Արդվին լքածները միայն տխուր առիթների դեպքում են գյուղ գալիս`«գալիս են թաղում ու եդ գնում»
Էմմա Պետրոսյան
«Որդի, երեխա չկա, էդ տունն էլ քանդվի, էդ գեղն էլ, որ լաց ըլող չկա, ծնունդ չկա, ընչիս ա պետքը քարերը»,- ասում է 85-ամյա Ահարոն Վահրամյանը, ով չի էլ հիշում, թե Արդվի գյուղում վերջին անգամ երբ է հարսանեկան երաժշտություն հնչել:
Գյուղի բուժքույր Արմինե Թամազյանն էլ իր հերթին փաստում է, որ վերջին 5-6 տարիներին ոչ մի հղի չի ընդունել, վերջին ծնունդը մոտ 6 տարի առաջ է եղել. տղա է ծնվել: Լոռու մարզի Արդվի գյուղում արարողությունների դահլիճը մոտ մեկ տարի առաջ է վերանորոգվել եւ նույնիսկ անհրաժեշտ սպասք ունի տոնական արարողությունների ժամանակ օգտագործելու համար, սակայն դահլիճում ոչ մի արարողություն դեռեւս չի կատարվել: Գյուղի երիտասարդ տղաները հիմա խուսափում են ընտանիք կազմելուց. աշխատանք չկա, ընտանիք պահելու հնարավորությունները գյուղի սահմաններից դուրս են փնտրում: Աղջիկներն էլ դրսից եկած փեսացուներին են նախընտրում:
Արդվիի բնակիչ Անահիտ Թամազյանը 4 զավակ ունի, որից երկուսն արտագնա աշխատանքի են մեկնել, հաջորդ տարի նրանց կմիանան եւս երկուսը: 56-ամյա Անահիտը, սակայն չի մեղադրում իր տղաներին, այլընտրանք չկա:
Արդվիից արտագնա աշխատանքի մեկնողներից մեկն էլ Էդիկ Ձավարյանն է, ով արդեն 9 տարի է, ինչ հայրենի գյուղ է վերադառնում միայն ձմռանը, գարնանը կրկին արտերկիր է մեկնում: Ասում է՝ Արդվիում աշխատանք կա, բայց եկամուտը չնչին է:
Համայնքապետ Սամվել Կիրակոսյանը, սակայն գյուղում տնտեսական աճ է նկատում. մանր եղջերավոր անասունների թիվն անցյալ տարվա համեմատությամբ աճել է 50-ով, խոշոր եղջերավոր անասունների թիվը` 19-ով, իսկ ձիերի թիվը` 6-ով, նաեւ մեղվափեթակներն են շատացել: Աճ կա նաեւ գյուղատնտեսության ոլորտում. 3 տարի առաջ 5-6 հա աշնանացան է արվել գյուղում, իսկ այս տարի 30 հա ցանքս է արվել: Համայնքապետը վստահ է, որ հաջորդ տարիներին նույնպես տնտեսական աճ են արձանագրելու, սակայն գյուղացիները համայնքի ղեկավարի լավատեսությունը չեն կիսում: «Ո’չ տեխնիկա ունենք, ո’չ տրակտոր, ո’չ վարող, ո’չ մի բան: Մի հատ 30 տարվա տրակտոր ունենք, որ համարյա վար չի անում»,- ասում է Արդվիի բնակիչ Ռուբեն Կիրակոսյանը:
Արդվի գյուղում ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է: Համայնքապետարանի տվյալներով՝ գյուղի 248 բնակիչներից 48-ը թոշակառուներ են, դպրոցական ու նախադպրոցական հասակի 30 երեխա կա, մնացածը միջին տարիքի մարդիկ են:
Երիտասարդները գյուղում ոչ մի զբաղմունք չունեն: «60 տնտեսություն ունենք, որ ճիշտը խոսանք` մի 25-ի դուռը փակա: Թողնում-գնում են: Տղաներից կան մոտիկ տեղերում, էլ չեն գալիս, իրանց պապի տները քանդվում են, բայց չեն գալիս»,- ասում է արդվեցի Ռուբեն Կիրակոսյանը: Նրա համագյուղացի Սիրվարդ Միքայելյանն էլ նշում է, որ գյուղից հեռացած մարդիկ միայն տխուր առիթների դեպքում են հետ գալիս, այն էլ կարճ ժամանակով: «Բնակիչ չկա, որը մեռնում ա, էն հասած տանձի ղայդի, ջահելնին էլ կորել են գնացել Ռուսաստաննին, զանգում են, որ մերդ ա մեռել, հերդ ա մեռել, գալիս ա թաղում ու եդ գնում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել