Մեծամորում համայնքապետի թեկնածուի վստահված անձը նրա կինն է
Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում համայնքապետ են ընտրում: Թեկնածուները երկուսն են՝ գործող համայնքապետ ՀՀԿ անդամ Էդվարդ Միրզոյանը եւ անկուսակցական Քրիստինե Պետրոսյանը: Վերջինս ընտրատեղամասում վստահված անձ չունի, իսկ գործող համայնքապետի վստահված անձը նրա կինն է՝ Վարդուհի Միրզոյանը:
Նա ընտրության եկածներին հորդորում է գնալ եւ ընտրության բերել նաեւ ընտանիքի անդամներին:
Ընտրատեղամասը գտնվում է գյուղի դպրոցում: Տարածքում է գտնվում նաեւ թեկնածու Էդվարդ Միրզոյանը: Նա մեկ կանգնում է դպրոցի դիմաց եւ զրույցի բռնվում ընտրողների հետ, մեկ էլ առանձնանում է դասասենյակներից մեկում:
Ընտրական հանձնաժողովի նախագահ Սիմոն Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընտրություններն անցնում են հանգիստ՝ առանց միջադեպերի:
Մեծամորն ունի 927 ընտրող: 15։30-ի դրությամբ՝ ընտրությանը մասնակցել է 130 ընտրող:
Մեկնաբանել