HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ոստիկանությունը հարկայինի գործառույթ է ստանձնել ու պարտադիր բացատրություն է վերցնում

Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ եւ գործարար Վիկտոր Դարբինյանի որդին՝ Համլետ Դարբինյանը, իրենց նախկին վարորդ Գագիկ Ղազարյանի հետ ունեցած վիճաբանության արդյունքում կալանավորվել է: Վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա. Գագիկ Ղազարյանը, նախազգուշացված լինելով, որ հոկտեմբերից իր երթուղային տաքսին այլեւս չի շահագործվելու Դարբինյաններին պատկանող երթուղում, գնացել է պարզաբանում ստանալու: 

Համլետ Դարբինյանին սկզբում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 2-րդ մասով, ապա արարքը վերաորակվել է նույն հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: 

Գագիկ Ղազարյանը, սակայն, դեպքի կապակցությամբ բողոք չի ներկայացնում: Գլխի վնասվածքի մասին ասում է, որ այն ստացել է ավտոմեքենայից վայր ընկնելու հետեւանքով: Դատաբժշկական փորձաքննությամբ էլ վնասվածքը բնորոշել է թեթեւ: Չնայած դրան՝ մարզի իրավապահները հիմնավոր են համարում Համլետ Դարբինյանին առաջադրված մեղադրանքը եւ նրա կալանավորումը: 

Դեպքից 2 օր հետո, երբ Գագիկը Երեւանում է եղել, դեպքի առթիվ ոստիկանությունում հայտարարություն է տվել Գագիկ Ղազարյանի մայրը՝ տիկին Ռայան: Ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները տիկին Ռայայի հետեւից գալով՝ տարել են նրան ոստիկանության բաժին՝ ոստիկանապետի մոտ: Տիկին Ռայան ոստիկաններին հետեւել է վախից դրդված: Ոստիկանությունում էլ նրանց պահանջով հայտարարություն է գրել դեպքի մասին (եկել ասել են, որ որդին կռվի մեջ վնասել է գլուխը)` չիմանալով, որ կարող էր նաեւ հրաժարվել հաղորդում տալուց: 

Վիկտոր Դարբինյանի համոզմամբ՝ վերջին վիճաբանությունն ու դրա հետ կապված՝ որդու կալանավորումը մարզի իրավապահների հետ իր լարված փոխհարաբերությունների հետեւանքն է: Նա ուղղակի առնչություն է տեսնում այդ եւ դրան նախորդած այլ դեպքերի միջեւ. Դարբինյանների հետ վիճաբանության մեջ մտած Գագիկ Ղազարյանը հարբած է եղել: Որոշ տեղեկություններով՝ նա խմել սկսել է դեպքի նախորդ օրը Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանին պատկանող բենզալցակայանում: Իսկ վերջինս չլուծված ֆինանսական հարցեր ունի Վիկտոր Դարբինյանի հետ. քննչականի պետը մինչ օրս չի վերականգնում իր որդու անվան հետ կապվող ավտովթարի հետեւանքով Վիկտոր Դարբինյանի 2 տաքսի մեքենաներին պատճառված վնասը:

4 տարի առաջ տրանսպորտային երթուղիների մրցույթին Վիկտոր Դարբինյանը դատախազության ճնշման տակ ներկայացրել էր նաեւ մարզի դատախազի օգնական Սոս Տոնոյանի եղբոր՝ Ռոլանդ Տոնոյանի «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան: Օրենքով մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր գրանցված լինեն կազմակերպության անունով: Վիկտոր Դարբինյանն էլ Ռոլանդ Տոնոյանի «ԳԱԶելը» ստիպված գրանցել ու որպես կազմակերպության սեփականություն ներկայացրել էր մրցույթին: Այդպիսով, դատախազի օգնականի եղբայրը 4 տարով հնարավորություն էր ստացել շահագործել իր երթուղային տաքսին Դարբինյանների երթուղում եւ տնօրինել ստացվող ողջ շահույթը: Բայց այժմ Գագիկ Ղազարյանի հետ նա էլ էր նախազգուշացվել, որ երթուղիների նոր մրցույթից հետո իր «ԳԱԶելն» այլեւս չի վարելու Դարբինյանների երթուղում: 

Դեպքից որոշ ժամանակ առաջ Վիկտոր Դարբինյանը մարզի իրավապահների հետ բախվել է նաեւ իր գործունեության մի ուրիշ մասով: Դարբինյաններին պատկանող «Դիկտիս» ՍՊԸ-ի կողմից վարձակալությամբ շահագործվող շուկայամերձ ավտոկանգառի հսկիչները, առանց Վիկտոր Դարբինյանի իմացության, աշխատանքային ժամին ոստիկանության աշխատակիցների կողմից տարվել են բաժին, որտեղ հարցաքննվել են ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ: 

Ավտոկանգառի հսկիչ Սմբատ Հալեւորյանի պատմելով՝ հետաքննիչ Արմեն Մոսինյանը կարգադրել է հետեւել իրեն: Ինքն էլ, տարածքը թողնելով, նրա հետ գնացել է բաժին: Հետաքննիչը չի ասել նրան բաժին տանելու, հարցաքննելու նպատակը, չի ներկայացրել նրան իր իրավունքները: Մի ժամի չափ հարցաքննել է, ապա բացատրություն գրել է տվել:

«Ասի՝ որպես ինչ եք ինձ բերել, թե բա՝ օբշի ստուգում ա: Մի հատ թուղթ էր, դրեց առաջս, ասավ՝ պետք ա պարտադիր գրես: Ասավ՝ լրիվդ օրենքո՞վ եք աշխատում, աշխատանքային գրքույկո՞վ, քանի՞ ավտո ես օրական կանգնեցնում, օրվա պլանը ի՞նչ ես տալիս, ընկերնե՞րդ ինչքան են տալիս: Ասի՝ չգիտեմ, ես իմը գիտեմ, իրանք՝ իրանցը»,-հարցաքննության մասին պատմում է հսկիչը: 

Աշոտ Աբեղյանը, որ նույնպես բաժին է տարվել, հետաքննիչին հիշեցրել է, որ իրենք ղեկավար ունեն, եւ որ այդ ամենն առանց նրա իմացության է կատարվում. «Ասավ՝ օրենքը թենց ա, չասավ՝ որ օրենքով: Ասի՝ ի՞նչն ա պատճառը, թե՝ նրբություններ կան, պետք ա իմանանք՝ ինչքան փող ա դուրս գալիս, ինչի հըմար ա»,- հետաքննիչի խոսքերն է փոխանցում հսկիչը: 

Բաժին է գնացել նաեւ Վիկտոր Դարբինյանը: Սկզբում հրաժարվել է, բայց ասել են, որ «օգուտ է, միանգամից կհիմնավորվի, որ գործն օրինական է»: Նա էլ ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, որ ընկերության գործունեությունն օրինական է: 

Վիկտոր Դարբինյանի պահանջով ոստիկանապետը բացատրել է, որ «կողքի հիմնարկից»՝ դատախազությունից, գրություն է ստացվել, որ ստուգեն: Դարձյալ նրա պահանջով՝ ներկայացրել է նաեւ գրությունը՝ դատախազի մակագրությամբ: Գրության մեջ նշված է եղել, որ բնակիչների կողմից բողոքներ են ստացվել, որ շուկայամերձ տարածքում կայանվող մեքենաներից ապօրինի գումարներ են գանձվում: Դատախազն էլ հանձնարարել է ստուգել հանգամանքները եւ արդյունքների մասին տեղեկացնել: 

Վիկտոր Դարբինյանը, սակայն, համոզված է, որ ոչ մի բողոք էլ չի եղել: «Գիտեմ՝ ինչ նպատակով ա կատարում, ով որ գրել ա: Իրա կամակատարն Իսպիրյանն ա, որ գործերով սարքում ա: Բայց ասողը նա է: Էս վերջին դեպքն էլ, ինձ թվում ա, հենց էդ մասով ա սարքած, որ պատժեն, սնանկացնեն: Միջին պաշտոնյաներին, մանր ու միջին բիզնեսմեններին, գործարարներին գցում են իրենց ցանցը, որ գումար շորթեն: Տանես տաս, հետո ամսական պիտի մոտենաս: Իմ կազմակերպության վրա սկսեցին աշխատել: Տնօրենին կանչել պահանջ են դրել: Միանգամից ասել եմ՝ ինձնից սպասելիք չունենաք: Չեմ տալու, ու վերջ»,- ասում է Վիկտոր Դարբինյանը:

Նրա ասելով՝ 3 տարի առաջ էլ է հայտնվել նույն խնդրի առաջ՝ դարձյալ երթուղու հետ կապված. «Առանց որեւէ առիթի երթուղի ունեցող կազմակերպությունների տնօրեններին կանչել, գումարներ էին պահանջել: Կանչեցին, հրաժարվեցի գնալ: Իրանք անօրինական վարորդներին կանչեցին, բացատրություն վերցրին, ուղարկեցին հարկային: Հարկայինին հատուկ զգուշացրել էին, որ պարտադիր մի բան գրեր: Էլի չմոտեցա: Հետագայում Վճռաբեկ դատարանի վճռով ակտերն անվավեր ճանաչվեցին: Պարզ նպատակը՝ մոտենայի իրանց»: 

Հետաքննիչ Արմեն Մոսինյանի հետ մեզ չհաջողվեց զրուցել: Նույնիսկ կոնտակտային տվյալներ էինք փոխանցել, բայց նա այդպես էլ չարձագանքեց: Մարզի դատախազն արձակուրդում է: Նրան փոխարինող դատախազ Ասատրյանը հրաժարվեց պաշտոնական մեկնաբանություն տալ իրավապահների կողմից ավտոկանգառի գործունեությունը ստուգելու եւ հսկիչներին պարտադիր հարցաքննելու վերաբերյալ: Մերժեց նաեւ մեր խնդրանքը՝ ծանոթանալ ավտոկանգառի վերաբերյալ բնակիչների բողոքներին: Ասաց, որ պետք է սպասենք մինչեւ դատախազը վերադառնա: 

Ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը հաստատեց, որ դատախազությունից գրություն է ստացվել՝ ստուգումներ իրականացնելու մասին:

Հարցին՝ ինչո՞ւ են հսկիչներին տրված հարցերը եղել հատկապես ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ, ոստիկանապետը պատասխանեց. «Միլիցիան տնտեսականով չի՞ զբաղվում»: Հսկիչներից վերցված պարտադիր բացատրությունների վերաբերյալ ասաց. «Հա, իրանք պարտավոր են բացատրություն տալ»: 

«Պարտավո՞ր են» հարցից ոստիկանապետը շփոթվեց, բայց պատասխանեց. «Բա ի՞նչ եք մտածում: Այսինքն՝ ես ասեմ՝ բացատրություն մի՞ք տա: Ասել են՝ հսկիչ են, ինչ կարգավիճակով են, մենք էլ բացատրել ենք՝ ինչ կարգավիճակով են»: 

Պարզաբանեց նաեւ Գագիկ Ղազարյանի մորը բաժին բերելու, նրան հայտարարություն գրել տալու եւ քրեական գործ հարուցելու հանգամանքը. «Դեպքի վերաբերյալ հարցրել եմ՝ ինչ ա եղել, ասել ա՝ էս ա եղել, ասել եմ՝ գնա հայտարարություն տուր բաժնում: Գնացել տվել ա, անմիջապես ուղարկվել ա քննչական բաժին»: 

«Ստուգումներ կկատարվի՝ օրինակա՞ն ա, թե՞ անօրիանական ա: Եթե չարաշահումներ ըլնի, կուղարկենք, եթե չըլնի, չենք ուղարկի»,- եզրափակեց ոստիկանապետը: 

Վերջինս, սակայն, այդպես էլ օրենքի որեւէ դրույթ չնշեց, որով կհիմնավորեր իրավապահ մարմնի կողմից «պարտադիր» բացատրություն կամ հայտարարություն վերցնելու եւ կամ նմանատիպ ստուգում իրականացնելու օրինականությունը: 

Ակնհայտ է, որ հարցաքննության ընթացքում հսկիչներին տրվել են հարցեր ոչ թե ավտոմեքենաների կայանման համար գանձվող գումարների օրինականության, այլ ուղղակիորեն ընկերության գործունեության վերաբերյալ: Իսկ օրենքով՝ ընկերության ֆինանսական վիճակի, նրա գործունեության՝ օրենքի պահանջներին համապատասխանության, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ պետական գրանցման, համապատասխան լիցենզիայի (թույլտվության), գրանցված կամ չգրանցված աշխատողների վերաբերյալ ստուգումները իրականացվում են հարկային մարմինների կողմից: 

Ավելին՝ ըստ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին ՀՀ օրենքի՝ ստուգում իրականացնող պետական մարմիննների թվում ոչ դատախազությունը, ոչ էլ ոստիկանությունը նշված չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter