Բասենցիները հավատում են, որ ավագանին թեթեւացնելու է գյուղի հոգսերը
Յուլիա Գրիգորյան
Բասեն համայնքում ՏԻՄ ընտրություններին տարբեր կերպ են վերաբերվում: Ոմանց համար ընտրության գալը «թարմ օդ շնչելու և առօրյա գործից կտրվելու լավ առիթ էր», ոմանց համար էլ` ավագանու հանդեպ վստահության արտահայտություն: «Ավագանու ընտրությունները շատ կարևոր են գյուղի զարգացման համար: Ավագանիները որոշ նշանակություն ունեն գյուղապետին օգնելու համար,- ասում է բասենցի Վանո Գևորգյանը:- Նրանք պետք են մարդկանց ճիշտ ցուցում տալու, միմյանց ձեռք բռնելու և եղած պրոբլեմները լուծելու համար: 6 գործող ավագանիները գյուղապետի հետ, մեկը մեկին խորհուրդ տալով, ինչպես ասում են` գյուղական կարգով հարցերը լուծում են: Բոլոր 9 թեկնածուներին էլ ծանոթ եմ, ի վիճակի են լավ աշխատելու»:
79-ամյա Հասմիկ Մուկոյանը ասաց. «Ես այնքան էլ չեմ հասկանում` ավագանին ձևական բնույթ ունի, թե չէ, ինչ է անում, ինձ թվում է, որ եթե ընտրվում են, ուրեմն որոշ բաներ կատարում են: Բայց մեր գյուղապետը ընտիր ղեկավար է. նրան հավասարը չեմ տեսնում և հավատում եմ, որ նրա հսկողության տակ ավագանու անդամները չաշխատել չեն կարող»:
Մարտիկյան Սուսաննան նշեց, որ բոլոր թեկնածուներին անձամբ ճանաչում է. «Բոլորն էլ լավ մարդիկ են, գիտեմ, որ պիտի միահամուռ աշխատեն, որովհետև մեր հոգսին տեղյակ են և պիտի որ ամեն ինչով գյուղին օգտակար լինեն: Գյուղում ոռոգման խնդիր կա, անօթևանության խնդիր կա, շատ բան կա, որ հույս ունենք` կհարթվի: Գյուղից հեռանալ չենք ուզում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել