HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը Սեւանի խնդիրները հասցրել է հանրապետության նախագահին

Արփինե Մինասյան

Սեւան քաղաքի 2013թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը երեկ ներկայացրեց Սեւանի տարբեր հաստատությունների, քաղաքապետարանի աշխատակիցների, հ/կ-ների, ԶԼՄ-ների, ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչների մասնակցությամբ: Բյուջեի հաշվետվությունից հետո քաղաքապետը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում Սեւան քաղաքում կատարված աշխատանքները: «Այսօր լուծված է սեւանցու ջրի խնդիրը»,-հայտարարեց Ղուկասյանը` ներկայացնելով ջրամատակարարման համակարգի վիճակը: «Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարում» ծրագրի շրջանակներում 2013թ.-ին Սեւանում իրականացվել են ջրագծերի հիմնանորոգման աշխատանքներ. անցկացվել է 36 կմ երկարությամբ խողովակ եւ 830 տնային միացումներ են կատարվել:

Ծրագիրն իրականացրել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն` «Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկ»-ի ֆինանսավորմամբ: Ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներից հետո դեռ կան ջրագծերի ու կոյուղագծերի գործնական հրատապ լուծում պահանջող խնդիրներ»,- նշեց քաղաքապետը` հավելելով, որ 2013թ. տարեվերջին իրենց կողմից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ է ներկայացվել Սեւան քաղաքում ջրամատակարարման եւ կոյուղագծերի հետ կապված հիմնախնդիրների ցանկը, որը ներառվել է 2014թ.-ի ծրագրերում:

«Հետք»-ի հարցին, թե Սեւան քաղաքի ջրահեռացման համակարգն ի՞նչ վիճակում է, քաղաքապետը պատասխանեց, որ այլ ենթակառուցվածքների համեմատությամբ կոյուղացման համակարգը լավ վիճակում է: «Մինչեւ իմ քաղաքապետ լինելը, բավականին աշխատանք է արվել: Մնացած ծրագրերը ներկայացվել են «Հայջրմուղկոյուղի»: Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ 2015թ.-ին ամբողջական տեսքի կբերվի, դա վերաբերում է Սեւան-Վարսեր կոյուղուն, որը չի գործում, մնացածը աշխատում են»,- պատասխանեց Ղուկասյանը:

Վերջինիս համոզմամբ` Սեւան քաղաքին կոյուղու մաքրման կայան հարկավոր չէ: Ըստ նրա` Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս քաղաքներում կառուցված մաքրման կայանները մեխանիկական են եւ ոչ քիմիական: «Կոյուղին լցվում է մաքրման կայան, կոշտ մասերը հանվում են, մնացածը լցվում է լիճ: Քիմիական մաքրում չի կատարվում: Սեւանը մարզի միակ քաղաքն է, որի կոյուղին լիճ չի թափվում, կոլեկտրով գնում է Քաղսի: Ճիշտ կլիներ Քաղսու մաքրման կայանը եւ Վարսերի հատվածը վերականգնեին, որպեսզի այն լցվի Երեւանի աերացիա»,- հայտնեց Ռ. Ղուկասյանը:

2013թ. ձեռքբերումներից է Սեւանի քաղաքային զբոսայգին: «Քաղաքային զբոսայգին, որն արդեն 90%-ով կառուցվել է, ֆինանսավորել է «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպությունը: Նույն տարում իրականացվել են նաեւ այլ ծրագրեր: Քաղաքապետը տեղեկացրեց, որ Սեւանի Երաժշտական դպրոցը եւ մշակույթի պալատը հարստացել են երաժշտական նոր գործիքներով, «Սեւան» ժողովրդական պարային համույթի հանդերձապահարանը համալրվել է ժողովրդական ու ազգագրական հագուստներով, Սեւանի 6-րդ միկրոթաղամասում կառուցվել է խաղահրապարակ, առաջիկայում կտեղադրվեն խաղամիջոցները: Քաղաքապետարանը նախատեսել է կառուցել եւ հիմնանորոգել բակային 6 խաղահրապարակ: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 103 մլն դրամ:  Քաղաքապետարանը հույս ունի, որ աշխատանքները կկատարվեն Գրենոբլի հայ համայնքի աջակցությամբ:

Երբ հերթը հասավ համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, Ղուկասյանը մի կողմ դրեց զեկույցը` անկեղծ զրույցի ցանկություն հայտնելով: Քաղաքապետը հրատապ խնդիրներից առանձնացրեց փողոցների ասֆալտապատման, փոսալցման աշխատանքները: «Այս տարի փողոցների ասֆալտապատման աշխատանքներն ուշացան` կապված ջրամատակարարման համակարգ անցկացնելու հետ, որն ընդգրկում էր ողջ համայնքը: Ասֆալտպատման մեկնարկը տրվել է քաղաքի գլխավոր` Նաիրյան փողոցի վերջնամասից հասնելով մինչեւ Զորավար Անդրանիկի հրապարակ: 2013թ.-ին 20 հազար քմ ասֆալտածածկում է կատարվել»,- նշեց Ղուկասյանը: Նրա խոսքերով` կատարված ասֆալտածածկման աշխատանքներն ընդամենը 3% են կազմում: Եթե նույն կերպ շարունակվի, ասֆալտի ծածկույթը հողածածկույթի կվերածվի: 

Համայնքում առկա մյուս խնդիրը աստիճանահարթակներն են: Տարիների ընթացքում դրանք դարձել են անօգտագործելի: 2013թ. ընթացքում կատարվել են Նալբանդյան-Սյունաց փողոցներն իրար միացնող աստիճանահարթակի կառուցման աշխատանքներ, ընդհանուր աժեքը կազմել է 5մլն 600 000 դրամ: 2014թ. քաղաքապետարանը նախատեսել է կառուցել եւս 5 աստիճանահարթակ: 

Խնդիրներից հաջորդը բազմաբնակարան շենքերի տանիքների հարցն էր: «Ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Սեւանում խնդիր է բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգումը: Սեւանի 213 բազմաբնակարան շենքերի զգալի մասը կառուցվել է 50-70-ականններին: Տանիքների զգալի մասը շարքից դուրս է եկել: Միայն համայնքային բյուջեի միջոցներով նման մասշտաբի խնդիրներ լուծել հնարավոր չէ»,- ասաց Ղուկասյանը: Նրա ասելով` ՀՀ կառավարությունը 2007թ.-ից մեկնարկել է համայնքների տանիքաշինության համար նպատակային  գումարների տրամադրման գործընթացը: Նախորդ տարիներին տրամադրված գումարներով հիմնանորոգվել են բազմաբնակարան 10 շենքերի տանիքներ: 2013թ. հիմնանորոգվել է եւս 4-ը:

«Մենք լուրջ աշխատանքներ ենք տարել ՀՀ կառավարությանը, մարզպետարանին հասկացնելու, բացատրելու, որ Սեւան քաղաքն ավելի շատ շենքեր ունի, քան մարզի մնացած 4 քաղաքները միասին վերցրած, բայց, չգիտես ինչու, գումարը հավասարաչափ է բաշխվում: Եթե էս տեմպերով գնանք, մենք էկող տարի էլ չենք վերջացնի: Կառավարության խնդիրն է, դիմի համապատասխան կառույցներին, վարկ վերցնի ու էս խնդիրները լուծի»,- ասաց նա: «Սեւան քաղաքի առաջնահերթությունների ծրագիրը ներկայացվել է հանրապետության նախագահին, դրա արժեքը կազմում է 6 մլրդ դրամ»,- ներկաներին հավաստիացրեց քաղաքապետը, ըստ որի, այն գոյատեւման ծրագիր է, որով ինչ-որ չափով կբարեկարգվեն փողոցները, դպրոցները, փլուզման եզրին կանգնած Սեւանի երաժշտական դպրոցի շենքը:

Խոսելով հանրապետության համաչափ զարգացման մասին, քաղաքապետը նշեց. «Ի՞նչ է նշանակում մարզային հիվանդանոց, մարզային գրադարան, ձեզնից որեւէ մեկը օգտվե՞լ է դրանցից: Ինչը բնակչին է վերաբերում, պիտի տեղում կատարվի: Մարզում մանկապարտեզային հասակի երեխաներ ամենաշատը Սեւան քաղաքն ունի`650 երեխա: Հիմա ստիպված հարկի ու անհարկի կրճատումներ ենք անում: Աղքատ ընտանիքի պես 3 մանեթ տալիս են, ասում են գնացեք, ծախսեք, համայնքը այդպես չի գոյատեւի: Առաջնահերթություններ պիտի դրվեն: Սեւանում պիտի զարգացնել տուրիզմը, ուրիշ բան չի մնում»,- հաստատակամորեն հայտնեց քաղաքապետը:

Երբ հերթը հասավ հարց ու պատասխանին, ներկաներից մեկն ըմբստացավ, որ քաղաքապետը կրճատել է հավաքարարի իր հաստիքը: «Ես չեմ հասկանում, ինչ ա՞ նշանակում քաղաքապետարանի հավաքարար, ես ձեզ առաջարկել եմ կոմունալ սպասարկման արտադրական վարչությունում հավաքարար, էդ պրիստիժ ա՞ քաղաքապետարանի հավաքար լինելը»,- պատասխանեց Ղուկասյանը: Հաջորդ հարցը վերաբերում էր Սեւանի ՀՈԱԿ-ների աշխատավարձերի պարտքերին: 2012թ. հունիս-հուլիս ամիսներին գոյացած պարտքը կազմում է 33 մլն դրամ: Քաղաքապետը պատասխանեց, որ մինչեւ շաբաթվա վերջ պարզ կլինի, թե երբ են մարվելու աշխատավարձերի պարտքերը: «Հաստատ եմ խոստանում, որ դուք կստանաք 33 մլն դրամը»,- հայտնեց քաղաքապետը: Ռ. Ղուկասյանի հայտարարությունը ՀՈԱԿ-ների աշխատակիցները ծափողջյուններով ընդունեցին:

Հարցեր հնչեցին նաեւ փողոցների անվանումների, գծանշումների, Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասերի ջրամատակարարման համակարգերի ու տանիքների վերանորոգման, համատիրությունների, տաքսիների կայանտեղերի վերաբերյալ: Պատասխանելով բոլոր հարցերին` քաղաքապետը հանդիպման ավարտին խոսքը եզրափակեց լավատեսորեն: «Մեր պրոբլեմը հասանելի է հանրապետության նախագահին: Նա ամեն ինչից տեղյակ է, սառույցը հալվել է, ֆինանսավորում կլինի»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter