
Ծեր կնոջ փոխարեն Վարդաքարում ցանկանում էր քվեարկել նրա աղջիկը
Վարդաքարցի 88-ամյա Ռոզա Պապիկյանի տղան ու աղջիկը միմյանց հերթագայելով՝ փորձում են անկողնային հիվանդ մոր մասնակցությունն ապահովել ընտրություններին: Ռոզա տատի աղջիկը՝ Սուսաննան, ընտրատեղամաս էր եկել մոր նույնականացման քարտը ձեռքին: Նա հայտարարեց, որ սովորաբար մոր փոխարեն ինքն է ընտրել եւ հիմա էլ, եթե թույլ տան, ինքը ընտրություն կկատարի, քանի որ մայրը անկողնային հիվանդ է եւ չի կարող գալ ընտրության: «Էս անձնագիրն էլ եմ ես իրա փոխարեն ստացել»,- արդարացավ Սուսաննա Պապիկյանը:
«Ես իհարկե չգիտեմ, թե ժամանակին ինչպես եք կազմակերպել ձեր հարազատների մասնակցությունն ընտրությանը, ասեմ, որ ձեր առաջարկած տարբերակը խախտում է: Դուք կարող եք ձեր մորը մեքենայով բերել ընտրատեղամասի մոտ, ես հանձնաժողովի անդամներից մեկի հետ կմոտենամ, ձեր մայրը գաղտնի կքվեարկի, ծրարը կգցենք քվեատուփը: Միայն այս տարբերակով կարող եմ թույլ տալ, որ ձեր մայրը մասնակցի ընտություններին»,- պարզաբանեց թիվ 36/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարուշ Մարզեցյանը:
Վերջինս «Հետք»-ին փոխանցեց, որ իրենց շրջիկ քվեատուփ չի հատկացվել, եւ իրենք չեն կարող անկողնային հիվանդ ու հաշմանդամ անձանց համար քվեարկություն կազմակերպել տեղում:Ավագանու թեկնածու Մակիչ Կարապետյանը ընտրության եկել էր ընտանիքի անդամների հետ: Երբ հանձնաժողովի նախագահն արգելեց թեկնածուի ծնողներին միաժամանակ քվեարկել քվեախցիկում՝ ավագանու անդամը վրդովվեց, թե «էդ եսիմ ու՞մ պիտի ընտրեին, օր չեք էլ թողնի իրար հետ մտնին: Մեծ մարդ ու կնիկ են, էլի»,- նկատեց ավագանու թեկնածուն:
Լուսանկարում` Սուսաննա Պապիկյանը
Մեկնաբանել