Սեւանի քաղաքապետը հյուրընկալել է կանանց
Արփինե Մինասյան
Մարտի 7-ին Սեւանի տարբեր հաստատությունների ու ՀԿ-ների իգական սեռի առավել ակտիվ ներկայացուցիչները հյուրընկալվեցին Սեւանի քաղաքապետին: Կանանց միամսյակի առթիվ քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը շնորհավորեց նրանց` ցանկանալով առողջություն, երջանկություն, նրանց ընտանիքներին խաղաղություն:
Քաղաքապետը ցանկություն հայտնեց լսել ներկաների տեսակետներն ու առաջարկները խնդիրների լուծման համար: Ռուդիկ Ղուկասյանը կարեւորեց քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը, ընդգծեց, որ հարկավոր է շատ բարձրաձայնել քաղաքի, համայնքի խնդիրները` դրանք հասցնելով կառավարություն: Նշեց նաեւ, որ պետք նաեւ պատասխան ակնկալել ու պահանջել:
«Մեր քաղաքի նկատմամբ կառավարությունն ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի: Մի քանի օր առաջ իմ հաշվետվությունում էլ նշեցի, որ համահարթեցում չպիտի լինի համայքների միջեւ: Կցանկանայի, որ մարդիկ իրենց գյուղին, մշակույթի, կրթական օջախներին վերաբերող խնդիրները բարձրացնեին ու դրանց համար լուծումներ ակնկալեին: Այսօր Մարտունին շատ կոկիկ քաղաք է, Գավառը` նույնպես, բայց Գավառը մի երկու տարուց վերադառնալու է իր նախկին տեսքին` քանդված փողոցներ եւ այլն, քանի որ հապճեպ ծրագրեր են իրականացրել ու առաջնային, երկրորդային խնդիրներին ուշադրություն չեն դարձրել»,- ասաց քաղաքապետը:
Նա անդրադարձավ նաեւ մշակութային, կրթական օջախների անբարեկարգ շենքային պայմաններին: «Շինարարության առումով կրթական օջախներն անտեսված են: Ինչ ապագա է ունենալու վաղվա երիտասարդությունը»,-նշեց նա:
Ներկաներից «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սաթիկ Բադեյանը նշեց, որ միայն խնդրի մասին բարձրաձայնելով սայլը տեղից չի շարժվի: Հարկավոր է հստակեցնել նպատակները, նախաձեռնող խումբ ձեւավորել, մշակել ծրագրեր ու ներկայացնել կառավարություն: Քաղաքապետն ու ներկաները հավանություն տնեցին գաղափարին: Ներկաներից մի քանիսը ավելացրին, որ հասարակությունն անտարբեր է շրջակայքում տեղի ունեցող բարձիթողի վիճակին:
Ղուկասյանը պատասխանեց. «Դրանում մենք էլ մեղավորություն ունենք, պետք է աշխատենք պահանջատեր քաղաքացիական հասարակություն ձեւավորել: Այդ հարցում ինձ հարկավոր է բոլորի օգնությունը: Շվեյցարիան նրանով է Շվեյցարիա, որ նրա յուրաքանչյուր քաղաքացի բնապահպան է, հասարակական պետական մտածողություն ունի »,-ասաց նա
Հանդիպման ավարտին ներկաները քաղաքապետից նվերներ ստացան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել