Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Շվեյցարիայի նախագահին
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Շվեյցարայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ։
Հայաստանի արտգործնախարարը Դիդյե Բուրկհալտերին է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր ուղերձը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը։
Շվեյցարիայի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաեւ ԵԱՀԿ օրակարգային խնդիրների, շվեյցարական նախագահության նախաձեռնությունների շուրջ։
Նախարար Նալբանդյանը նախագահ Բուրկհալտերին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Դիդյե Բուրկհալտերը վերահաստատել է աջակցությունը՝ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը։
Հանդիպմանն անդրադարձ է արվել նաեւ այս տարվա հունիսին Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարելիք այցելությանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել