
Խոճկորի օգնությամբ գողացված մի քվեատուփի պատմություն
Շիրակի մարզի Արթիկի նախկին տարածաշրջանի Վարդաքար գյուղում տարիներ առաջ կատարված այս դեպքը շատ լավ են հիշում ու պատմում չիմացողներին ամեն ընտրությունից առաջ: Թե որ թվականին եւ կոնկրետ ինչ ընտրություններ են եղել, մարդկանց հիշողություններում մղվել են հետին պլան: Մի մասի հիշելով՝ դեպքն եղել է 1990թ.-ին ու իրենք շրջխորհրդի դեպուտատ էին ընտրում, մյուս մասն էլ հիշում է, թե 1995թ.-ի խորհրդարանական ընտրություններն էին: Այդպես էլ կոնկրետ չհիշելով, թե ում էին իրենք ընտրում եւ որ թվականին՝ վարդաքարցիները սովորաբար պատմությունը սկսում են խոզի խոճկորի ընտրատեղամասում հայտնվելուց:
Վարդաքարցի Հարությունը զվարճանալու կամ ընտրությունների ընթացքը խանգարելու նպատակով կեսօրին ընտրատեղամաս է բերում 3-4 ամսական խոճկոր ու բաց թողնում տարածքում: Ընտրատեղամասում գտնվող հանձնաժողովի անդամներն ու քվեարկողները խառնվում են իրար: Հարությունն էլ, օգտվելով առիթից, բոլորի աչքի առաջ թռցնում է շրջիկ քվեատուփն ու փախչում գյուղի գերեզմանոցի կողմը: Վարդաքարի բնակիչ Գալուստ Ավետիսյանի հիշելով ժամը 12-ն էր ու քվեատուփում այդքան շատ քվեաթերթիկ չկար:
«Հարութը 2 մետրանոց տղա էր: Երկար լոքերը գցելով հասել էր գերեզմանոց, տուփի մեջ եղածը դադարկել ու մինչեւ մարդիկ հասել էին՝ հասցրել էր վառել: Հետո, իհարկե, իրեն բերման ենթարկեց ոստիկանությունը, քեֆը լավ էր եղել, հիմի չեմ հիշում նստեց, թե չնստեց, բայց էդպես էլ կոնկրետ չիմացանք, թե ինչ նպատակով արեց: Երեւի մտածել է, թե արի կեղնի քվեատուփը տանիմ, թող ուրախ անցնի ընտրությունները: Ես ուղղակի կհիշեմ, որ էդ տարի առաջին անգամ էին շրջիկ քվեատուփ տվել ու հանձնաժողովի անդամները գնացել էին անկողնային հիվանդ ընտրողների տները: Հետո նոր քվեաթերթիկներ բերեցին, նորից ընտրություն կատարեցին»,-պատմում է Գալուստ Ավետիսյանը:
Հավանաբար, Վարդաքարում ընտրությունների նկատմամբ բավական թեթեւ վերաբերմունքի հիմքը դրվել է հենց այդ օրը, երբ խոճկորի օգնությամբ գողացան քվեատուփը:
Այսօր Վարդաքարում տեղի ունեցող ավագանու ընտրությունների ժամանակ «տնավարի» վերաբերմունքի մի քանի դեպք գրանցվեց․ վերջինը՝ ժամը 16։00-ի հատվածում: Ավագանու թեկնածու Սարգիս Մարտիրոսյանը ընտրության էր եկել կնոջ ու 74-ամյա մոր հետ: Ծեր կինը տառաճանաչ չէր: Հարսի խոսքերով՝ նրա փոխարեն միշտ իրենք են ստորագրել եւ ընտրություն կատարել: Հանձնաժողովի նախագահը սկզբում չէր կողմնորոշվում՝ թույլատրել անգրագետ կնոջը մասնակցել ընտրությանը, թե ոչ: Հետո որոշելով, որ նա ամեն դեպքում ունի ընտրելու իրավունք, թույլատրեց նրան հարսի օգնությամբ քվեարկել որդու օգտին: 74-ամյա Նադեժդա տատն ինքն էլ լավ չէր հասկանում, թե ինչու են բոլորն աղմկում եւ ինչու է իր ընտրելու ցանկությունը վերածվել «հայոց հարցի»: Նա համեստորեն նստած քվեատուփի կողքին միայն մի բան էր կրկնում․ «Այ բալեք, ես մեծ կին եմ, հիմա ինչ անենք, որ անգրագետ եմ, իմ վախտս դպրոցը Նոր կյանք գյուղում էր, տնեցինք չթողին դպրոց էրթամ, հըմի թողեք ընտրեմ տղուս, էրթամ տուն»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել