
Խոդորկովսկու «Յուկոս»-ի միլիոնների համար պայքարը` Հայաստանում
Ովքե՞ր են պայքարել Հայաստանում «Յուկոս»-ի փողերի համար
Ռուս հայտնի գործարար Միխայիլ Խոդորկովսկու նավթային Yukos oil ընկերությունն այլևս գոյություն չունի: Սակայն դրա դուստր ընկերությունները տարբեր երկրներում դեռ պայքարում են Խոդորկովսկու և նրա գործընկերների փողերը «փրկելու» համար: Մ. Խոդորկովսկին 10 տարի բանտում էր: Անցյալ տարվա վերջին նա ազատ արձակվեց և լքեց Ռուսաստանը: Այժմ փորձում է կացության իրավունք ստանալ Շվեյցարիայում, որտեղ գտնվում է նաև նրա ընտանիքը:
Վերջերս ռուսական «Վեդոմոստի» թերթը իր հրապարակմամբ հայտարարեց, որ դուստր ընկերություններով Խոդորկովսին և գործընկերները ապահովագրել են միլիոնավոր դոլարներ և դրանց միջոցով «նավթային փողերը» հանել Ռուսաստանից: Այդ ընկերություններից կարևորագույն դերակատարում է ունեցել Հայաստանում գրանցված Yukos CIS Investment ՍՊԸ-ն («Յուկոս ՍՆԳ ինվեթմենթ»), որը, պարզվում է, այլ ընկերությունների հիմնադիր է:
Yukos CIS Investment ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 2002 թվականին: Ընկերությունը գրանցվել է Բաբայան 10/1 հասցեում, տնօրենը Արմեն Լավրենտի Միքայելյանն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 1 մլն դոլարին համարժեք դրամ՝ այն ժամանակ 560 մլն դրամ:
Նույն հասցեում գործում է նաև «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ն, որի բաժնետերն այժմ Արմեն Միքայելյանի եղբայրն է` Արթուր Միքայելյանը, նախկինում եղել է «Էներգացանցշին» ԲԲԸ-ն: Այս ընկերությունը զբաղվում է շինարարությամբ և, օրինակ, մեկ այլ ընկերության հետ համատեղ կառուցել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան շենքը, շահել է Ուռուցքաբանական ախտորոշիչ նոր կենտրոնի շինարարական աշխատանքների մրցույթը:
Միքայելյան եղբայրները «Էներգացանցշին» ԲԲԸ-ի ղեկավար Լավրենտի Միքայելյանի որդիներն են: Այժմ բնակվում են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Էներգացանցշին» ԲԲԸ-ն նախկինում պատկանել է Էներգետիկայի նախարարությանը, հետո Լավրենտի Միքայելյանը սեփականացրել է այն: Ընկերությունը զբաղվում է հէկերի նախագծմամբ և կառուցմամբ և գործում է նույն` Բաբայան 10/1 հասցեում: «Էներգացանցշինն» է կառուցել Ծավ գյուղի և Հրազդանի ցեմենտի գործարանի տեխնիկական ջրատարի վրա գտնվող հէկերը: Լավրենտի Միքայելյանը նաև Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ու էներգետիկական հարցերի ենթահանձնաժողովի նախագահն է:
Yukos CIS-ի դուստրերը
Yukos CIS-ի անմիջական դուստրը Yukos Hydrocarbons Investment Limited-ն էր, որը նույնպես այլ ընկերությունների հիմնադիր էր: Yukos Oil-ի ղեկավար անձանց ձերբակալությունից հետո Yukos Hydrocarbons ընկերությունը ենթարկվել է կորպորատիվ վերակազմավորման. Yukos CIS-ը Նիդեռլանդներում ստեղծել է Wincanton Holdings BV ընկերությունը, և Yukos Hydrocarbons-ի բաժնեմասը, այդ թվում նաև նրան կից, Վիրջինյան կղզիներում ստեղծված ընկերությունները (դրանցից են Fair Oaks-ը և Glendeil Group-ը) փոխանցվել են Wincanton-ին: Wincanton-ն էլ փոխանցել է իր ստեղծած Financial Performance Holding-ին, վերջինս էլ` Stichting Administratiekantoor FPH ֆոնդին: Այսպիսով, հայաստանյան Yukos-ը կորցնում էր վերահսկողությունը իր դուստրերի նկատմամբ և վերանում էր «Ռոսնեֆթի» կողմից դրանց տիրանալու առաջիկա վտանգը: Այնուամենայնիվ, «Ռոսնեֆթը» 2010-ին կարողացել է Հոլանդիայում Wincanton-ի դեմ վճռի հասնել և տիրանալ ընկերությանը, բայց դուստր ընկերություններն արդեն Stichting Administratiekantoor FPH հիմնադրամի վերահսկողության տակ էին:
Պատկերում ներառվել են այն ընկերությունները, որոնք արծարծվել են հոդվածում, այն կհամալրվի հետագա հրապարակումներում
«Յուկոս»-ի և «Ռոսնեֆթ»-ի պայքարը Հայաստանում
2006թ. օգոստոսին Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարանի որոշմամբ «Յուկոս» նավթային ընկերությունը սնանկ ճանաչվեց: 2007-ի օգոստոսին «Յուկոսի» բաժնեմասն օտարվեց նավթային «Ռոսնեֆթ» ընկերությանը, և ի թիվս այլ բազմաթիվ ընկերությունների` սնանկության վարույթի շրջանակներում «Ռոսնեֆթը» ձեռք բերեց նաև «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ»-ի բաժնեմասը: Մինչ Խոդորկովսին և իր գործընկերները բանտում էին, տարբեր օֆշորային ընկերություններ՝ Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, ինչպես նաև Հայաստանում` իրավական դաշտում փորձում էին «Յուկոսի» ակտիվները «նվաճած» «Ռոսնեֆթից» հետ ստանալ միլիոնավոր դոլարները կամ թույլ
չտալ «Ռոսնեֆթին» կլանել այդ ընկերությունները:
Խոդորկովսկու մտերիմները և հայաստանյան գործընկերները «Ռոսնեֆթ»-ի կողմից հայաստանյան ընկերության, ինչպես նաև դրա հիմնադրած դուստր ընկերություններում ներդրած կապիտալին տիրանալու փորձը կանխելու նպատակով մի քանի տարբեր գործերով անցել են հայաստանյան դատական բոլոր ատյաններով, սակայն ապարդյուն: Տասնյակ հատորներով դատական գործերն այժմ արխիվացված են Հայաստանի դատարաններում: Այն թերթելիս պարզ է դառնում, թե որքան եռանդ ու գումար են ներդրել հայաստանյան ներկայացուցիչները՝ տարբեր երկրներում կայացրած վճռները, լիազորագրերը և բազմաթիվ այլ փաստաթղթեր թարգմանելու, նոտարով հաստատելու և որևէ արդյունքի հասնելու համար:
Դրվագ 1
«Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ»-ը 2008-ի հոկտեմբերին դիմել է Վարչական դատարան: Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործողություններն ու փաստաթղթերը` ուղղված «Ռոսնեֆթ»-ի իրավունքները «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ»-ի բաժնեմասի նկատմամբ և մասնակիցների գրանցամատյանում գրանցելուն: Վարչական դատարանը, դատավոր Ա. Միրզոյանի նախագահությամբ, բավարարել է «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ-ի ներկայացուցչի միջնորդությունը և կիրառել հայցի ապահովման միջոց. արգելել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային ստորաբաժանմանը «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի մասնակիցների գրանցամատյանում գրանցելու «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ կանոնադրական կապիտալում «Ռոսնեֆթ»-ի ձեռքբերած բաժնեմասի նկատմամբ ունեցած իրավունքը։ Այնուհետև կասեցրել է գործը, քանի որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների քաղաքացիական դատարանում քննվում էր մեկ այլ հայց (Դրվագ 2-րդ):
Կասեցման որոշումը, սակայն, բողոքարկել է «Ռոսնեֆթ» ընկերությունը: Բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը վերացրել է մերժման որոշումը: Այս գործը քննող դատավոր Ա. Միրզոյանը ինքնաբացարկ է հայտնել և հանձնել այն դատավոր Արգիշտի Ղազարյանին: Վերջինս մերժել է «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ»-ի հայցը: «Հայցվորը վիճարկում է մի բան, որը գոյություն չունի. «Ռոսնեֆթ» ընկերությունը մինչ օրս ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժին որևէ դիմում չի ներկայացրել «Յուկոս ՍՆԳ Ինվեսթմենթ» ՍՊԸ-ի մասնակիցների գրանցամատյանում «Յուկոս ՍՆԳ Ինվեսթմենթ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում «Ռոսնեֆթ» ԲԲԸ ձեռք բերած բաժնեմասի նկատմամբ ունեցած իրավունքի պետական գրանցման համար և, բնականաբար, որևէ պետական գրանցում չի կատարվել»,- հիմնավորել է դատարանը: «Յուկոս ՍՆԳ Ինվեսթմենթ»-ը դիմել է Վճռաբեկ դատարան, սակայն շուտով բողոքը հետ է վերցրել:
Դրվագ 2
«Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ն 2008-ի վերջին միաժամանակ դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նշելով, որ հայցվորին չի առաջարկվել օգտվել բաժնեմասը ձեռք բերելու իր օրենսդրական` առաջնային իրավունքից, և ընկերությունն իր բաժնեմասի օտարման մասին տեղեկացել է բաժնեմասը «Ռոսնեֆթ»-ին օտարելուց հետո, երբ տնօրենին գրություն է ուղարկվել այդ մասին: «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ»-ի տնօրեն Ա. Միքայելյանը դատարանից պահանջել է անվավեր ճանաչել բաժնեմասի օտարման մասով Մոսկվայում կայացած աճուրդի առքուվաճառքի պայմանագիրը և «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ»-ի կանոնադրական կապիտալում 100 տոկոս բաժնեմասի իրավունքներն ու պարտականությունները փոխանցել հայաստանյան ընկերությանը: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը մերժել է հայցը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նույնպես բողոքը մերժել է, իսկ Վճռաբեկը` վերադարձրել:
Դրվագ 3
2009-ի ամռանը մեկ այլ հայցով դատարան են մտնում երկու նոր ընկերություններ` Կիպրոսում գրանցված Moravel Investment Limited-ը և Նիդեռլանդներում գրանցված Yukos International UK B.V.-ն:
2003-ին Yukos Oil-ը 1.6 մլրդ դոլարի վարկային պայմանագիր էր կնքել ֆրանսիական Societe Generale ֆինանսական խմբի հետ, սակայն 2004-ին ֆինանսական խումբն իր պահանջները զիջել է Moravel-ին, որը Yukos Oil-ի «ծնող» GML ընկերության խոշոր բաժնետեր էր: Այս ընկերությունները Հայաստանում պահանջում են ճանաչել Միջազզային արբիտրաժի Լոնդոնի դատարանի 16.09.05թ. արբիտրաժային որոշումը: Այդ որոշման համաձայն` ռուսական Yukos Oil-ը Moravel-ին պետք է վճարեր 656 մլն դոլար, որը 2005թ. օգոստոսի 31-ի դրությամբ 2003թ. սեպտեմբերի 30-ին կողմերի միջև կնքված վարկային պայմանագրի մայր գումարի չմարված մասն էր: Եվս 25 մլն դոլար` տոկոսներն ու տույժերը, որոնք մինչև մարումը ավելանալու էին, 155 հազար դոլար և 45 հազար ֆունտ ստերլինգ արբիտրաժային ծախսերի փոխհատուցումը: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Սուրեն Ղազարյանի, ճանաչել և թույլատրել է այս որոշման կատարումը ՀՀ տարածքում:
Սա նշանակում էր, որ հայաստանյան Yukos CIS-ի ներկայացուցիչները Moravel-ի վճռով փորձել են չկորցնել 1 մլն դոլարը` Լոնդոնի դատարանի արբիտրաժային որոշումը տարածելով Հայաստանում գրանցված ընկերության վրա և այդ կերպ բռնագանձում իրականացնելով:
«Ռոսնեֆթ»-ը բողոքարկել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը Նախշուն Տավարացյանի նախագահությամբ արձանագրել է, որ բավարար վերաբերելի և թույլատրելի ապացույցներով հաստատված է այն փաստը, որ Yukos նավթային ընկերությունը, որի դեմ Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել, դեռևս 21.11.2007 թվականին լուծարվել է, այսինքն` այլևս գոյություն չունի: Ըստ այդմ` դատարանը բավարարել է «Ռոսնեֆթի» բողոքը` բեկանել է Սուրեն Ղազարյանի կայացրած վճիռը և կատարման համար կատարողական թերթ տալու մասով գործը կարճել է: Վճռաբեկ դատարանը 2010-ի սեպտեմբերին Moravel-ի բողոքը վերադարձրել է:
Դրվագ 4` երկու գործողությամբ
2004 և 2005թթ. Yukos Oil-ի մենեջերները ստեղծում են երկու հոլանդական ստիխտինգային հիմնադրամ, որոնք պետք է ներկայացնեին և պաշտպանեին Yukos-ի դուստր ընկերությունների և բաժնետերերի շահերը: Առաջինը` Stichting Administratiekantoor Yukos International-ը, զբաղվելու էր հիմնականում հոլանդական ծագման և դրանց մասնակցությամբ այլ դուստր ընկերությունների շահերի պաշտպանությամբ: Երկրորդը` Stichting Administratiekantoor Financial Performance Holding-ը, պետք է զբաղվեր հայկական ընկերության և դրանից սնվող այլ ընկերությունների շահերի պաշտպանությամբ` համախմբելով հայկական Yukos-ի դուստրերին: Այս ֆոնդերը պետք է վերահսկեին նաև Ռուսաստանից դուրս գտնվող Yukos Oil-ի դուստրերի ակտիվները:
2009-ի աշնանը Հայաստանի դատարանում հայտնվում են երեք ընկերություններ` վերոնշյալ Stichting Administratiekantoor Financial Performance Holding հիմնադրամը, Luxtona Limited ընկերությունը (որպես Yukos Oil-ի բաժնետեր, ում իրավունքը` որպես բաժնետիրոջ, խախտվել է մայր Yukos-ի լուծարմամբ) և Yukos International-ը (որպես Yukos Oil-ի նախկին պարտատեր, քանի որ Moravel-ն իր լիազորությունները փոխանցել էր դրան): Այս երեք ընկերությունները, «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ»-ը և տնօրեն Արմեն Միքայելյանը սկզբում դիմել են Վարչական դատարան, այնուհետև՝ 2010-ի ամռանը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան:
Վարչական դատարանից հայցվորները պահանջել են առ ոչինչ ճանաչել ընկերության բաժնեմասի նկատմամբ «Ռոսնեֆթի» սեփականության իրավունքի և նոր տնօրենի նշանակման ՀՀ ԱՆ պետռեգիստրի գրանցումը և վերացնել հետևանքները: «Հայցն ակնհայտ անհիմն» լինելու պատճառաբանությամբ դատավոր Արգիշտի Ղազարյանը մերժել է: Վճռաբեկ բողոքը նույնպես ամբողջությամբ մերժվել է:
Նույն ընկերությունները նոր հայցով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի քաղաքացիական դատարան են դիմել ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի` «Ռոսնեֆտ» ընկերության` առ ոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Դատավոր Սուրեն Ղազարյանը այս հայցն էլ է մերժել, վերաքննիչ դատարանը նույնն է թողել, Վճռաբեկ դատարանը նույնպես մերժել է:
Հայաստանյան խմբի ընկերությունների համար պայքարը շարունակվում է արտասահմանյան դատարաններում
![]() |
Արմեն Միքայելյան |
Yukos CIS-ի տնօրեն Արմեն Միքայելյանը այժմ բնակվում է ԱՄՆ-ում: «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս փուլում որևէ հարցի պատասխանել չի ցանկանում, քանի որ արտասահմանում Yukos-ի գործով դատավարությունները դեռ ընթացքի մեջ են:
Հայաստանյան Yukos-ի մի շարք դուստր ընկերություններ, ինչպես նշեցինք, գրանցված են բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ): «Ռոսնեֆթ»-ը փորձել է ստանալ դրանց ակտիվների վերահսկղությունը ` դիմելով ԲՎԿ-ի դատարան, սակայն 2010-ի օգոստոսին ԲՎԿ-ի դատարանը մերժել է «Ռոսնեֆթին» և կարգադրել սպասել Ամստերդամում ընթացող դատավարության ավարտին:
Զուգահեռաբար, 2010-ին Yukos CIS-ն և Wincanton ընկերությունները արդեն «Ռոսնեֆթ»-ի ղեկավարությամբ նոր դատական գործ են սկսել Wincanton-ի 7 դուստր ընկերությունների նկատմամբ: Այդ կերպ «Ռոսնեֆթը» փորձել է լիկվիդացնել ստիխտինգային հիմնադրամի ստեղծած կառուցվածքը` հասնելու հայկական «Յուկոս»-ի դուստրերին: Նրանք Ամստերդամի շրջանային դատարանից պահանջել են ապօրինի ճանաչել նաև ստիխտինգային հիմնադրամի կառուցվածքում Consolidated Nile, հետագայում նաև General LLC-ի ներգրավումը: 2013-ի մայիսին Ամստերդամի դատարանը միջանկյալ որոշում է կայացրել և թույլ տվել ստիխտինգային ֆոնդին և մյուս ընկերություններին ներկայացնել փաստեր հայկական դատական համակարգի կախվածության և կողմնակալության մասին:
«Համբերեք». նախկին դատավորը տակավին լռում է
Հայ փաստաբանները փորձել են ապացուցել, որ սնանկացման կառավարիչն իրավունք չուներ վաճառել Հայաստանում գտնվող ընկերության բաժնետոմսերը «Ռոսնեֆթ»-ին, քանզի այն Հայաստանում գրանցված ընկերություն էր: Ըստ նրանց` չէր կարելի արդարացնել բազմաթիվ խախտումներով Yukos Oil-ի սնանկացման և ընկերության կապիտալը ոչ օրինական ճանապարհով «մասնատելու» փաստը:
Yukos-ի կառավարիչները նշել են, որ հայկական դատարաններն այդպես էլ չկարողացան Yukos-ի գործի վերաբերյալ փաստարկված վճիռներ կայացնել, և դա զարմանալի չէ, քանի որ Հայաստանի դատական իշխանությունը ոչ մի կերպ չի կարելի անկախ անվանել: «Հայաստանյան դատական համակարգը մեծ ճնշման է ենթարկվում իշխող ուժերի կողմից, իսկ իշխանությունը, ինչպես հայտնի է, պաշտպանում է Ռուսաստանի շահերը, որից Հայաստանը մեծապես կախում ունի»,- համոզված են «Յուկոսի» կառավարիչները:
Սուրեն Ղազարյանը |
ԱՄՆ պետդեպարտամենտի 2011 և 2012թթ. զեկույցներում նշվել է այս գործի և համակարգից հեռացած դատավոր Սուրեն Ղազարյանի մասին, ով այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում: Զեկույցում շեշտվել է, որ դատավոր Ղազարյանի վրա ճնշումներ են գործադրվել, որոնք ազդել են Yukos-ի գործով կայացրած դատական ակտերի վրա: Սուրեն Ղազարյանին համակարգից հեռացնելը մեծապես կապում են հենց այս գործին: Ս. Ղազարյանը սկզբում համաձայնեց հարցազրույց տալ «Հետքին», այնուհետև հրաժարվեց. «Ես հարցազրույց կտամ ավելի ուշ: Համբերեք»,- եղավ նախկին դատավորի պատասխանը:
Առաջին հայացքից թվում է, թե պայքարն ընթանում է 1 մլն դոլարի համար: Իրականում Հայաստանում գրանցված Yukos CIS ընկերությունը մի բանալի է Yukos-ի այլ ընկերությունների հայտնաբերման և նրանց կապիտալին ու բաժնեմասերին տիրանալու համար: Իսկ այդ կապիտալը կազմում է միլիոնավոր դոլարներ` ինչպես նշված է Yukos-ի գործը համակարգող կայքում:
Մեկնաբանել