HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության ողջ տարածքում որակյալ ջրամատակարարման ապահովումն առաջնահերթություն է. փոխվարչապետն ընդունեց «Saur» խմբի միջազգային տնօրենին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց  ֆրանսիական «Saur»  խմբի միջազգային  տնօրեն Միշել Ֆուրեին:

Ողջունելով հյուրին` փոխվարչապետը նկատեց, որ խմելու ջրի ոլորտում «Saur»-ի հետ երկարատեւ համագործակցության դրական փորձ է առկա եւ խրախուսելի համարեց ընկերության գործունեության ընդլայնումը: «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կառավարիչ  «Saur»-ն ընդգրկված է նորաստեղծ  կոնսորցիումում, որն այս տարվանից ստանձնել է «Շիրակջրմուղկոյուղի», «Լոռիջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲ ընկերությունների կառավարումը:

Փոխվարչապետը նշեց,  որ հանրապետության ողջ տարածքում որակյալ ջրամատակարարման  ապահովման խնդիրը  շարունակում է առաջնահերթ լինել կառավարության  համար:  Թեեւ վերջին տարիներին «Հայջրմուղկոյուղի» ընկերության սպասարկման  տարածքում ակնհայտորեն բարելավվել է  ջրամատակարարումը` թե տեւողության, թե որակի առումով,  սակայն  դեռեւս շատ անելիքներ կան: Կառավարությունը շարունակում է  ոլորտում կապիտալ ներդրումների ներգրավման քաղաքականությունը. մի շարք ծրագրեր են իրականացվում միջազգային տարբեր դոնոր կազմակերպությունների` Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի, գերմանական KfW բանկի հետ, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանն  ու համակարգի տեխնիկական վիճակի բարելավմանը:

Անդրադառնալով  մարզերում խմելու ջրի ոլորտում իրականացվող ծրագրերին` փոխվարչապետն ընդգծեց  աշխատանքների` պատշաճ որակով եւ նախանշված ժամկետներում իրականացումը: Նա կարեւորեց  ծրագրերն իրականացնող ընկերությունների սերտ համագործակցությունը տեղական  մարմինների հետ, ինչպես նաեւ ընդգծեց  բացատրական աշխատանքների անհրաժեշտությունը` առաջարկելով առավել մեծ ուշադրություն դարձնել հանրային իրազեկման պատշաճ կազմակերպման հարցերին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ընկերությունը հանրության հետ աշխատանքների նոր ռազմավարություն  կմշակի` հաշվի առնելով  գործունեության ընդլայնման հանգամանքը:

Միշել Ֆուրեն իր հերթին ընդգծեց, որ ընկերությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում ներկայացվածությանը եւ նշեց, որ  Հայաստանում «Saur»-ի ծրագրերը կառավարման տեսանկյունից  հաջողված են համարվում: Նա տեղեկացրեց, որ Ֆրանսիայում եւ մի շարք այլ երկրներում  ներդրված կառավարման ժամանակակից  տեխնոլոգիաներն արդեն կիրառություն են ստանում Հայաստանում,  ինչն   էապես բարձրացնելու է կառավարման արդյունավետությունը:

Միշել Ֆուրեն վստահեցրեց, որ ընկերությունը նույնպես կարեւորում է  հանրային իրազեկման աշխատանքները եւ հավաստիացրեց, որ առավել մեծ ուշադրություն կհատկացվի այդ ուղղությանը: Նա  նաեւ պատրաստակամություն  հայտնեց ոլորտի կառավարման  ռազմավարական մոտեցումների  մշակման հարցում համագործակցել կառավարության հետ եւ անհրաժեշտ  փորձագիտական  աջակցություն ցուցաբերել:

Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter