիքը չի հասել: Համայնքապետի թեկնածուի երրորդ ծրագիրը նոր թաղամասերի գազիֆիկացումն է:

Իհարկե, թվարկվածները Զորակի միակ խնդիրները չեն: Մշակույթի տունն անմխիթար վիճակում է: Շենքի հատակը, պատուհանները շարքից դուրս են եկել: «Մի քանի անգամ դիմել ենք մշակույթի նախարարություն, ասում ենք՝ Երեւանում մշակույթի տներ են վերանորոգում, գոնե հին ապրանքը տվեք մեզ, մենք օգտագործենք, ոչ մի արձագանք: Հասմիկ Պողոսյանին էլ եմ գրավոր դիմել, բայց պատասխան ոնց որ թե չեմ ստացել: Մի երկու բառ գնացել հետը փոխանակել եմ, դեռ շարժ չկա»,- ասում է համայնքապետի թեկնածուն:

Մանուկ Մալոյանը նշեց, որ  գյուղում խմելու ջրի խնդիր չունեն: Այն Մասիս քաղաքից են ստանում, բայց գյուղացիների գերակշիռ մասը նախընտրում է խմել արտեզյան հորերի ջուրը: «Իրենց համար ավելի լավ է արտեզյան ջուրը խմեն, քան քաղաքի ջուրը: Մասիսի ջուրը որակով վատը չի, բայց բնակչության գերակշիռ մասը սոցիալապես անապահով է, գումարը վճարելուց են երեւի վախենում, դրա համար չեն ուզում քաղաքի ջրից օգտվել»,- ասում է Մ. Մալոյանը:

Զորակում սուր է ոռոգման ջրի հարցը: Պատճառը գյուղի վարչական տարածքում գործող ձկնաբուծարաններն են: Համայնքապետը պատմում էր ձկնաբուծարաններից, եւ երբ հերթը հասավ Գագիկ Ծառուկյանի ու Հովիկ Աբրահամյանի համատեղ հիմնած ձկնաբուծարանին, զրույցին հետեւող Մհեր Համբարձումյանը սաստեց նրան. «Մալոյան, ի՞նչ գործ ունես իրանց ձկնաբուծարանից ես խոսում»: Մ. Մալոյանն անմիջապես փակեց ձկնաբուծարանների թեման, միայն նշեց, որ գյուղում այժմ գործում է 5 ձկնաբուծարան, մի քանիսն էլ փակվել են:

Ոռոգման ջուր չլինելու պատճառով, ըստ համայնքապետի, գյուղում 75 հեկտար հող չի մշակվել: Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ թեկնածուներից յուրաքանչյուրը ջանացել է ընտրազանգվածին իր կողմը գրավել, Մանուկ Մալոյանի ասելով՝ իրեն հաջողվել է նրանց օգնությամբ երկու արտեզյան հոր շահագործել, որոնցից մեկը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի աջակցությամբ: Համայնքապետի թեկնածուն ասում է, որ երկու արտեզյան հորերն իրենց համար փրկություն են՝ դրանց շնորհիվ հնարավոր է դարձել գյուղի հողերի 90%-ը ոռոգելի դարձնել:

Որպես 20 տարիների ձեռքբերում գործող համայնքապետը նշեց հարկերի հավաքագրումը: «1994թ. մինչ օրս պարտք, պահանջ չենք ունեցել»,- ասում է Մ. Մալոյանը եւ որպես օրինակ բերում է 2013թ. Ցուցանիշները՝ համայնքային բյուջեն կատարվել է 100%-ով, վարձակալության գումարները հավաքագրվել են 103%-ով, իսկ տեղական տուրքերը՝ 370%-ով: Մանուկ Մալոյանը նշեց, որ «բախտի բերմամբ» են կարողացել տեղական տուրքերի բարձր կատարողական ապահովել: «Ձկնաբուծարանների տարածքում շինարարություն կատարելու թույլտվություններ ենք տվել, հենց այդ շինթույլտվության գումարներից տեղական տուրքերն ավելացան»,- նշեց համայնքապետը:

Գործող համայնքապետը թեեւ գոհ էր հարկահավաքման ցուցանիշներից, սակայն մի քանի հարցից հետո անկեղծացավ եւ պարզվեց, որ հարկահավաքության առումով արված գործն այնքան էլ գոհացուցիչ չէ: Մոտ 5 մլն դրամի ապառք գոյացել է հողերից, որոնց սեփականատերերը Հայաստանում չեն, մի կլորիկ գումար էլ` ավտոմեքենաների գույքահարկից:

Որպես վերջին 20 տարիների ձեռքբերում Մ. Մալոյանը նշեց նաեւ գլխավոր փողոցի լուսավորության խնդիրի լուծումը: Ըստ նրա՝ մայրուղու երկարությամբ լուսավորություն կա, 3 փողոցներում էլ նախահաշիվն արված է, մոտ 12 մլն դրամ է նախատեսված, ինչը կարող են անել նաեւ համայնքային բյուջեով: Այնուհետեւ ասաց, որ փողոցներն է խճապատել, գյուղում ապրող փախստականների համար 26 քոթեջ է կառուցել տվել, որը «հենց այնպես» չի կառուցվել, բազմիցս է «թակել, ջարդել համապատասխան մարմինների դռները»: «Համայնքային բյուջեով մեծ բաներ չենք կարողանում անել, բայց եթե կարողանանք մանկապարտեզի հարցը լուծել ու գոնե մեկ խումբ պահել` գովելի կլինի»,- նշեց Մանուկ Մալոյանը:

Նրա մրցակիցը՝ Էդուարդ Հարությունյանը, նշեց, որ մի քանի օր առաջ նախընտրական շտաբ է բացել եւ ակտիվ հանդիպումներ է ունենում համայնքի բնակչության հետ: Նա էլ տպագրված ծրագիր չուներ, սակայն իր մտադրությունները կարողանում է հասցնել ընտրողներին: Անդրադառնալով հանրապետական թեկնածուի խոսքերին, թե նախապես խոստացել էր թեկնածությունը չառաջադրել, Է. Հովհաննիսյանն ասաց, որ մարդը փոփոխական մտքեր ունի՝ այսօր կարող է ասել չեմ դնում թեկնածությունս, իսկ վաղը կարող է զղջալ եւ առաջադրվել: «Ուզել եմ` դրել եմ թեկնածությունս: Ամեն մարդու սրտից է բխում դա»,- ասում է Է. Հարությունյանը: Նա ասաց, որ եթե ինքը թեկնածությունը դրել է, ապա վստահ է եղել, որ ընտրազանգված ունի, որովհետեւ խոսել է ժողովրդի հետ եւ վստահություն ու հավանություն է ստացել իր անձի նկատմամբ:

Նա նշեց, որ վերջին 20 տարիներին գյուղում որեւէ դրական առաջընթաց չի եղել: Ըստ նրա՝ ճանապարհներն անմխիթար վիճակում են, գյուղում լուսավորության, ոռոգման եւ խմելաջրի խնդիրները լուծված չեն: «Գյուղում երկու կանգառ կա, բայց դա կանգառ չի, ամոթով ենք մնում, լրիվ զիբիլանոց է: Կարելի էր երկու հատ սիրուն կանգառներից բերել դնել, որ մարդիկ անձրեւին, ձյանը դրա տակ կանգնեն: Այդ մարդը գյուղապետ եղած 20-25 տարիների ընթացքում ոչինչ չարեց»,- ասում է ԲՀԿ-ական թեկնածուն:

Էդուարդ Հարությունյանը նշեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ եւս համայնքապետի թեկնածու է եղել եւ մրցել է հենց Մանուկ Մալոյանի հետ: Պատմեց, որ 4 տարի առաջ ցանկացել է գյուղում ճանապարհները շեբենապատել, սակայն գործող համայնքապետը, օգտագործելով վարչական լծակները, թույլ չի տվել այդ աշխատանքները կատարել եւ դրանից օրեր անց, իր անունից եւ համայնքի բյուջեի հաշվին ճանապարհները շեբենապատել է: Նա դեռ չէր լսել, որ այս ընտրություններում համայնքապետը նման «բարեգործություններ» կատարի: «Դեռ ականջովս չի ընկել նման խոսակցություն»,- ասաց Էդուարդ Հարությունյանը:

 

 

Մեկնաբանություններ (10)

Զորակի մի քանի այլ բնակիչներ
Կապ չունի թե որտեղի բնակիչ է, Մալոյանը երբ աշխատում էր Զանգիլարում, այնտեղ միայն ադրբեջանցիներ էին, էնպես որ Մալոյանը շատ վաղուց է այնտեղ գործում ու շատ լավ, իհարկե կան խնդիրներ գյուղում, դրանք ամբողջ Հայաստանում կան, իսկ Էդիկը, գուցե լավ մարդ է, բայց որպես ղեկավար հաստատ չի կարող աշխատել, մարդկային հարաբերություններ չգիտի, անցած անգամ իրան ձայն տվեցինք բայց դրանից հետո 4 տարի մեր հետ մի բառ չխոսաց, մի հատ մերսի չասեց... մի խոսքով թող արխային լինի, մեկա չի անցնելու, մեր հանդեպ ունեցած իրա վերաբերմունքը բերեց նրան որ նրա կողքը հիմա մի քանի հոգի են մնացել, էն ել փեսա բարեկամ
Զորակի բնակիչ
Շատ լավ մարդ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ ՄԱՐԴ օգնւմ է մարդկանց , անապահով ընտանիքների, ուշադիր է մեցահասակների նկատմամբ: Շատ բարի, ազնիվ մարդ է Էդուարդ Հարութունյանը , շատ շատ ուրախ ենք որ նա դրել է իր թեկնածությունը
Գարիկ
լավ էլի ամոթա ամոթ, անցած անգամ սաղիղ քաշեց, չորս տարի ձեն չհանեց, հիմա էլ եկելա նորից պայքարիա դուրս գալիս, հիմա ով իրան խոսքա տալիս հաստատ խաբումա իրան, ես ել եմ ասել քո կոխքին եմ, բայց չի հասնում իրան, Մալոյանն էլ եսիմ ինչ ձև չի աշխատում, բայց համեմատաբար իրանից լավնա, ուրծ ավելի լավը լիներ մեր գյուղից կարելի էր գնալ հետևից իրան ոչ ոք չի հարգում սաղ սուտա, իսկի հայերեն տառերը չգիտի... թող փախնի գնա: համ ել ժողովուրդ ջան ստեղ կրված դեպուտատի կռիվնա խեղճ էդոն ել գիտի ինքը հեսա կանցնի, սաղիս էլ խառնել են իրար
Արամ
Ամոթ լինի բոլոր այն մարդկանց ,ովքեր կկորցնեն իենց թասիբը, ու չէն ընտրի իր գյուղացուն: Իսկ ինչ մնում է թե ինչպիսի մարդ ե Է. Հարությունյանը, ասեմ բոլորիտ նա Հիանալի մարդ է, : և գիտեմ որ Գյուղը կվերականգնի ու կազատի բոլոր չարիքներից:
Զորակ
Եթե ի վիճակի չեք մարդուն ճիշտ նկարագրել, ապա ընդհանրապես պետք չէ որևէ կերպ վատաբանել և փնովել նրան: Եթե Էդուարդ Հարությունյանը դեռ գյուղապետ չի եղել, և դուք չեք տեսել որևէ լավ կամ վատ բան,ապա ինչպես կարող եք հստակ խոսքեր գրել նրա հասցեին,այն էլ բացասական: Միթե ձեզ համար հաճելի է հարևան գյուղացու ղեկավարության ներքո ապրել՝ ոչ մի դրական արդյունք չունենալով: Իսկ ինչ վերաբերվում է Հարությունյանի՝ հայերեն տառեր չիմանալուն, ուղղակի ծիծաղելի է հնչում այն մարդու կողմից, ով պարզապես անգրագետ կերպով է շարադրել այդ անիմաստ մտքերը: Ուրիշին փնովելու և թերագնահատելու փոխարեն, կարելի է մի քիչ զբաղվել սեպական բառապաշարով և մի քիչ ավելի ռեալ նայել այս ամենին:
Արմինե Սիմոնյան
Գարիկ եք թե ով եք ամոթից եք խոսում որ ինքներտ ամոթ չունեք ձեր անձի նկատմամբ ինքներդ եք գրում որ խաբում եք տղամարդ կոչվելու իրավունք չունեք ամոթը քեզ ու քո նմաններին
Սուսան
Ձկնաբուծարանի համար Մհեր Համբարձումյանը սաստեց Մալոյանին որովհետև նա նույնպես ձկնաբուծարաններ ունի նա էլ իր շահերի համար է պաքարում ;
Զորակ գյուղի բնակիչ
Ես էս պահին կոնկրետ ինչ-որ մեկի կոմից չեմ,բայց մի բանում համոզված եմ,որ Էդիկ Հարությունյանը այնքանով է տղամարդ,որ իր հարցերը ոստիկանության միջոցով չի լուծում ի տարբերություն հակառակորդի ու շատերի: Ու նենց չի, որ մարդկանց վաղեցնելովա ուզում տիրանա էտ պաշտոնին: Հարեվանս էկավ,ասումա ես Էդիկի կոմից եմ,բայց եկել վաղեցրել են,էտ մարդն էլ իրա ապրուստի վրա դողալու պատճառով հրաժարվելա,բայց ոչ էլ Մալոյանինա ձեն տալու,թող չերազի,ուղղակի չի ներկայանալու: Ովա տեսել տենց բան,մարդուն վաղեցնելով իրան ընտրելա տալիս:Ոչխարհների տեղա դրել սաղին ու ւզւմա իրա ուզած ձևով արածացնի:Էտ որ շատերը գնում վախից իրան են ընտրում,էտ չի նշանակում,որ նենց գոհ են կամ հպարտ Մալոյանով:Սաղ էլ դոշ են թափ տալիս իրանից,ուղղակի երևի ինքը խաբար չի:Ես չգիտեմ Եդիկ Հարությունյանին կընտրեմ,թե չէ,բայց ամեն դեպքում Մալոյանին էլ հաստատ չեմ ընտրի,ծայրահեղ դեպքում ւղղակի չեմ ներկայանա ու վերջ:Բայց ավելի լավա Հարությունյանին ընտրեմ ու լավ կամ վատ փոփոխություն տեսնեմ գյուղում,քան թե ըմտրեմ մի մարդու,ում օրոք մի կարգին փոփոխություն չտեսանք:
Զորակի բնակիչ
Էդուարդ Հարությունյանը չի էլ ամաչում, նոր թեկնածությունա դնում, ամբողջ գյուղում հարգանք պատիվ չունի, մարդկանց հետ չի էլ շփվում, մասկնակցություն չի ցուցաբերում թաղումների ժամանակ, մի խոսքով իրեն սպառած մարդ է, չարժի ել շատ խոսել նրա մասին
Զորակի մեկ այլ բնակիչ
Բայց էդ մարդն ի՞նչ վատություն է արել, շատ շատերին է օգնություն ցուցաբերել: Մանուկ Մալոյանն է կողքի գյուղից եկել մեր գյուղին տիրացել: Ինքն է գյուղապետ, որ տարիներ շարունակ գյուղի ուսանողությունը ոտքով հասնում էր իրենց գյուղ՝ Դաշտավան, որ քաղաք տանող երթուղին նստեն: Վերջերս էլ ձևականորեն գիծը բերել է մեր գյուղ: Ես որպես գյուղի բնակիչ, գործող գյուղապետից մի դրական փոփոխություն չի տեսել: Ամեն ընտրության ժամանակ խոստումներ է տալիս, բայց թղթի վրա է մնում: Գոնե իր նստավայրը վերանորոգեր էս 20 տարվա ընթացքում: Իսկ առաջադրվող թեկնածուին որպես լավ մարդ գիտենք գյուղում ու իր բոլոր նպատակներն իրագործելի են: Էդուարդ Հարությունյանը ամենակարևորը մեր գյուղի բնակիչ է ու հաստատ բնակիչների խոսքը չի անտեսի: Եթե գյուղապետ ընտրվի համոզված եմ տարին կլոր բնակիչներին կաջակցի, ոչ թե Մալոյանի նման միայն ընտրությունների նախորդ մեկ շաբաթվա ընթացքում հիշի, որ գյուղապետ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter