HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյան. «Ցեղասպանության իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի  բացման խոսքը Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65-ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը: Ժնև, 2014թ., մարտի 7:

Տիկնայք և պարոնայք,

Նախ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար տիկին Նավի Փիլային և նրա գրասենյակին Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված այս բարձրաստիճան քննարկումն անցկացնելու համար:

Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ կարևոր քննարկում անցկացնելու պատրաստակամության համար: Մասնավորապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած տիկին Էսթեր Մուջավայոյին: Այդ ցեղասպանության 20-րդ տարելիցը կնշվի երեք շաբաթից Բրյուսելում միջազգային կոնֆերանսին:

Հայ ժողովուրդը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, բարոյական խիստ պատասխանատվություն է զգում իր ներդրումը բերելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Ես պետք է երախտագիտություն հայտնեմ այն բազմաթիվ անդամ պետություններին, որոնք պատրաստակամորեն իրենց աջակցությունն են բերում այս վեհ նպատակին ծառայող մեր տարբեր նախաձեռնություններին: Կցանկանայի օգտվել այս հնարավորությունից շնորհակալություն հայտնելու Ցեղասպանության կանխարգելման մասին Մարդու իրավունքների խորհրդի բանաձևի բոլոր համահեղինակներին, որն ընդունվել է այս բարձր մարմնի կողմից անցյալ տարի:

ՄԱԿ-ը իր տարբեր կառույցների միջոցով կենտրոնական դեր է խաղում ցեղասպանության կանխարգելման գործում: Ես կցանկանայի ընդգծել  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի անձնական ներգրավվածությունը, ով ուղղորդում է այս շարունակական գործընթացը: Մեզ ոգևորում է Մարդու իրավունքների խորհրդի և ՄԱԿ-ի այլ կառույցների` անդամ պետությունների հետ միասին նպատակաուղղված աշխատանքը: Ես կցանկանայի շեշտել Ցեղասպանության կանխարգելման հարցով Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական պարոն Ադամա Դիենգի արժեքավոր ներդրումը, ով այսօր մեզ հետ է:

Հակառակ այն փաստին, որ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիան ընդունվել է 1948թ., դրան հաջորդած տասնամյակներում, ներառյալ վերջին տարիներին, ցավոք իրագործվել են նոր ցեղասպանություններ, նոր մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Այս սարսափելի երևույթը Կամբոջայից Ռուանդա և Դարֆուր շարունակում է մնալ չվերացված:

Սա նշանակում է, որ մենք ոչ միայն քննարկումների, բանաձևերի, հռչակագրերի, կոնվենցիաների, այլ նաև ցեղասպանությունների կրկնությունը կանխող արդյունավետ մեխանիզմների կարիքն ունենք:   

Ցեղասպանությունը բարդ երևույթ է՝ այն տեղի չի ունենում միանման եղանակով: Կանխարգելումը պետք է հիմնված լինի ցեղասպանությունների պատմության ճշգրիտ ընկալման վրա: Մենք պարտավոր ենք հասկանալ ոչ միայն այն, թե ինչ է տեղի ունեցել յուրաքանչյուր դեպքում, այլ նաև դրա պատճառները: Մենք պետք է պատրաստ լինենք դասեր քաղելու անցյալի ձախողումներից և բաց լինենք նոր գաղափարներին:

Ցեղասպանության կանխարգելումը պահանջում է հարկադրանքի, կանխարգելման միջոցառումների մշակում: Եթե տեղի է ունեցել ցեղասպանություն, ապա ոճրագործները չպետք է կասկած ունենան, որ նրանք հաստատապես կենթարկվեն պատասխանատվության: 1915թ. մայիսի 24-ի հատուկ հռչակագրով դաշնակից տերությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, նախազգուշացրեցին հայ ժողովրդի դեմ կոտորածներ իրականացնողներին, որ նրանք անձնական պատասխանատվության կենթարկվեն «մարդկության և քաղաքակրթության դեմ գործած Թուրքիայի այս նոր հանցագործությունների համար»: Այսպիսով, Մարդկության դեմ գործած հանցագործության ժամանակակից հասկացությունը ներառվեց միջազգային իրավական համակարգում:

Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի նախապատմությունը կապված է հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի հետ: Ռաֆայել Լեմկինը՝ «ցեղասպանություն» եզրույթի հեղինակը, սահմանելով ցեղասպանություն հանցագործությունը, հղում էր անում հենց հայերի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներին: Լեմկինը նվիրեց իր կյանքը մարդկության դեմ գործած հանցագործությունների ուսումնասիրությանը, որը նույնպես ճանապարհ հարթեց 1948թ. Կոնվենցիայի ընդունման համար:

2013թ. մարտի 22-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևում սահմանված միջոցները նախատեսում են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ: Մենք բոլորս միասնական ենք ցեղասպանության կանխարգելման երեք հենասյուների` վաղաժամ նախազգուշացման, մարդու իրավունքների պաշտպանության և կրթության և հանրային իրազեկման կարևորության շուրջ:

Առաջին, որպեսզի միջազգային հանրությունն անհապաղ արձագանքի, մենք պետք է տեղեկացված լինենք ցեղասպանության վտանգի մասին հնարավորինս շուտ և իրականացնենք անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր: Սովորաբար ցեղասպանություն իրականացնողները փորձում են հնարավորինս երկար ժամանակ թաքցնել իրենց մտադրությունները: Միջազգային հանրությունը պետք է կարողանա ճիշտ գնահատել ցեղասպան միջավայրի առաջացման պատճառները, որոնք հանգեցնում են այս սարսափելի հանցանքին և կանխել այն հնարավորինս շուտ:  

Նախորդ տասնամյակի ընթացքում և ՄԱԿ-ը, և տարածաշրջանային մարմինները զգալի առաջընթաց են գրանցել վաղ նախազգուշացման և գնահատման համակարգերի բարելավման գործում: Մենք պետք է անենք հնարավորը երաշխավորելու համար, որ առաջիկա տարիներին այս հաջողությունները, առաջընթացը շարունակություն ունենան: Վաղ հայտնաբերումը և նախազգուշացումը չեն կարող լինել արդյունավետ, քանի դեռ նրանց չեն հետևում հստակ զսպիչ քայլեր: 

Երկրորդ, ցեղասպանության կանխարգելումը մարդու իրավունքների պաշտպանության համապարփակ միջազգային մեխանիզմների մասն է: Բարոյական արժեքները կանգնած են այս սարսափելի ոճրագործությունների դեմ պաշտպանական ամենակարևոր գծում: Ցեղասպանությունը աներևակայելի հանցագործություն է այն հասարակության համար, որը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և ոչ բռնության արժեքների վրա:

 Երրորդ, մեր նպատակներից մեկը հասարակության մեջ այս արժեքների ամրապնդումն է կրթության և հիշողության միջոցով: Սերունդները պետք է տեղյակ լինեն անցյալի ողբերգությունների, անցյալի ցեղասպանությունների մասին: Կատարված ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը ապագայում նրանց կանխման ամենաարդյունավետ միջոցներից են: Ցեղասպանության չընդունումը կամ գիտակցված ժխտումը, որն այլ կերպ կոչվում է ժխտողականություն, անպատժելիության հետ մեկտեղ ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար: Անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից՝ միջազգային հանրությունը պետք է միասնական լինի անցյալի ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և պատժման, ապագայում դրա կանխարգելմանն ուղղված ջանքերում, հատկապես՝ Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին 1968թ. կոնվենցիայի լույսի ներքո:

Ցեղասպանությունների` Մեծ Եղեռնի, Շոահի զոհերի հիշատակի օրերը, ինչպես նաև Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների հիշատակի օրերը պետք է լինեն սգո օրեր ոչ միայն զոհերի ժառանգների, այլ նաև իրականացնողների ժառանգների  համար: Նման օրերին պետք է մոտենալ ճանաչման և հաշտեցման ուղղությամբ առաջ շարժվելու պատրաստակամությամբ: Իհարկե, իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում կամ երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով սնուցում:

Քաղաքակիրթ աշխարհը վճռականորեն մերժում է ատելության, ռասիզմի հրահրումը, անհանդուրժողականության տարածումը, ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը՝ ազատ արտահայտվելու իրավունքի պատրվակով: Միջազգային ցեղասպանագետների կարծիքն այն է, որ ժխտումն ինքնին ցեղասպանության շարունակություն է:

Տիկնայք և պարոնայք,

Նշելով Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65-ամյակը՝ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր պայմանագրի արդյունավետությունը պետք է գնահատվի դրա իրականացման (կատարման) հիման  վրա: Այս քննարկումը լավ հնարավորություն է այս Կոնվենցիայի իրականացման լավագույն փորձը փոխանակելու համար:

Օգտվելով հնարավորությունից՝ ես կոչ եմ անում այն պետություններին որոնք դեռևս չեն միացել Կոնվենցիային, միանալ մոտ ապագայում և հաջողություն եմ մաղթում նրանց, ովքեր ջանք չեն խնայում ցեղասպանության կանխման ուղղությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter