HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նռնաձորում կարծում են, որ կարևորն այն չէ, որ գյուղապետ ընտրվես, այլ այն, թե քանի ծառ ունես

Մի քանի տարի առաջ առույծի սիրտ կերած պիտի լիեիր, որ կարողանայիր մայրաքաղաքից 450 կմ հեռու գտնվող Նռնաձոր  գնալ:

Գյուղ տանող ճանապարհն անցնում էր անդնդախոր կիրճերի վրայով և մեքենայի հանդիպելիս, ստիպված էիր ճանապարհ տալու համար հետ վերադառնալ անգամ մի քանի կիլոմետր: Հիմա նախկին երկաթգծի երկայնքով նոր ճանապարհ է կառուցվել, որը թեպետ խճապատ է, առանց ասֆալտի, ավելի երկար, բայց նախկինի համեմատ կարելի է բարեկարգ համարել:

Նռնաձորից այն կողմ ասես աշխարհի վերջն է, ու թեպետ ամբողջ ճանապարհին քեզ ուղեկցում է Արաքսի ձայնը, այնուամենայնիվ, չի լքում տագնապը, որ շրջապատում կենդանի ոչինչ չկա: Նույն զգացողությունը շարունակվում է Նյուվադիում. աղբակույտերը, քանդված շենքերի ավերակները, ներհամայնքային գրեթե անանցանելի ճանապարհները, աղքատիկ ու անբարեկարգ տները,  դռների վրայի կողպեքները, բնականաբար, չեն կարող հուշել, որ համայնքում կարևոր իրադարձություն է տեղի ունենում:

Առաջին մարդը, ում հանդիպեցի, Իրինա Վասիլևնան է` ազգությամբ ռուս: Նրա խոսքով, չնայած գյուղում ջրամատակարարման խնդիրը մասամբ լուծվել է, բայց շարունակում են գյուղամիջի աղբյուրից ջուր տանել, քանի որ ջրատարը ձմռանը սառել է, իսկ վերականգնելու համար, ըստ Իրինայի, միջոցներ են անհրաժեշտ: Գյուղի հիմնական խնդիրներից մեկն էլ ոռոգման ջուրն է, քանի որ բնակչության եկամտի միակ աղբյուրը այգիներն են, իսկ հարավային տաք կլիմայի պայմաններում ամռանը ջրի կենսական պահանջն առաջնային խնդիրն է: Իրինայի խոսքով, այս խնդիրների մասին բարձրաձայն չեն խոսում, որովհետև, միևնույն է, դրանք անլուծելի են:

Պատկերն, իսկապես, տխուր է, և այս տրամադրությամբ ընտրական տեղամաս մտնելիս առաջին զգացողությունը, որ ունեում ես, այն է, թե արդյոք ընտրության միջոցով ինչ-որ բան հնարավոր է փոխել այս համայնքում: Ինչ կախարդական փայտիկ պիտի ունենա նորընտիր համայնքի ղեկավարը, որպեսզի միջոցներ գտնի «կենդանություն հաղորդել» Նռնաձորին, քանի որ մարդկային ռեսուրսն անգամ սուղ է այս համայնքում: «104 ընտրող է գրանցված ընտրական ցուցակում, բայց համոզված եմ, որ հազիվ կեսը կմասնակցի ընտրությանը: Ես Կարճևանից եմ, առաջադրվել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, բայց տեղացիներից լսել եմ, որ ընտրողների հիմնական մասը դրսում է»,-ասում է ընտրական հանձնաժողովի նախագահ Արտո Աղայանը` նշելով նաև, որ ավագանու 6 թեկնածուներ կպայքարեն 5 տեղի համար: Նա նաև տեղեկացնում է, որ ընտրողների լրացուցիչ ցուցակ չի կազմվել:

Ժամը 12-ի դրությամբ համայնքի ղեկավարի, ավագանու ընտրություններին մասնակցել էր 34 ընտրող, հաջորդ երկու ժամվա մեջ ընտրելու եկան ընդամենը երկուսը, ովքեր տեղամաս մտան գործող գյուղապետ, համայնքի ղեկավարի միակ թեկնածու Մկրտիչ Մկրտչյանի ուղեկցությամբ: Վերջինս քվեարկելու էր եկել ավելի վաղ և բավական ժամանակ գտնվում էր դպրոցի շենքում տեղակայված ընտրական տեղամասի սենյակներից մեկում. «Մի բաժակ չայ են խմում, համ էլ ցուրտ էր, պլիտեք բերեց, միացրինք»,- տեղամասում թեկնածուի գտնվելու փաստը մեկնաբանեց հանձնաժողովի անդամ, ՀՅԴ կողմից առաջադրված Գագիկ Խալաֆյանը, ով այդ ընթացքում ընկերակցում էր գյուղապետին: Երբ վերջինս փորձեց կրկին տեղամաս մտնել, հանձնաժողովի նախագահը նրան խնդրեց դուրս գալ, քանի որ «ինքը իրավունք չունի ներկա լինելու ընտրությանը»:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացնում է նաև, որ տեղամասում ո’չ դիտորդներ կան, ո’չ էլ թեկնածուի վստահված անձինք:  Սակայն ընտրական տեղամասի հանձնաժողովի բոլոր յոթ անդամները տեղում էին, և հանձնաժողովի նախագահի խոսքով` օրենքով նախատեսված կարգով իրականացնում են իրենց պարտականությունները: Տեղամասում գտնվելու երկու ժամվա ընթացքում ընտրողների քվեարկության մատյանն անընդհատ փակ վիճակում դրված էր սեղանին, հանձնաժողովի քարտուղար Քրիստինե Ստեփանյանը մերժեց այն բացելու իմ խնդրանքը. «Այ էդ մեկը չեմ կարա, սա իրավունք չունեմ», -ձեռքերով ավելի ամուր ծածկելով այն` ասաց նա:

Մինչ հերթական ընտրողը կմոտենար ընտրատեղամասին, հանձնաժողովի անդամներն իրենց մտահոգությունն էին հայտնում, որ ցրտահարություններ են եղել ձմռանը և անհամբեր սպասում են եղանակները տաքանալուն, որպեսզի համոզվեն, թե արդյոք հնարավոր չէ որևէ բան վերականգնել:

«Մեղրիի գյուղերում, նաև այստեղ, կարևորն էն չի,  որ գյուղապետ ընտրվես, այլ այն, թե քանի ծառ ունես», -կատակում  է հանձնաժողովի անդամ «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված Կարեն Ստեփանյանը:

Եթե նրան հավատաս, պիտի մտածես, թե գյուղապետի թեկնածուի համար միևնույն է, որ ընտրության նախնական արդյունքներով քվեարկությանը մասնակցած 58 ընտրողից միայն 4-ն է իրեն դեմ քվեարկել: Հնարավոր է, որովհետև անգամ զրուցել չցանկացավ. «Հիվանդ եմ»,-կարճ կտրեց նա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter