HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հնաբերդի դպրոցի տնօրենի ընտրությունները կրկին տապալվեցին

Երեկ Արարատի մարզի Հնաբերդ համայնքի միջնակարգ դպրոցում կրկին տնօրենի  ընտրություն էր հայտարարված: Այս անգամ էլ այն տապալվեց, քանի որ դպրոցի կառավարման խորհրդի անդամները չներկայացան:

Հիշեցնենք, որ նմանատիպ իրավիճակ ստեղծվել էր նաեւ փետրվարի 26-ին: Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ տնօրենի ընտրության տապալման գործում իրենց ներդրումն ունեն Արարատի մարզպետարանի պատասխանատուները, քանի որ կառավարման խորհրդի նրանց ներկայացուցիչները եւս չեն ներկայանում նիստերին: Պատճառն այն է, որ պետական օղակներում ցանկանում են տնօրենի պաշտոնում տեսնել ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Վարսիկ Եղիազարյանին, մինչդեռ այդ պաշտոնում ընտրվելու համար լուրջ հնարավորություններ ունի նախկին տնօրեն Անժելա Մեջլումյանը:

Խորհրդի անդամներից մեկը, ում անունն իր իսկ խնդրանքով չենք հրապարակում, նշեց, որ իրենց խնդրել են չմասնակցել ընտրություններին, ինքն էլ ստեղծված վիճակը չբարդացնելու համար ստիպված չի ներկայանում:

Հնաբերդի դպրոցում ստեղծված իրավիճակի մասին փորձեցինք պարզաբանում ստանալ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանից: Հարցը լսելուց հետո նա ասաց, որ այդ հարցով դիմենք փոխմարզպետ Իլյիչ Շադյանին, կամ կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանին: «Արձակուրդից նոր եմ վերադարձել, իրավիճակին չեմ տիրապետում: Դիմեք փոխմարզպետին թող պատասխանի»,- ասաց Անահիտ Հակոբյանը՝ հավելելով, որ ինքը եւս անհանգստացած է ստեղծված վիճակով:

Մեր փորձերը պարզաբանում ստանալ Իլյիչ Շադյանից ձախողվեցին: Նրա գործավարուհին սկզբում ասաց, որ փոխմարզպետն աշխատասենյակում չէ, մեկ էլ շտապ հարց առաջացավ, ու նա դուրս եկավ մարզպետարանից, իսկ Ալբերտ Մկրտչյանի հեռախոսազազանգերին պատասխանող չկար:

Հնաբերդի դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Զավեն Մեջլումյանը, ով Անժելա Մեջլումյանի ամուսինն է, ասաց, որ դպրոցում ստեղծված իրավիճակի մասին մանրամասն ներկայացնելու է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Իսկ թե դրանից հետո ինչ է լինելու, չկարողացավ ասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter