5 տեղի համար` 5 թեկնածու
Էմմա Պետրոսյան
Մարտի 9-ին Մարց համայնքում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են:
Ավագանու անդամի 5 տեղի համար առաջադրվել է 5 թեկնածու: Այս է պատճառը, որ Մարց համայնքի ավագանու անդամ դառնալու ցանկացողները քարոզարշավ չեն իրականացնում, թեկնածուների միջև մրցակցություն չկա: Համայնքների խոշորացման մասին լուրն իր հերթին բացասաբար է ազդում թեկնածուների ակտիվության վրա, քանի որ խոշորացումից հետո նոր ընտրություններ են սպասվում: Ավագանու անդամության թեկնածություն Մարցում նախապես 6 մարդ է ներկայացրել, այնուհետև մեկն ինքնաբացարկ է հայտարարել:
Թեկնածուներից մեկն էլ Մարցի դպրոցի տնօրեն Ռուդիկ Ափիցարյանն է: Նրա՝ համայնքի ավագանու անդամ դառնալու ցանկությունը բխում է դպրոցի շահերից, ուզում է համայնքում անձամբ ներկայացնել դպրոցի շահերը. «Ավագանին մեծ լիազորություններ ունի, եթե վերցնենք միայն որպես բյուջե տնօրինող` արդեն ամեն ինչ ասում է, որովհետև նման փոքր բյուջե ունեցող համայնքներում շատ բան չես կարող անել, իսկ եղածն էլ պետք է նպատակային ծախսվի: Իմ նպատակը, ճիշտն ասած, էդքան մեծ չի, իմ նպատակն այն է, որ գյուղապետարանը կամ գյուղական իշխանությունը ուշադրություն դարձնի դպրոցին, էդքան բան: Մենք էլ կարողանանք մեր բաժինը ունենալ էդ ամբողջից»:
Դպրոցի բյուջեն համայնքի բյուջեից 3 անգամ մեծ է (այս տարի դպրոցի բյուջեն կազմել է 28 մլն դրամ), հետևաբար գյուղապետը համարում է, որ դպրոցը կարիքներ չունի, «այնինչ կարիքները շատ են»,- վստահեցնում է Ռուդիկ Ափիցարյանը: Ավագանու անդամության մեկ այլ՝ միակ կին թեկնածու Մանուշակ Մկրտչյանն էլ ցանկանում է ավագանու անդամ դառնալ համայնքի զարգացման ծրագրերում գյուղապետին աջակցելու նպատակով. «Գյուղապետի աջակցությամբ եթե լինեն ծրագրեր, օգնենք, կազմակերպենք, աջակցենք, եթե որևէ տեղից որևէ կազմակերպության օգնության կարիք լինի, հնարավորություն լինի: Գյուղի համար աշխատենք, մեր գյուղը բարգավաճի: Կարելի է ասել՝ լինելու եմ գյուղապետին աջակցող մարմին, եթե աջակցությունը կա, խիստ վերահսկելու անհրաժեշտություն չկա»:
Մարց համայնքի ավագանու անդամի այս երկու թեկնածուներն էլ նշում են, որ իրենց և մյուս բոլոր թեկնածուների միջև ոչ մի լարվածություն չկա, ընտրական ակտիվություն՝ նույնպես: Մինչ այժմ գործող ավագանուց գոհ են, ակտիվ են եղել: Իրենք էլ հետագայում նույնպիսի ակտիվություն կցուցաբերեն իրենց համայնքապետին աջակցելու եւ համայնքի տնտեսական վիճակը բարելավելու գործում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել