HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվեցին համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները

Տարածքային կառավարման նախարարությունում այսօր հասարակական, միջազգային կազմակերպությունների, գիտական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը ներկայացվեցին համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները:

Բացելով հանդիպումը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ  տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգը բավականին լուրջ բարեփոխումների նախաշեմին է: «Համայնքների խոշորացման  հարցը տարբեր ձեւաչափերով քննարկվել է, մշակվել ու հաստատվել են հայեցակարգերը, եւ արդեն ժամանակն է, որպեսզի քննարկումներից ու հայեցակարգերից անցում կատարվի  գործնական քայլերի»,-նշեց փոխվարչապետը:

Ակնկալվում է, որ խոշորացման բարեփոխումներով  համակարգի  զարգացման համար  նոր նախադրյալներ ու պայմաններ են ստեղծվելու:  Բարեփոխումների իրականացումը, ըստ կատարված վերլուծությունների,  մի  շարք  կարեւոր արդյունքներ կարձանագրի, այդ թվում`  համայնքների տնտեսական արդյունավետության,  ՏԻՄ-երի նկատմամբ քաղաքական դաշտի  հետաքրքրության բարձրացում, ապակենտրոնացման քաղաքականության լիարժեք իրականացման հնարավորության ստեղծում:

Փոխվարչապետը նախաձեռնված հանդիպումները կարեւոր համարեց ընտրված մոդելները  բազմակողմանի, բոլոր ուղղություններով քննարկելու տեսանկյունից: Նա տեղեկացրեց, որ տեղերում նույնպես  վերջին շրջանում ինչպես Տարածքային կառավարման նախարարության, այնպես էլ տարբեր կազմակերպությունների նախաձեռնությամբ հանդիպումներ եւ քննարկումներ են անցկացվում: «Սա այն խնդիրն է, որն, իրոք, պետք է քննարկվի, որի մասին պետք է խոսվի,  պետք է ասվի եւ դրականը, եւ բացասականը: Այդ քննարկումների, հանդիպումների արդյունքում է ծնվելու այն  արդյունավետ լուծումը, որով մենք պետք է առաջնորդվենք»,-ընդգծեց փոխվարչապետը:

Այնուհետեւ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար, փորձագետ Վահան Մովսիսյանը  ներկայացրեցին  խոշորացման  երկու` փնջային եւ շրջանային  մոդելների հիմնական մոտեցումները, այն նպատակները,  որոնց  ակնկալվում է  հասնել, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները:

Ա. Գեւորգյանն ու Վ.Տերտերյանը  պատասխանեցին  նաեւ ներկաների բազմաթիվ հարցերին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նույն ձեւաչափով հանդիպումները կշարունակվեն`  արդեն կոնկրետ  թեմաներ քննարկելու համար: Քննարկումների արդյունքներն ու ներկայացված առաջարկությունները  հաշվի կառնվեն բարեփոխումների իրականացումն ապահովող օրենսդրական փաթեթի մշակման ընթացքում:

Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանություններ (1)

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Եթե խոշորը լավ էր ապա ինչու սկզբից չէր արվել? Հերթական ակնհայտ խոշոր վնասարարությունն է արվում այդ նախաձեռնությամբ, քանի որ մանր համայնքները մեկ կենտրոնական, խոշորի ենթարկելով, անտերությունն է ավելանալու միայն եւ նոր հարստահարումներ են առաջանալու բնականաբար: Եթե մի քիչ դատողություն, խիղճ կամ աստված ունեք, նոր պատիժներ մի ստեղծեք արդեն իսկ պատժված ժողովրդի համար: Կամ գոնե մի փոքր փորձնական ծրագիր արեք մի քանի գյուղերի համար, որպիսզի ինքներդ համոզվեք թե ինչ է ստացվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter