HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդակեր արվեստը

Հովհաննես Թեքգյոզյան

Ես թատրոն` ներկայացում, դիտելու մենակ չեմ գնում, ավելի ճիշտ` վախենում եմ գնալ: Ակամայից դառնում եմ այն Գործողության մասնակիցը, որի շփման շերտերը բազմազան են: Դահլիճում նստած ժամանակ մենակությունը տանջում է ինձ, քանի որ ստիպում է գործողությունը ոչ թե տեսնել, այլ իմ կամքին հակառակ, պասիվորեն մասնակցել: Այս մասնակցությունը բոլորովին կապ չունի հանդիսատես-դերասան-ներկայացում եռանկյունու հետ: Այն ավելի շուտ արվեստագետ-արվեստագետ կամ երկուսի մենությունների բախումն է` ի վնաս դահլիճում միայնակ նստածի:   

Անառարկելի է, որ հանդիսատեսն իր ենթագիտակցական-գիտակցական վերաբերմունքով խաթարում է ներկայացումը: Նրա ներգործությունը տարածվում են կողքի նստածի, ապա բեմում աշխատող արտիստի վրա: Այստեղ է, որ ուզում եմ նշել արվեստագետի մտավոր էներգիայի մասին, որը կուտակման վայրը  մենությունն է:   

 Միջին դերասանը խաղում է հանդիսատեսի համար, ավելի ընդունակը իր  պահանջները բավարարելուն է ձգտում` չմոռանալով խաղընկերոջ «աչքերի մեջ նայել» և միայն բացառիկ արտիստներն են կարողանում միանգամից երեք ներկայացում խաղալ` հանդիսատեսի, իրենց իսկ և բեմում, ինչու չէ նաև կուլիսներում գտնվող խաղընկերների համար: Մտավոր էներգիան պայծառացումների է հասնում հենց այս արվեստագետների մոտ, որոնք, խաղընկերներով և հանդիսատեսով շրջապատված, ենթագիտակցորեն մենակ են: Ինչո՞ւ ենթագիտակցորեն, քանի որ կոլեկտիվ արվեստում գիտակցաբար մեկուսացումը (ոչ մենությունը) դերասանական սրիկայության արտահայտիչներից է: Ի դեպ, դերասանի մասնագիտությունը «դուր գալու» մասնագիտություն է, բայց արվեստը սկսվում է այն պահից, երբ կորչում է դուր գալու ցանկությունը:   

 Թատրոնը կոլեկտիվ արվեստ է: Չգիտեմ` քանի միլիոն անգամ է չարչրկվում այս նախադասությունը: Այո, բայց, որքան էլ պարադոքսալ թվա, մենությունն է թատրոնի շարժիչ ուժը: Առհասարակ մենության դերն արվեստում առանցքային է: Արվեստը արվեստ է դառնում անհատականությունների շնորհիվ: Իսկ արվեստի մեջ «անհատականություն» բառի հոմանիշը «մենությունն» է: Արվեստագետը մենակ է հզոր: Շփումներն նրա համար կարևոր են, բայց շփումների ժամանակ ևս արվեստագետը հետաքրքիր է իր մենակությամբ, այլ կերպ ասած` անհատականությամբ:

Արվեստագետը միշտ փորձել է` իր արածն արժեքավորեն այնպիսի համակարգով, որը երբեք չի բեկվում: Դա է երևի պատճառը, որ արվեստի կարևորությունը հաճախ պտտվում է միֆերի շուրջը: Այս հարցում կրոնն ու արվեստը որոշակիորեն նույնանում են: Աստվածաշունչը մասսաներին հասկանալի դարձնելու նպատակով ժամանակին սիմվոլացվել է: Սրբազան գիրը առակային բնույթ է ստացել: Նույն գործընթացը կատարվել և կատարվում է արվեստում: Տաղանդն իրեն հասարակ մահկանացուներից բարձր դասելու միտում ունի: Բայց ճշմարիտ արվեստագետի ներսում սպիտակ ագռավ լինելու փաստը, ցավից ու անհասկացվածությունից է պոռթկում: Այնինչ ոմանք, որոնց կարելի է արվեստի ռետուշիսներ համարել,  սպիտակագռավությունը այլ կերպ են մեկնաբանում: Ու ոչնչից ստեղծվում են միֆեր: Ասածիս ամենամեծ ապացույցը «մուսան» է, որի առկայությունը կոչված է արվեստագետին տասը գլուխ բարձրացնելով` նրան գերբնական հատկություններով օժտել: Նման միֆերն են պատճառը, որ կտրված ականջը հաճախ ավելի հանրահայտ ու «արժեքավոր» է դառնում:

 Արվեստագետի եռագլուխ թշնամին աներևույթ չէ:

 Հացի խնդիրը լուծելիս արվեստագետների մի ստվար զանգվածի հայացքը ուղղվում է պետության կողմը: Պետականորեն հովանավորված արվեստը դափնեպսակային է, ուստի տերևաթափի հետ անցնում-գնում է:

Դևի երկրորդ գլուխը ստեղծագործական միությունն է, որն իբր համախոհների հավաքատեղի է: Սպիտակագռավությունը, որը տաղանդի ամենամեծ չափանիշն է, համախոհ չի կարող ունենալ, ինչպես ջղաձգումների մեջ ընկած էպիլեպսիկ հիվանդը: Միջակություններն են համախոհ փնտրում` ուժեղ երևալու համար: Արդյունքում կազմավորվում են տարօրինակ խմբակներ, որոնց գործունեությունը նույնիսկ Աստծուն հայտնի չէ: Իսկ տաղանդավոր մարդու մուտքը խմբակային, ոչ «կոլեկտիվ» արվեստ կործանար է:

Երրորդ գլուխը «գնահատողն» է (ժամանակի մասին չէ խոսքս): Քննադատությունը, որոշ բացառությունները չհաշված, հանդես է գալիս որպես ավագ գլուխների ծառա, քանի որ հենց նա է բոլոր ժամանակաների «գաղափարական մաքրման» կրողը: Իսկ ըստ պետական քննադատության` «գաղափար» ասելիս` միշտ էլ նշանակետի տակ է առնվում սպիտակագռավությունը:

Երբեմն այս եռագլուխ դևը շարժային-ծաղրանկարային տեսք ունի, բայց սարսափելի է միշտ, քանի որ արվեստագետից առավել` դափնին, արվեստից առավել` միֆերն է գնահատում:  

Դերասանի մասնագիտությունը գայթակղության երկու տեսակ ունի, որին կուլ են գնում բոլոր սկսնակ արտիստները` ընդհանրապես արվեստագետները:

1.Անձը ցանկանում է դուր գալ, ուշադրության կենտրոնում լինել, ծափեր, ծաղիկներ ստանալ, դրամ վաստակել և փառքի արժանանալով` առաջինը դառնալ: Առաջին տեսակին անվանենք կարերիստներ: 

2. Անձը ցանկանում է դուր գալ, ուշադրության կենտրոնում լինել, ծափեր, ծաղիկներ ստանալ, առաջինը լինել և... աշխարհը փոխել: Երկրորդ տեսակին անվանենք ռոմանտիկ կարերիստներ կամ «հեղափոխականներ»:

Բնական է, որ առաջին տեսակի արվեստագետների կարիերան, սովորաբար, բարեհաջող է ընթանում: Նրանք արժանանում են և փառքի և դափնեպսակների, իսկ ամենակարևորը` կարողանում են արվեստի ու ներանձնական հարցերում ներդաշնակ հարաբերություններ ստեղծել:  Այսպիսինների «արվեստը» տարիքի առաջանալուն և դափնիների ցանկը լրացնելուն զուգահեռ խամրում է, դառնում` «պետական», իսկ ավելի հաճախ` «կուսակցական արժեք»:

Երկրորդ` «հեղափոխական» տեսակի արվեստագետները, մինչև երեսուն տարեկանը համոզված են, որ արվեստի ուժով կարելի է աշխարհը փոխել: Երեսունը շրջադարձային տարիք է, երբ մարդն առաջին անգամ ետ է նայում` գնահատելու իր արածը: «Հեղափոխական» արվեստագետները, որոնք, սպիտագռավությամբ են տառապում, տեսնում են, որ արվեստը ոչ միայն դիմացինին չի փոխում, այլ կործանում է իր արարողին: Գալիս է մի պահ, երբ արվեստագետը նույնպիսի մոլեռանդությամբ ատում է արվեստը ինչպիսի մոլեռանդությամբ ժամանակին սիրել է, բայց դավաճանել չի կարողանում: Նրա ճանապարհը շարունակվում է իր անձը փոխելու սխալ ուղիով ու ավելի է կառչում իր կողոպտիչից: Իսկ արվեստը միշտ էլ կերակրվել է սպիտակ ագռավներով, որոնք մենակ, հաճախ` առանց գումարի ու գնահատականի, շարունակում են իրենց ճանապարհը:

 Երեսունից հետո «հեղափոխականները» սկսում են այլևս չմտածել փառքի մասին, իսկ առանց փառքի դրամ չես վաստակի: Նրանք նյարդերը հանգստացնելու նպատակով որոշակի հնարքներ են բանեցնում, որից առաջինը ոչ այնքան  հանրության արատները, որքան հանրությանը ծաղրելն է: Նրանց, իհարկե, շպրտում են փողոց` բառիս իրական-փոխաբերական և երկու դեպքում էլ` լայն իմաստով: Արվեստագետի համար այլևս սպիտակագռավությունն անտանելի է:  Ի դեպ, այդ «անտանելի զգացողությունն» էլ իրական Մուսան է` գրգիռը, որը մարդուն քրքում է և ստեղծագործելիս և չստեղծագործելիս:

Ուզում եմ փակագծերը բացել: Պատկերացրեք նմանատիպ վիճակ. գաղափարը հղանում, քո ներսում հասունանում, հասունանում, մի քանի անգամ բկիցդ ուզում է դուրս թռչել, բայց դու չես թողնում, ստիպում ես ներսում մնալ, կատաղել, կատաղել, կատաղել` նման առնետի, որը փակ տուփի մեջ օրեր շարունակ ապրում է առանց կերակուրի: Եվ երբ Նա (գաղափարը) դուրս է թռչում, հոշոտում է քեզ այնքան, մինչև Ստեղծագործություն չի վերածվում: Եթե չհոշոտեց, ուրեմն արածդ բանի պետք չէ: Սա է, թերևս, Մուսայի ամենահամառոտ ու տիպիկ բնութագրումը: 

 Վերադառնանաք սպիտակ ագռավներին: Նրանց հիմնական մասը անձնական հարցերում չարաճճի, անճարակ երեխաներ են և, բնական է, որ երեսունից հետո հարբերություններ ձևավորել այլևս չեն կարողանում: Ողբերգությունը հասունանում է, երբ շատերը հասկանում են, որ զրկվել են սիրելու շնորհից: Կարծում եմ` չարժե մանրամասնել, թե սիրելը սպիտակ ագռավների համար որքա~ն կարևոր է: Իսկ արվեստ կոչված դանդաղորեն, բայց կայուն, մտնում է ներս, գրավում իրեն չհատկացված տարածքը, հաստատվում ու արվեստագետին համոզում է, որ ինքն է իրականը: Չմոռանամ կրկնել` նշելով, որ արվեստն առանձնակի հաճույքով է լքում սպիտակ ագավներին, որոնք մի օր արթնանում ու զարմանքով հասկանում են, որ զրկվել են աստվածային շնորհից: Ի՞նչ անել... Ժամանակն անողոք է և այսուհետ սահում է աննկարագրելիորեն դաժան:

Այսպիսով…

Ես թատրոն մենակ չեմ գնում, ավելի ճիշտ` վախենում եմ գնալ: Իմ կողքին պետք է լինի ծանոթ մեկը: Անհրաժեշտ է, որ զգամ նրա թեկուզ ֆիզիկական ներկայությունը, քանի որ դահլիճում նստած ժամանակ իմ Մենությունը բախվում է բեմում աշխատող արտիստի Մենության հետ, բայց ստեղծագործության (թեկուզ թերի) չի վերածվում: Փաստորեն, ես դառնում եմ այն Գործողության վկան, որի մասնակիցը կցանկանայի լինել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter