HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԱՊՊԱ պայմանագիր կնքողները իդենտիֆիկացվելու են

Օրերս «Հետքն» անդրադարձել էր մի խնդրի, որը կապ ունի ԱՊՊԱ համակարգի «Բոնուս-Մալուս» բաղադրիչի հետ: Գրել էինք, որ պայմանագրեր կնքելիս վարորդների բոնուսների եւ մալուսների մասին տեղեկատվությունը ապահովագրողները ստանում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի բազայից, որտեղ անձի վերաբերյալ տվյալների որոնումը կատարվում է անձնագրի սերիայով կամ սոցքարտով, եթե վերջինս առկա է (սոցքարտը, ինչպես եւ դրան փոխարինելու եկած հանրային ծառայությունների համարանիշը կամավոր բնույթ են կրում):

Ապահովագրող ընկերություններից մեկի աշխատակից Հայկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ նոր անձնագիր ստանալու դեպքում որոնման համակարգում հնարավոր չէ իդենտիֆիկացնել տվյալ անձին, քանի որ նոր փաստաթղթի տվյալներով նա «մաքուր» է երեւում: Մի կողմից՝ սա ձեռնտու չէ բոնուսներ կուտակած պարտաճանաչ վարորդներին, որոնք կորցնում են իրենց զեղչերը, ինչպես նաեւ ապահովագրողներին, որոնք ավելի մեծ գումարներ են գանձում ռիսկային վարորդներից, իսկ մյուս կողմից՝ սա լավ առիթ է վերջիններիս համար՝ խուսափելու շատ վճարելուց: Հ. Մելքոնյանը առաջարկել էր կամ պարտադիր դարձնել սոցքարտի (սա միակ փաստաթուղթն է, որի համարը չի փոխվում) առկայությունը ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս, կամ վարորդական վկայականներով կատարել որոնում, ընդ որում՝ վկայականների համարները չփոխել (սա արդեն ոստիկանության գործառույթն է), այլ միայն երկարացնել փաստաթղթի գործողության ժամկետը:

Ավտոապահովագրողների բյուրոյի աշխատակից Գեւորգ Ղուկասյանը, այս ամենին ի պատասխան, հայտնեց, որ շուտով ամբողջությամբ հնարավոր կլինի իդենտիֆիկացնել անձին՝ անկախ նրանից, թե քանի անգամ է նա անձնագիր փոխել: Ըստ Ղուկասյանի՝ բյուրոն տեղեկատվական համակարգերի միջոցով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրից ստանում է քաղաքացիների անձնագրերի պատմությունները, եւ ներկա պահին խնդիրը միայն համակարգի թարմացումներն են: Այսինքն՝ ապահովագրողը պայմանագիր կնքելիս, բազայում որոնում անելով, կգտնի նաեւ նոր փաստաթուղթ ստացած վարորդի նախկին անձնագրային տվյալները, իսկ դրանք կօգնեն ճշտել՝ անձը որքան բոնուս կամ մալուս է կուտակել նախկինում:

Թե ինչ պարբերականության կարվեն թարմացումները, Ղուկասյանը դժվարացավ հայտնել՝ նշելով, որ մեխանիզմը նոր է մտնում կիրառության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter