«Ճարներս ինչ, հո դուրսը չե՞նք մնալու». չկալովցի Շաքարյանների տունը քանդվում է
Վոլոդյա Հովսեփյան
Լոռու մարզի Չկալով գյուղի բնակիչ Էդվարդ Շաքարյանի տունը փլուզման վտանգի տակ է:
Գյուղացու խոսքով՝ 1960 թվականին կառուցված տանը 88-ի երկրաշարժից հետո ճաքեր են առաջացել, իսկ սողանքն էլ նպաստել է, որ տան պատերն իրարից հեռանան: Էդվարդ Շաքարյանի ասելով՝ պատերն իրարից հեռացել են մոտ 22 սմ-ով: «Ինձ խորհուրդ տվեցին, որ գնամ ինչ-որ սեյսմիկ ծառայություն կա, գնացել դիմել եմ, 40 հազար դրամ տվել եմ, փաստաթղթերը եկել նայել են, նկարել են, նկարահանել, որ տանեմ մարզպետարան տամ: Հիմնականում մարզպետարանը հիմնվում է Արտակարգ իրավիճակների ծառայության եզրակացության վրա՝ տեղափոխվենք ուրիշ բնակարանում ապրենք, մինչև տեսնեն ինչ է լինում»,-ասում է Էդվարդ Շաքարյանը:
Լոռու մարզային Փրկարարական վարչությունից և Լոռու մարզպետարանից ներկայացուցիչներ են եկել, տեսել տան վիճակը, կազմել արձանագրություն: Արձանագրության մեջ գրված է, որ Էդվարդ Շաքարյանին նախազգուշացվել է, ելնելով անվտանգությունից, ազատել բնակարանը, սակայն ընդամենը 45 հազար դրամ աշխատավարձ ստացող գյուղացին նեղսրտում է. «Ես 34 տարվա ստաժով աշխատող եմ, Չկալովում հեռուստակայան կա, էդտեղ եմ աշխատում: Բայց էդ աշխատավարձն էնքան չի, որ մենք կարողանանք համ սնվենք, համ փոխենք էստեղ: Տանը 6 անձ ենք, որից երկուսը՝ հաշմանդամ»:

Գյուղացին չնչին աշխատավարձով չի սահմանափակվում. զբաղվում է նաև անասնապահությամբ: Կինն էլ հավելում է, որ պարտքով, վարկով մի կերպ են յոլա գնում (երբ խնդրեցի ցույց տալ մասնագետների՝ բնակարանի վիճակը նկարագրող փաստաթղթերը, գյուղացին ու իր կինը թղթերը փնտրելու ընթացքում դարակներից հանում էին վարկային տարբեր փաստաթղթեր): «Հույսներս դրել ենք Աստծու վրա»,- ասում է կինը:
Էդվարդ Շաքարյանն ասում է, որ հեռացած պատի և հատակի արանքում «պենոպլաստ» են դրել, որպեսզի քամին ներս չմտնի: Փլվող սենյակ ելումուտ համարյա չեն անում, գույքն էլ կամաց-կամաց հանում են այնտեղից: Մի մասն էլ չեն կարող հանել, քանի որ տան բնակելի հատվածում դնելու տեղ չունեն: Գյուղացին ու իր ընտանիքն ապրում են բնակարանի փլուզման վախը սրտում. «Ճարներս ինչ, հո դուրսը չե՞նք մնալու: Մի քանի անգամ եկել են, գնացել, իրենց որոշումները հանել են, գյուղապետին ասել են, որ էս ընտանիքը հանիր: Էն մարդը հանի ո՞ւր տանի, տեղ չկա բնակվելու, լրիվ վթարային վիճակի տներ են, գնանք էնտեղ ի՞նչ անենք, փոքրիկ կա տանը, չի լինի, որ էդ կարգավիճակի տանը 1,5 տարեկան թոռնիկիս մեծացնենք»:

Էդվարդ Շաքարյանն ասում է, որ այլևս ոչ մի տեղ չեն դիմում, քանի որ իմաստ չեն տեսնում:
Շաքարյանների հետագա ճակատագրի մասին հարց ուղղեցինք Լոռու մարզպետարանի աշխատակազմի Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանին: «Մեր մարզում նման վթարային տներ էլի կան, պիտի լինի կառավարության որոշում, ներկա դրությամբ էդ նպատակով նախատեսված գումարներ չկան: Եթե լինեն, բնականաբար, մեր մարզի հետ հաշվի կառնվի: Մենք ունենք սողանքային գոտիներ, որտեղ նման վթարային տներ կան, միայն Վանաձոր քաղաքում 3-րդ աստիճանի 83 վթարային շենք ունենք: Դրանք լուրջ ֆինանսական խնդիրների հետ կապված հարցեր են»,- ասաց պրն Ջանազյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել