Գյուղացին ընտրության էր ներկայացել նույնականացման քարտով
Մարիամ Խալաթյան
Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղում տեղակայված 33/01 ընտրատեղամասում, ուր համայնքի ղեկավարի ընտրություններ են ընթանում, բնակիչներից մեկը ստիպված եղավ փոքր-ինչ երկար սպասել: Ընտրողը տեղամաս էր ներկայացել նույնականացման քարտով, ինչը հանձնաժողովի անդամների մոտ տարակուսանքի տեղիք տվեց: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Աղաբեկյանը կապ հաստատեց թիվ 33 ընտրատարածքի հետ: Պարզվեց` քաղաքացին իրավունք ունի օգտվել ընտրության իր իրավունքից նույնականացման քարտով: Դրանից հետո բնակչին թույլատրվեց կատարել իր քաղաքացիական պարտքը:
Հավելենք, որ նույնականացման քարտը հնարավոր չէ ընտրությունների ժամանակ նախատեսված կնիքով կնքել, ինչպես սովորական անձնագիրը: Ընդհանուր առմամբ, այս ընտրատեղամասում ընտրական գործընթացն անցնում է շատ հանգիստ: Գյուղի բնակիչները չեն շտապում ներկայանալ տեղամաս: Փոքրաշենը մեծ համայնք չէ և ունի ընդամենը 50 տնտեսություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել