HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի վարչապետն այցելել է Հադրութ և հարավային սահմանամերձ գյուղեր

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը երեկ այցելել է Հադրութի շրջան՝ Հադրութ քաղաքի, Առաքել և Արևշատ գյուղերի համայնքապետերի՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և համայնքների բնակչության հետ հանդիպելու նպատակով:

Հադրութ քաղաքում կայացած հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է համայնքում կատարված աշխատանքներին, հիմնախնդիրներին և զարգացման ծրագրերին: Ընթացիկ աշխատանքներից նա կարևորել է երկրորդ մանկապարտեզի շենքի կառուցումը, որը կսկսի գործել այս տարվա սեպտեմբերից: Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ քաղաքի զարգացման ծրագրում իր կարևոր տեղը կունենա բազմաբնակարանային նոր շենքերի կառուցումը: Ի պատասխան բնակիչների կողմից բարձրացված խնդրի՝ վարչապետը խոստացել է աջակցել համայնքի սանմաքրման աշխատանքների համար տրակտորի և ջրցան մեքենայի ձեռքբերման հարցում: Ա. Հարությունյանը կոչ է արել ավելի նախաձեռնող լինել համայնքի տնտեսական առկա ներուժը օգտագործելու գործում, որի առանցքային ճյուղերից են գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը: Հանդիպմանը ներկա էր նաև մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ով քաղաքապետին փոխանցեց օրեր առաջ Հադրութի և Ֆրանսիայի Վիեն քաղաքի միջև կնքված բարեկամության հռչակագրի մի օրինակը:

Առաքել և սահմանամերձ Արևշատ համայնքների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ  վարչապետն ընդգծել է դրանց ռազմավարական նշանակությունը՝ որպես ծայր հարավի բնակավայրեր: Այդ տեսանկյունից Ա. Հարությունյանը հավաստիացրել է, որ նրանք իշխանությունների հատուկ ուշադրության ներքո են: Կատարված աշխատանքներից կառավարության ղեկավարը կարևորել է երկու գյուղերի նոր դպրոցների կառուցումը: Անդրադառնալով համայնքների զարգացման հնարավորություններին՝ վարչապետ Հարությունյանը խորհուրդ է տվել զբաղվել նաև անասնակերերի մշակմամբ, որպեսզի հնարավոր լինի զարկ տալ անասնաբուծությունը: Գործադիրի ղեկավարը կոչ է արել բնակիչներին միասնական ու ինքնակազմակերպվող լինել համայնքային խնդիրների լուծման ճանապարհին՝ այդ թվում և բնակարանային պայմանների բարելավման գործում, որի կապակցությամբ կառավարությունը պատրաստ է աջակցել անհրաժեշտ ծավալի շինանյութով:

Հանդիպումների վերջում վարչապետը պատասխանել է բնակիչների հարցերին՝ տալով համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ: Այցի ընթացքում նրան ուղեկցում էր Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը:

Հայտնում են ԼՂՀ  կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter