
Հայաստան-Վրաստան. առևտրային կապեր
Վրաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2013 թ. աճել է մոտ 25 %-ով՝ հասնելով մինչև 150 մլն դոլարի: Դրան նպաստել է նաև քաղաքական դաշտում հարաբերությունների ավելի նորմալացումը: Սակայն Վրաստանի հետ ապրանքաշրջանառությունը դեռևս զգալի զիջում է մեր մյուս անմիջական հարևանների՝ Իրանի ու Թուրքիայի հետ առևտրի ծավալներին: Բացի այդ՝ Վրաստանի միջոցով Հայաստանը միջնորդավորված տարեկան ներկրում է մոտ 400 մլն դոլարի ապրանք, որից 200 մլն դոլարը բաժին է ընկնում Թուրքիային:
Վրաստանն այն քիչ երկրներից է, որի հետ Հայաստանն ունի դրական առևտրի հաշվեկշիռ (ավելի շատ արտահանում ենք, քան ներկրում):
Դեպի Վրաստան ամենաշատը շիշ ենք արտահանում. մոտ 91 հազ. հատ շիշ՝ 16.4 մլն դոլար արժեքով: Ընդ որում՝ 2012 թ.-ի համեմատ շշերի արտահանումը գրեթե կրկնապատկվել է, ինչին հավանաբար նպաստել է դեպի ռուսական շուկա վրացական գինիների արտահանման էական աճը: Երկրորդ տեղում ցեմենտն է՝ 185 հազ. տոննա՝ 11.8 մլն դոլար մաքսային արժեքով: Զգալի քանակությամբ արտահանել ենք նաև էթիլային սպիրտ (80 %-ից ավելի խտությամբ)՝ 5,5 մլն դոլար, սիգարետ՝ 3,6 մլն դոլար, փաթեթավորման իրեր (5.5 մլն դոլար) և այլն:
Վրաստանից ամենաշատը ներկրում ենք ազոտական պարարտանյութ՝ 12 հազ. տոննա՝ 12.5 մլն դոլարի չափով: Երկրորդ տեղում պողպատյա ձողերն են՝ մոտ 7 մլն դոլար, երրորդում՝ փայտյա սալիկները՝ 6.7 մլն դոլար: Զգալի է նաև գիպսի (5 մլն դոլար), ցիտրուսայինների (3 մլն դոլար) ներկրումը:
Մեկնաբանել