HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բասենում ավագանու կազմում ակնկալում են տեսնել թարմ գաղափարներով երիտասարդներին

Շիրակի մարզի Բասեն համայնքում անցած տարի 40 ամուսնություն է գրանցվել: Երիտասարդ համայնքապետ Համլետ Պետրոսյանն այս մասին անթաքույց հպարտությամբ է խոսում. երիտասարդ ընտանիքներն ավելանում են: 2012թ.-ին Բասենում գրանցվել է 31 ծնունդ եւ 13 մահ, իսկ անցած տարի` մահվան 11 դեպք եւ 21 ծնունդ: «Միայն 2013թ.-ին ենք «թերացել»,- կատակում է Հ. Պետրոսյանը,- հույս ունեմ, որ 2014թ.-ին մեր երիտասարդ զույգերն համայնքին ամոթով չեն թողնի»:

Նախկինում Բասեն գյուղը կոչվել է Մեծ Քյափանակ, 1935թ. վերանվանվել Մուսայելյան՝ ի պատիվ հեղափոխական գործիչ Սարգիս Մուսայելյանի: 2006թ· կառավարության որոշումով` Մուսայելյանը կրկին անվանափոխվել է, սակայն գյուղացիները երկար ժամանակ չէին համակերպվում Բասեն անվան հետ: Միայն կառավարության որոշումից երեք տարի անց մուսայելյանցիներն համաձայնվեցին կոչվել բասենցիներ:

Մոտ 2000 բնակիչ ունեցող գյուղում հիմնականում զբաղվում են բուսաբուծությամբ եւ անասնապահությամբ: Համայնքապետն ասում է, որ գյուղատնտեսության որեւէ ճյուղին նախապատվություն տալը սխալ է, քանի որ դրանք սերտորեն կապված են միմյանց հետ: Համայնքապատկան հողերը ոռոգովի չեն: Բասենցիները հիմնականում ցանում են մշակաբույսերից գարի, ցորեն, իսկ խոտաբույսերից՝ առվույտ, կորնգան: Հավասարաչափ զբաղվում են բուսաբուծությամբ եւ անասնապահությամբ:

Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանը

«Կոլտնտեսության վերացումից հետո ժառանգեցինք 137 հա ինքնահոս ոռոգելի տարածք, որը գյուղից 7 կմ ներքև է գտնվում: Քանի որ մարդկանց հասանելիք չափաբաժինը փոքր էր, տեղն էլ հեռու, վերածեցին խոտհարքի: 2012թ· այդ հատվածում մենք ջրարբիացման ծրագիր իրականացրինք Համաշխարհային բանկի աջակցությամբ, անասունների համար 4 հատ խմոցներ տեղադրեցինք, գյուղտեխնիկա ձեռք բերեցինք»,- ասում է համայնքի ղեկավարը:

Ծրագրի արժեքը 200 հազար դոլար էր, որի միայն 5% է եղել համայնքի ներդրումը: Ջրարբիացման ծրագրի արդյունավետությունը զգացել են նույն տարում: Նախ անասունն այլեւս 12 կմ ճանապարհ չի կտրել ջուր խմելու համար եւ գրեթե 100 %-ով օգտագործվել են արոտները. խոտը չի մնացել-չորացել:

Մինչեւ 2008թ.-ը Բասենում գրեթե ծրագրեր չեն իրականացվել: Սեփական եկամուտների հավաքագրումն էլ եղել է ընդամենը 5 տոկոս: Նախկին համայնքապետի մահվանից վեց ամիս անց` 2008թ.-ի փետրվարին, Բասենում արտահերթ ընտություններ անցկացվեցին: Մասնակից 7 թեկնածուներից ընտրվեց ներկայիս համայնքապետը: Համլետ Պետրոսյանի փոխանցմամբ` ընտրվելուց հետո վեց ամսվա ընթացքում ինքը կարողացել է սեփական եկամուտների հավաքագրումը հասցնել 80%-ի և իրականացնել առաջին ծրագիրը՝ գյուղում գիշերային լուսավորության ցանց անցկացնելը: «990 հազար դրամով 20 կետ կարողացանք այն ժամանակ ապահովել, հետո արդեն 2010 թ.-ին ավելացրեցինք ևս 20-ով: Մարդիկ պարզապես տեսան, որ իրենց տված գումարները հենց իրենց համար էլ ծախսվում են ու հիմա մենք սեփական եկամուտների մասով ոչ միայն կատարում ենք պլանը, այլև գերակատարում»,- ասում է Համլետ Պետրոսյանը:

Գյուղում անցած տարի 1300 գծամետր խմելու ջրի ցանցն են նորացրել: Ծրագիրն իրականացրել են «Կարիտաս» բարեսիրական կազմակերպության հետ: Բասենում խմելու ջրի ներքին ցանցը համայնքային ենթակայության է: «Մեր պապերն անցած դարի 50-ականներին սարերից ջուրը հասցրել են գյուղ, որ ես էլ վերցնեմ տամ ջրմուղի՞ն,- հարցնում է համայնքապետն ու ինքն էլ պատասխանում,- իհարկե ոչ, ինչի՞ համար հանձնեմ իրենց, հետո էլ օրերով սպասեմ, որ սպասարկում իրականացնեն կամ չիրականացնեն, հետո էլ գան մեր չարչարանքը մեր վրա ծախեն»:

«Կարիտաս»-ի տրամադրած 5000 եվրո գումարով եւ համայնքի ներդրած 1,5 մլն դրամի շրջանակներում ջրի կուտակման ավազանից դուրս եկող մետաղյա խողովակները փոխարինվել են պոլիէթիլենային խողովակներով: Բասենում խմելու ջրի ներքին ցանցի երկարությունը մոտ 15 կմ է: Համայնքապետի փոխանցմամբ՝ առաջիկայում հատված առ հատված կփորձեն նորացնել նաեւ գյուղի տարածքով անցնող խողովակաշարը: Բասենում բնակիչներից խմելու ջրի դիմաց վարձավճար չի գանձվում:

Համլետ Պետրոսյանի համար օրակարգային խնդիրներից է համայնքային իշխանության համար վարչական շենք ունենալը: Ներկայումս վարձակալական հիմունքներով մի քանի սենյակ են զբաղեցնում մանկապարտեզի երկհարականի նորակառույց շենքում:

«Այստեղ հարցը ոչ թե գյուղապետարանի շենք ունենալն է, որքան մանկապարտեզի սենյակներն ազատելը,- պարզաբանում է համայնքապետը,-հիմա 50  երեխա է հաճախում, սակայն եթե մենք տեղափոխվենք, ապա հաճախող երեխաների թիվը կհասնի 100-ի: Համայնքը հիմա տարեկան 5 մլն դրամի չափով գումար է ծախսում մանկապարտեզի կարիքները հոգալու համար, պատրաստ ենք ավելին ներդնել, եթե երեխաների թիվն ավելանա, պարզապես շենքի հարցն է»:

Բասենում սեփական եկամուտների հավաքագրումը չի գերազանցում 9 մլն դրամը, պետությունից դոտացիա են ստանում 22 մլն դրամի չափով: 2014թ. դոտացիան ավելացել է 990 հազար դրամով: Սակայն անգամ այս գումարներով հնարավոր չէ կառուցել այնպիսի համայնքային կենտրոն, որտեղ հնարավոր լինի տեղակայել համայնքապետարանը, մշկույթի տունը, գրադարանը և այլն: Համայնքի ղեկավարն ասում է, որ գյուղում դեռեւս խորհրդային տարիներից պահպանված մշակույթի տուն ունեն, որի վերանորոգման համար իրենց հաշվարկով 50 մլն դրամից ոչ պակաս գումար է հարկավոր: «Եթե դա վերանորոգվի հա՛մ մենք կտեղափոխվենք, հա՛մ գրադարանը, 200  տեղանոց դահլիճ կունենանք, երիտասարդներն ու ծերերը փողոցներում կանգնելու փոխարեն զբաղմունքի տեղ կունենան»,- ասում է Համլետ Պետրոսյանը:

Անցած տարի սեփական եկամուտների հաշվին 2 մլն դրամի սահմաններում գյուղում գտնվող հուշարձանախմբի տարածքն են նորոգել, 1մլն 200 հազար դրամի սահմաններում 4 կանգառ է տեղադրվել: Այս տարի մտածում են մի քանի աղբամաններ ձեռք բերել եւ աղբատար մեքենա վարձակալել՝ շաբաթը մեկ գյուղում աղբահանություն իրականացնելու նպատակով:

Պետբյուջեի միջոցներով հիմնովին նորոգված եւ գյուղի միջով անցնող ճանապարհը պահպանելու նպատակով սահմանվել է 200 հազար դրամ տուգանք` թրթուրավոր, ծանր տեխնիկա վարողների համար:


Նույն հոգատարությամբ են վերաբերվում նաեւ մայթերին ու ջրահեռացման բաց համակարգին: «Թրթուրավոր տրակտորները, հիմնականում` մեխանիզատորները, տեղակայել են գյուղի վերջնամասում: Մենք 30 տարի նորմալ ճանապարհ չենք տեսել, ու ափսոս է, որ հիմա թողնենք` քանդվի»,- նշում է Համլետ Պետրոսյանը:

Նա կարեւորում է նաեւ գյուղում նոր եկեղեցու կառուցումը: 1906թ.-ին կառուցված հողաշեն եկեղեցու փոխարեն բասենցիներն հիմա քարակերտ կառույց են ուզում տեսնել գյուղում: 2009 թ.-ին նախագիծ-նախահաշիվ էր կազմվել: Պահանջվող 70 հազար ԱՄՆ դոլարի գոնե մի մասն հավաքագրելու նպատակով համայնքապետը 2011թ.-ին մեկնել էր Ռուսաստան: «Հանդիպեցի էնտեղի մեր հայրենակիցների հետ և կարողացա 5 օրում 14.000 դոլար հավաքել: Մեր գյուղի բնակիչներն էլ միացան դրամահավաքին, տունը` 5-10 հազար դրամով: Եկեղեցին առայժմ կառուցված է կիսով չափ, 20 մետր երկարություն, 11 մետր լայնություն ունի: Գյուղի բոլոր տղամարդիկ, ես էլ` հետները, հավասարաչափ աշխատել ենք եկեղեցու վրա, անգամ կանայք ու ծերերն են մասնակցություն ունեցել»,- ասում է համայնքապետը:

2014թ.-ին Բասեն համայնքի մուտքի մոտ տեղադրվելու է գյուղի խորհրդանիշը: Դա ևս համայնքապետի ծրագրերից մեկն է: Կլինի ժայռապատկեր, վրան` խաչ: Ժայռը խորհրդանշելու է բասենցիների միասնությունը, իսկ խաչը՝ նրանց աստվածավախ էությունը:

Մարտի 9-ին Բասենում ավագանու ընտրություններ են: Համայնքապետը հույս ունի, որ նոր կազմը կհամալրվի երիտասարդներով, ովքեր իրենց հետ նոր գաղափարներ կբերեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter