Նիկոլայ Ծատուրյան. «Եթե ինձ փոխարինող չտեսնեի, չէի գնա»
Յուլիա Գրիգորյան
Մարտի 6-ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում հրավիրված մամուլի ասուլիսի թեման թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի հրաժարականի շուրջ ծավալված մեկնաբանություններն ու ԶԼՄ-ներում հայտնված տարաբնույթ վերլուծություններն էին:
Թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը նկատեց, որ լրատվամիջոցներից շատերը սկանդալային «գլխարկներ» դնելով՝ փորձում են ապահովել իրենց դիտողականությունը, սակայն ճշմարտությունն այն է, որ Նիկոլայ Ծատուրյանի հրաժարականի մասին տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
«Գեղարվեստական ղեկավարն ազատման դիմում չի ներկայացրել, այլ կատարել է կառուցվածքային որոշ փոփոխություններ: Նա այդ մասին բազմիցս խոսել է: Նիկոլայ Ծատուրյանը մեծ անհանգստություն ուներ թատրոնի վաղվա օրվա համար և իր կողքին պատրաստել է կադր, ով հետագայում իր ուսերին պիտի կրի թատրոնի ճակատագիրը: Նա համարում է, որ այդ ժամանակը եկել է, ուստի տնօրենին ներկայացված իր իսկ առաջարկությամբ՝ թատրոնի գլխավոր ռեժիսորի հաստիքում նշանակվեց Լյուդվիգ Հարությունյանը, իսկ պարոն Ծատուրյանը չի հեռանում. նա աշխատելու է որպես գեղարվեստական խորհրդատու: Այս գործունեությունը պարոն Ծատուրյանին խորթ չէ, մի քանի տարի առաջ նա 3-4 տարի աշխատել է այդ պաշտոնում, ինչն ապացուցում է, որ նրա հեռանալու կասկածներն անհիմն են»,- նշեց Տիգրան Վիրաբյանը:
«Ես գիտեմ, որ լրատվամիջոցներին շատ է հետաքրքրում սենսացիան, բա սա սենսացիա չի՞, որ Հայաստանում ինչ-որ մեկը հոժարակամ իր պաշտոնը հանձնում է ուրիշին,- պրոդյուսերի խոսքը շարունակեց Նիկոլայ Ծատուրյանը,- սովորաբար, նման բան անում են, երբ ամեն ինչ քանդած են լինում և փախչում են՝ պաշտոնը տալով ուրիշին: Այստեղ հակառակն է: Թատրոնը հիմա շատ լավ վիճակում է, և համարձակորեն հանձնում եմ իմ կրտսեր գործընկերոջը, որի հետ 4-5 տարի է աշխատում եմ: Նրան ես եմ աճեցրել և տնօրենի հետ խոսելիս բազմիցս եմ ասել, որ նա է թատրոնի ապագա ղեկավարը: Երկու տարի առաջ որ ասում էի, Լյուդվիգն ասում էր՝ վա՜յ, չէ, վախենում էր: Այս 2 տարվա մեջ վախը բռնեցի, հիմա էլ է մի քիչ վախենում, բայց ես նրա կողքին եմ: Մենք մշտնջենական չենք, շատ մարդիկ մտածում են` ինձնից հետո` թեկուզ ջրհեղեղ, բայց ես անպայման ուզում եմ իմ հետևից թողնել ինչ-որ մի հետք: Դրանով է մարդը մարդ»:
Արդյո՞ք չի ափսոսա հետագայում Նիկոլայ Ծատուրյանն ընդունած որոշման համար: «Ոչ,-պատասխանեց Ն. Ծատուրյանը,- ես հետաքրքիր մի հատկություն ունեմ. ոչ մի բանի համար չեմ փոշմանում: Ես չեմ փոշմանել, որ բաժանվել եմ իմ կնոջից, չեմ փոշմանել, որ եկել եմ Գյումրի, չեմ փոշմանել, որ հիմա գնում եմ, չեմ փոշմանել, որ թողեցի Մետրո թատրոնը, չեմ փոշմանել, որ 20 տարի աշխատելուց հետո գնացի Սունդուկյանի անվան թատրոնից, չեմ փոշմանել, որ Արցախը հիմա մերն է: Ամեն ինչ ավելի քան նորմալ է»:
Նա հիշեցրեց, որ արդեն 69 տարեկան է և ցանկանում է արժանապատվորեն իր տեղը զիջել երիտասարդ մասնագետներին: «Շատ-շատերի համար ամենակարևորը պաշտոնն է՝ սեղան, դիրք, կոստյում, փողկապ, խոսակցության խիստ տոն: Պաշտոնի կորուստն ինձ առանձնապես ցավ չի պատճառում: Եթե ինձ փոխարինող չտեսնեի, չէի գնա»,- նկատեց շուրջ 10 տարի Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ն. Ծատուրյանը: Նա կարեւորեց այն հանգամանքը, որ նոր գեղարվեստական ղեկավարը գյումրեցի է. «Երևանցիներն էլ լումա ունեն այս թատրոնի կայացման գործում, սակայն ամենալավն այն է, որ գյումրեցին լինի իր թատրոնի տերը»:
Ն. Ծատուրյանը ժխտեց նաեւ մշակույթի նախարարի ճնշումների ներքո հրաժարական տալու լուրը: «Հասմիկ Պողոսյանի հետ անցած տարվա միջադեպը ոչ մի կապ չունի: Եթե ուզենան հանել, ես կդիմադրեմ, դուրս չեմ գա, բայց նման բան չկա, ես ինքս եմ հանձնում, գիտե՞ք` ինչ սիրուն բան է: Շատ եմ սիրում նվեր տալ: Երբ էլ հրաժարվեի, պիտի հարցնեին՝ ինչու՞ հենց հիմա»,- նշեց Նիկոլայ Ծատուրյանը:
Թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն էլ իր հերթին խոստացավ արդարացնել ուսուցչի հույսերը: «Այս վստահությունը պարտավորեցնում է, և ես գիտակցում եմ պահի կարևորությունը, քանի որ ներկայացնելու եմ 150-ամյա պարմություն ունեցող թատրոն: Պիտի աշխատեմ պատվով կատարել իմ պարտականությունները: Պարոն Ծատուրյանի շունչը թատրոնում է և միշտ կմնա: Կփորձեմ նրա ստեղծածին ճիշտ շարունակություն տալ, ինչքան հնարավոր է պահպանել ստեղծագործական ջերմ մթնոլորտը և բերել նոր շունչ՝ պահպանելով հինը»:
Թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավարը խոսեց նաեւ ապագա ծրագրերից: Առաջիկայում հյուրախաղերով հանդես են գալու Վանաձորում: Մասնակցելու են «Արտավազդ» մրցանակաբաշխությանը եւ «Իքս» փառատոնին, շարունակվում են «Մեսրոպ Մաշտոց» ներկայացման աշխատանքները, որի պատվիրատուն մշակույթի նախարարությունն է: Մարտի 23-ին կրկին բեմ կբարձրանա «Առնետներ» ներկայացումը, և ողջ հասույթը կտրամադրվի դաժան ծեծից հետո անվասայլակին գամված դերասան Կարեն Մկրտչյանի բուժմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել