HY RU EN

«Ի՞նչ պահանջ դնես գյուղապետի առաջ, եթե Հայաստանի պետությունը չի կարա գործ անել»

Երեկ ՏԻՄ ընտրություններին առաջադրված 4 թեկնածուներից Լոռու մարզի Լեռնավան համայնքի բնակիչները կրկին գյուղապետ ընտրեցին Վաչագան Վարդանյանին:

«Դե խելոք տղա է: Մեր ժողովրդին ձեռք կուտա էդպիսի խելոք մարդը: Չորս տարի է աշխատել: Մենք դուրս էկող ժողովուրդ ենք, էստեղ կնանիք կան: Մեր գյուղի տղամարդիկ 99 տոկոսով գնում են արտագնա աշխատանքի»,-ասաց գյուղամիջուն կանգնած տղամարդկանցից մեկը`Վարուժան Ավագյանը:

«Ձեր տները, փաստորեն, ղեկավարում են կանայք»,- ասացի Վարուժանին: Վերջինս պատասխանեց, որ իրենց կանայք ոչ թե ղեկավարում, այլ տանջվում են. «Ավանդական գեղ է էսի, նորմալ»,-բացատրեց Վարուժանը:

«Փաստորեն Ձեր կանաք խնդիրներ չե՞ն լուծում»,-կրկին հարցրի ավանդապաշտ տղամարդկանց. «Ի՞նչ, սաղ խնդիրները մեր կանանց վրա է` հունձը, հողը»,- պատասխանեց Վարուժանը:

«Էդ մարդը (Վաչագան Վարդանյանը) սաղին էլ հարեհաս է,- գլխով ինձ մի կողմ հրավիրելով` ասաց արտագնա աշխատանքի գնացողներից Գառնիկ Ավագյանը և հավելեց, -ամենակարևորը, որ մարդկանց չի նեղցնե, որ կերթաս մոտը, գրագետ պատասխաններ կուտա: Հետո էս տղամարդիկ, որ կգնան արտագնա աշխատանքի, էս մարդը գյուղի կանանց հետ շատ հարգանքով կվերաբերվե»:

Տղամարդկանց հետ զրուցեցի գյուղի վիճակի մասին: «Ոնց ամբողջ Հայաստանում է, նենց էլ մեր գյուղում է: Ջուր ունենք, տեր չունենք: Կիսատ–պռատ ջուր ունենք: 400 հա հող ունենք, կեսը կմշակվե, էն մնացածն էլ էնպես չի, որ մեկի մեղքով չի մշակվում: Հենա, դեմներս սաղ հողեր են, պետությունը գյուղացուն է տվել, համա չի արդարացնե, ինչը ցանես»,- հայտնեց Վարուժանը, ում հավաքվածները լիազորել էին պատմել գյուղի հոգսերի մասին: Վարուժանի կարծիքով, Լեռնավանի շատ խնդիրների լուծում հնարավոր չէ գյուղապետից պահանջել. «Կտեսնես էն մեքենայի մոտի կիսակառույց տունը, էսա 2 տարի չեն կարող ավարտին հասցնել: Ինչ պահանջ դնես գյուղապետի առաջ, եթե Հայաստանի պետությունը չի կարա գործ անել, 10 հատ տուն է սկսել, էս 3-րդ տարին է չի կարա սարքե: Ինչի մաասին է խոսքը: «Գլենդել Հիլզն» է կառուցում: Մի 10 հատ տենց կիսակառույց կա»,- շարունակեց Վարուժանը: Նա ասաց, որ շատ լեռնավանցիներ են արտագնա աշխատանքի մեկնում, բայց գյուղից քչերն են «քոչում»: Ժամանակավոր գնում են աշխատում և վերադառնում:

Լեռնավանը թաղված էր աղբի մեջ: Կենցաղային աղբով էր լցված գյուղի կենտրոնով անցնող հեղեղատարը: Նորընտիր գյուղապետ Վաչագան Վարդանյանն ասաց, որ գյուղը աղբավայր չունի, որովհետև գյուղի վարչական տարածքում չի կարողանում աղբավայրի հարմար տեղ գտնել: Նա  խոստացավ, որ առաջիկայում գյուղացիների միջոցով կմաքրի հեղեղատարը: