HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարազների գույները բնութագրում են ժամանակի կանանց

Արփինե Մինասյան

Սկզբում թղթի վրա գծագրվում է էսքիզը, այնուհետեւ հայտնվում են գույները, հետո հերթը հասնում է գործվածքին, որն էլ ձեւում ես, կտրում, կարում եւ ահա թղթին նկարված սիլուետը շունչ եւ կերպարանք է ստանում:

Նկարիչ մոդելավորողի գենը Նարինեն ոչ ոքից չի ժառանգել, ժառանգել է միայն լավ ձայնը: Պատմում է, որ գեներում շատ են եղել ձայնային լավ տվյալնր ունեցողներ: Մորական տատը երգչուհի է եղել, երգել է ռադիոյում: «Սիրում եմ «Շորորա», «Հայրենիքիս ջուրը» եւ այլ ժողովրդական երգեր: Խնջույքների, հավաքույթների ժամանակ միշտ երգում եմ»:

Նկարչությունը մանկուց է սիրել, երկրորդ դասարանից հաճախել է նկարչության եւ դիզայնի դասընթացների: 9-10-րդ դասարաններում նկարչություն է սովորել, այնուհետեւ ուսանել է Երեւանի Թեթեւ արդյունաբերական քոլեջի «Հագուստի մոդելավորում եւ նախագծում» բաժնում: «Այդ տարիներին ոգեշնչվեցի հայտնի մոդելավորող Վալենտին Յուդաշկինով: Մինչեւ հիմա նա իմ սիրելի մոդելավորողներից մեկն է: Նրանով ոգեշնչված երազում էի մոդելավորող դառնալ: Գաղափարը ծնողներիս դուր չէր գալիս, ուզում էին, որ մանկավարժ դառնամ»,- պատմում է Նարինեն:

2009թ. Սեւանում ունեցել է առաջին անհատական ցուցադրությունը: Մինչեւ 2012թ. Նարինեի մոդելավորած հագուստները դերձակներն են կարել, իսկ վերջին երկու տարիներին ինքն է կարում: «Կարածս առաջին հագուստը օխրա գույնի շորն էր, այն ինձ շատ դուր եկավ, բայց վախով էի ցույց տալիս բոլորին, վախենում էի շատ թերություններ գտնեն: Դրանով շատ ոգեւորվեցի եւ ստեղծեցի իմ հավաքածուն, որով էլ մասնակցեցի մի շատ կարեւոր ցուցադրության»,- իր ստեղծագործական ուղին է ներկայացնում Նարինեն:

Նարինե Քոչարյանը Սեւանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցում գեղարվեստական մոդելավորման բաժնի դասատու է: Նրա կյանքում մեծ նշանակություն է ունեցել 2012թ. Կառավարության շենքում անցկացված նորաձեւության ցուցադրությունը: «Համացանցում կարդացի ցուցադրության մասին, որոշեցի դիմել: Մասնակցում էին հայտնի մոդելավորողներ Մարի Ակսելը, Նարինե Հարությունյանը, Մարգարիտա Բաբաջանյանը, Նինա Հովնանյանը, մարդիկ, ովքեր նորաձեւության ինդուստրիայում հաստատված անուններ են, ունեն իրենց շուկան, բուտիկները: Յուրաքանչյուրը կարող էր 10 մոդել ցուցադրել, ես 15-ը ներկայացրի, որից ընտրվեց 12-ը: Հրաժարվեցի Երեւանի մոդելներից, իմ աշակերտներին ընդգրկեցի ցուցադրությանը, որոնց մասնակցությամբ ամեն տարի ցուցադրություններ եմ ներկայացնում Սեւանում»,- պատմում է Նարինեն:

Վերջինիս ասելով` մեծ պատասխանատվություն մեկ մետր բարձրությամբ, պրոֆեսիոնալ լուսավորությամբ պոդիումում քայլելը: Իր սաները սովոր չէին այդ բարձրությանը, չնայած երեք տարի շարունակ ցուցադրություններ են ներկայացրել Սեւանում, աշակերտները սովորել են ճիշտ քայլվածք ու կեցվածք բեմում: «Շուրջս պրոֆեսիոնալ մարդիկ էին, կարեւոր էր նրանց տեսակետները, կարծիքը: Ինձ այնտեղ սկսնակ էին ներկայացրել, սակայն մի քանիսը մոտեցան ինձ ու ասացին` մի տեսակ սկսնակ չէիր»,- պատմում է Նարինեն ավելացնելով, որ այդ ցուցադրությունն իր լուրջ ձեռքբերումներից է համարում:Նարինեի ոգեշնչման աղբյուրը երաժշտությունն է: «Ջազն ինձ ավելի մեծ ուժ է տալիս: Ոգեշնչվում եմ տարբեր մանրուքներով, հաճելիով, գեղեցիկով: Երաժշտության տակ եմ մոդելավորում այդպես, արդյունքն ավելի լավ է լինում: Հաճախ էսքիզները երազումս տեսնում եմ, իմ աշխատանքներից մի քանիսը երազներիս արդյունքն են»,- ներկայացնում է եիտասարդ նկարիչ-մոդելավորողը:

Նարինեն իր կյանքն ու առօրյան չի պատկերացնում առանց մոդելավորման: Ասում է, թե երբ իր սիրելի գործով չի զբաղվում` մի տեսակ դատարկություն է զգում: Բացի սիրելուց պիտի ջանք թափես, աշխատասեր լինես, որ հաջողության հասնես: «Սիրում եմ տարազներ ուսումնասիրել, հետո իմ ձեւով մոդելավորել, 2 գլխարկ ունեմ կարած: Տարազներն այնքան ասելիք ունեն, զգում ես այդ լեռնային կյանքը, տանջանքը, աշխատանքը, գույներից էլ հասկանում ես, թե ինչպիսին են եղել կանայք»,- նկատել է Նարինեն: Վերջինիս ասելով, եթե մենք եվրոպացիների պես թեթեւ ապրեինք, մեր մշակույթի գույներն ավելի վառ կլինեին, վարդագույն եւ այլ, սակայն հայկական տարազներում գերակշողը մուգ գույներն են:

Նարինեն նախընտրելի եւ օգտագործվող գույներ չունի, սիրում եւ օգտագործում է բոլոր գույները, բացի սեւից: Այդ գույնն, ըստ նրա էլեգանտություն է հաղորդում, բայց այն հետին պլան է մղում: Նա 90-ական թվականների բոլոր կանանց հերոսներ է համարում, որովհետեւ նրանց համար առաջնայինը ընտանիքն է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter