
«Հաչիգ չիգի, հաչիգ չիգի: Պռռռռռհըհըհըհո~~»
Ժորա Նազլուղանյանը 40 տարի վարորդ է աշխատել: Ասում է, որ 88-ի երկարաշարժից հետո է «ոչխարի պոչը բռնել»: Այժմ հովիվ է և ունի 120 ոչխար:
Ըստ Ժորային` Դեբեդի գյուղացիները չեն ուզում անսանապահությամբ զբաղվել, ոչխարի հետևից գնալ:
«Մեր գյուղի պես ոչխար ունեցող չկար: Սաղ կրեցին տարան: Երևի մի 500-600 գլուխ ոչխար տարան: Էն որ ասում են միամիտ լոռեցի Է~~, հմի մերն էր: Մենք վաճառողների վրա վաճառել ենք 30 հազար դրամով: Սրանք էլ ոչխարները վաճառել են պարսիկներին և ամեն մի ոչխարից 70 -85 հազար դրամ եկամուտ են ունեցել: Հիմա գյուղում հատուկենտ մարդիկ կան, որ ոչխար են պահում»,- պատմում է Ժորան:
«120 ոչխար ունեք, արդեն ֆերմեր եք»,-ասացի Ժորային:
«Ֆերմեր չեմ, բայց ֆերմերին մոտիկ եմ»,- պատասխանեց:
Ժորային առաջարկեցի իր ոչխարների հետ նկարվել: «Իծան էլ ունեմ, կացի իծանս էլ բերեմ»,- ասաց նա:
«Հաչիգ չիգի, հաչիգ չիգի: Պռռռռռհըհըհըհո~~»,- մի քանի անգամ չոբանավարի ձայն տալով` դեպի արոտավայրի լանջը գնաց հովիվը: Այծերը հովվի կանչի վրա արագ մագլցեցին լանջը և մոտեցան տիրոջը: Ժորան բացատրեց , որ «հաչիգ չիգի» նշանակում է «այծ, արի»: Նկարվելիս Ժորան ոչխարների բերանը կոնֆետ էր դնում:
Հարցրի մարտի 9-ին կայանալիք Դեբեդի գյուղապետի ընտրություններից: «Խաբար չեմ` ով կընտրվի: Ով ուզում ա ընտրվի, ինձ հմա մինա,-ասաց նա և հիշեց,- գյուղապետ, գյուղապետ մեր հին գյուղապետն էր: Ողորմածիկ դառավ Պապինյան Ֆելիքսը: Էս ասֆալտն էլ է նա արել, Էս արոտավայրի կողքերքի ծառերն ինքն ա տնկել: Մանկապարտեզն էլ է նա բացել, ծնվող երեխային փող էր տալիս, մեռնողի հարազատներին օգնում էր, գերազանցիկ սովորողներին պարգևատրում էր: Էն մարդը գնաց ջահել-ջահել` 30 տարեկանում ինֆակտ ստացավ»:
«Մեր գեղը լրիվ պրոբլեմ ա»,- ասաց գյուղի մուտքի ճանապարհաեզրին պատ շարող երեք տղամարդկանցից մեկը: Վերջիններիս հարցրի գյուղից Ռուսաստան արտագաղթողների մասին:
![]() |
![]() |
«Պահ, նաղդ գնացող ենք երեքս էլ: Գնանք ու կարող է վաբշե չգանք էլ, հա բա գանք ստեղ, ինչ անենք»,- պատասխանեց նրանցից մեկը: «Դեբեդը շատ դժվար ոտքի կկանգնի: Գյուղը վարկերի տակ խեղդվում ա»,- ասաց նրանցից մեկը: Նրանք այդպես էլ չցանկացան հայտնել իրենց անունները:
Դեբեդի դպրոցի տնօրեն Զավեն Խաչատրյանը մեղադրեց Ռուսաստան աշխատանքի մեկնող դեբեդցիներին: «Չեն ուզում աշխատել մեր գյուղացիք, լոդր են: Գյուղում հրաժարվում են 60 հազար դրամ աշխատավարձով իրենց առաջարկվող անասնապահական աշխատանքներից, իսկ Ռուսաստանում ամենաստորացուցիչ աշխատանքն են համաձայնում կատարել»,-ասաց դպրոցի տնօրենը:
![]() |
Խանութի վաճառողուհին` Լենան |
Գյուղի կենտրոնում գտնվող խանութի վաճառողուհի Լենային հարցրի գյուղացիների վճարունակության մասին:
«Էս պահին խանութին 2 մլն. դրամի պարտք ունեն»,- ասաց Լենան:
Գյուղամիջում կանգնած մեկ այլ դեբեդցի` Սամվել Պետրոսյանը, սկսեց խոսել իրենց գյուղի խնդիրների մասին:
Նա դրանցից, որպես կարևոր, առանձնացրեց երկուսը` խմելու ջրի ու ճանապարհների խնդիրը: Ու հետո հոգոց հանելով`ասաց. «25 կմ-ից գյուղ ջուր բերելը խաղ ու պար չի»:
Այցելեցինք նաև Դեբեդի մանկապարտեզ:Բակում 14 երեխաներ էին խաղում: Մանկապարտեզը տարրական պայմաններից զուրկ է, չունի նաև փոքրիկների ննջարան:
Իսկ վաղը Դեբեդում համայնքապետի ընտրություններն են:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել