Շիրակի մարզպետը` գյումրեցիների 15 հոգանոց ընտանիքում
Մարիամ Խալաթյան
Այսօր Հովհաննես եւ Մարիցա Դիլանյանների ընտանիք էր այցելել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Դիլանյանների ընտանիքում 16 օր առաջ ծնվեց նրանց 11-րդ երեխան: Վեց տղա, հինգ աղջիկ, հայր, մայր, տատիկ, պապիկ. այս բազմանդամ ընտանիքն ապրում է ընտանեկան նպաստով եւ թոշակով:
Դիլանյաններն ասում են, որ դժվար է այսքան երեխա պահելը: «Չեմ ասում, թե հեշտ է պահելը, ամեն երեխա իր դժվարությունն ունի, բայց որոշել ենք՝ ինչքան եղավ երեխա, ես պետք է ունենամ: Մենք շատ ուրախ ենք այս փոքրիկիս ծնունդով: Ասում են՝ ամեն երեխա իր ղսմաթն ունի, Աստված երեխային որ տալիս է՝ ղսմաթն էլ հետն է տալիս: Տիգրանս ինչ ծնվել է՝ մեզ միշտ այսպես նվերներ են գալիս: Մենք դժգոհ չենք»,- ասաց Մարիցա Դիլանյանը:
Ընտանիքի հայրը՝ Հովհաննեսը, մշտական աշխատանք չունի, սեզոնին շինարարություն է անում, հետո՝ տաքսի է վարում:
«Երեխաներ ունենալու համար մենք կոնկրետ որոշումներ չենք կայացրել: Երեխաներ ունեցել ենք մեր ազգը շատացնելու համար: Երեխաներն Աստծո պարգեւն են, մենք ուրախ ենք մեր երեխաներով: Ես ինքս չեմ ունեցել եղբայրներ, բայց եղբոր կարիք կյանքում շատ եմ զգացել, ուստի ուզեցել եմ, որ իմ երեխաները կյանքում այդ դժվարությունները չտեսնեն: Սա է եղել մեր շատ երեխաներ ունենալու նպատակը», - ասում է Հովհաննես Դիլանյանն:
Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորեց ընտանիքին եւ նշեց· «Եկել եմ շնորհավորելու բազմազավակ ընտանիքին, այս աղջիկների մարտի 8-ը, ցանկանալ առողջություն, հաջողություն: Ես կուզենայի, որ այսպիսի բազմազավակ ընտանիքները շատ լինեին: Մենք պակասում ենք տարբեր պատճառներով, հիմա պետք են այսպիսի ընտանիքներ, որոնք մեր թիվը կավելացնեն, դա շատ անհրաժեշտ է մեզ: Շատ էրեխեն լավ բան է: Սուտ է այն պատճառաբանությունը, թե չենք կարող պահել, դրա համար քիչ ենք ունենում. ամեն երեխա իր բաժինն ունի»:
Մարիցա Դիլանյանն ասաց, որ իրենց ընտանիքին պետությունը երբեւէ չի աջակցել, բայց այսօր միակ բանը, որ շատ անհրաժեշտ է իրենց՝ տունն է: Երեխաները շատ են, արդեն մեծ են եւ չեն կարող 9 հոգով մի սենյակում քնել: Հենց այս խնդրանքով էլ նրանք դիմեցին մարզպետին, վերջինս էլ խոստացավ օգտակար լինել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել